Ով ապօրինի «պադավատ» ունենա, ով պատասխան տա

Ով ապօրինի «պադավատ» ունենա, ով պատասխան տա

Հատուկ քննչական ծառայությունը գերգաղտնիության պայմաններում քննում է ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներին վերաբերող քրեական գործը։ Այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով», եւ 314 հոդվածի հատկանիշներով՝ «Պաշտոնեական կեղծիք»։ Սակայն ով ինչ լիազորություն է չարաշահել, ինչպես է օգտագործել պաշտոնեական դիրքը եւ դրանով ինչ վնաս է հասցրել պետությանը, մեր հարցադրումներին ՀՔԾ-ից հրաժարվում են պատասխանել։ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հրապարակին» ի պատասխան ընդամենը հաստատեց, որ այս հոդվածներով մեղադրանք է առաջադրված։ «Նման գործ կա ՀՔԾ վարույթում։ Այն նախաքննության փուլում է։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում»։

Կարող է թվալ, թե շատ լուրջ հանցակազմի մասին է խոսքը, եւ մտավախություն կա խոշոր ձկների վնասելու։ Իրականում խոսքը ծառայողական ավտոմեքենան ծառայության հետ կապ չունեցող նպատակներով օգտագործելու մասին է։ Դեպքն առնչվում է Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի եղբորը՝ Գրիգոր Նիկողոսյանին։

Գրիգոր Նիկողոսյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) հին աշխատակիցներից է, տարբեր պաշտոններ է զբաղեցրել «վեցում»։ 2015 թվականին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան հանեց կադրային ռեզերվից, նշանակեց 6-րդ վարչության պետի տեղակալ եւ կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։ Այս պաշտոնը նա զբաղեցրեց արդեն երկրորդ անգամ։ Այժմ, սակայն, Նիկողոսյանը բաժնի պետ չէ, ազատվել է համակարգից։

Տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնից։ Չի բացառվում, որ Նիկողոսյանի հեռացումն ուղիղ կապ ունի պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործի հետ։ Մեզ հաջողվեց պարզել, որ հենց Գրիգոր Նիկողոսյանը ծառայողական ավտոմեքենա ու վարորդներ է պահանջել ոստիկանության Արարատի մարզային վարչությունից։ Նրան սպասարկել է Արարատի պարեկապահակային ծառայության վարորդը։ Արարատի մարզային վարչության ՊՊԾ նախկին ղեկավար Ազատ Բաբայանը տեղյակ է եղել այս մասին։ Հետագայում Ազատ Բաբայանն ազատվել է Արարատի ՊՊԾ պետի պաշտոնից, եւ նրա փոխարեն այս պաշտոնը զբաղեցրել է Արտակ Սուքիասյանը։ Վերջինս նույնպես իմացել է, որ ՊՊԾ ավտոմեքենան սպասարկում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժիններից մեկի պետ Գրիգոր Նիկողոսյանին, սակայն շարունակել է աչք փակել այս հանգամանքի վրա, ինչպեսեւ՝ նախկին պետը։ Արարատի պարեկային ծառայության պետերը թաքցրել են, որ ապօրինաբար մեքենա է տրամադրվել «վեցի» պաշտոնյային, եւ այժմ երկու նախկին  պետերով պատասխան են տալիս դրա համար։ Նրանք երկուսն էլ մեղադրյալ են դատախազի եղբոր «պադավատի» գործով։

Կա նաեւ երրորդ մեղադրյալը՝ Հրանտ Հարությունյան, եւ չի բացառվում, որ նաեւ նոր մեղադրյալներ ներգրավվեն։ Արարատում լուրեր են պտտվում, թե ոստիկանության նախկին ղեկավար աշխատողներից մեկին՝ Սամվել Ատոմյանին նույնպես կկանչեն։ Նա, ինչպես հայտնի է, պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանի հայրն է։

Այս տեղեկությունը ՀՔԾ-ն չի հաստատում։ Ծառայությունից ընդամենը ավելացրին, որ գործով ներգրավված է երեք մեղադրյալ։ Բայց զավեշտն այն է, որ ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանի եղբայրը՝ Գրիգոր Նիկողոսյանը, որը երկար ժամանակ օգտագործել է այդ չարաբաստիկ ավտոմեքենան, եւ ի շահ որի ՊՊԾ նախկին պետերը կեղծիք են կատարել, մեղադրյալների թվում չկա։ Ի դեպ, Արմեն Նիկողոսյանին ժամանակին Գեւորգ Կոստանյանն ազատել էր աշխատանքից, իսկ Արթուր Դավթյանը վերականգնել է։