Երկու տարի ժամանակ ձգելու իմաստը
Հայաստանի իշխանություններն իսկապե՞ս ուզում են նոր ատոմային էլեկտրակայան կառուցել, թե՞ ուզում են այս թեմայով քննարկումների միջոցով ժամանակ ձգել, մինչեւ որ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը լրանա: Երբ օգոստոսի 1-ին կառավարությունը որոշում կայացրեց ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» անունով փակ բաժնետիրական ընկերություն, որի խնդիրը պետք է լինի նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ եղած բոլոր առաջարկների ուսումնասիրությունը եւ, ի վերջո, նոր ատոմակայան կառուցելու հարցում գործընկեր պետության կամ կազմակերպության ընտրությունը, պարզ էր` կառավարությունն ընդամենը փորձում է ժամանակ ձգել՝ դրան պաշտոնական հիմնավորում տալով: Այս ընկերությանը նման ընտրություն կատարելու համար տրված է երկու տարի ժամանակ: Թե ինչու այդքան մեծ ժամանակ, ինչ պետք է անի այս ընկերությունը երկու տարի շարունակ, անհասկանալի է: Մանավանդ որ Հայաստանում նոր ատոմակայան կառուցող երկրի կամ կազմակերպության ընտրության հարցն ավելի շատ քաղաքական է, քան՝ տեխնոլոգիական: Ընտրությունն էլ շատ մեծ չէ. պետք է որոշել՝ ատոմակայանը կառուցելու է Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները, եւ այդ ընտրությունն էլ Հայաստանը, առավել եւս՝ այդ կառույցը չէ, որ պետք է կատարի:
Հայաստանի գործող ատոմակայանի շահագործման ժամկետն առանց այն էլ խիստ սահմանափակ է`12 տարուց էլ պակաս ժամանակ: Եթե դրանից էլ հանենք այն 2 տարին, որը կառավարությունը տալիս է իր իսկ կողմից ստեղծված ՓԲԸ-ին՝ ուսումնասիրություն անելու եւ եզրակացություն ներկայացնելու համար, ապա ստացվում է, որ նոր ատոմակայան կառուցելու համար պետք է տեղավորվել 10 տարվա մեջ, իսկ փորձը ցույց է տալիս, որ ատոմակայանները կառուցվում են անհամեմատ ավելի մեծ ժամկետում: Հիմա Հայաստանի կառավարությունը դիմել է նաեւ ԱՄՆ-ին՝ ստորագրելու, այսպես կոչված, թիվ 1-2-3 համաձայնագիրը, որը հայկական կողմին թույլ կտա հասանելիություն ստանալ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին: Այդ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանը չպետք է ինքնուրույն զբաղվի ուրանի հարստացմամբ, չպետք է ամերիկյան կողմից ստացված տեխնոլոգիաներն օգտագործի միջուկային զենք ստեղծելու համար, դրանք չպետք է փոխանցի երրորդ երկրներին: Ամերիկյան կողմն էլ պետք է ուսումնասիրի եւ հավաստիանա, որ Հայաստանն ունի բավարար փորձ եւ կադրեր՝ այդ տեխնոլոգիաներն անվտանգ օգտագործելու համար:
Պարզ է, որ այս ընթացակարգերը ձեւականություն են, եւ մինչեւ ամերիկյան կողմին դիմելը եղել է պայմանավորվածություն, որ ԱՄՆ-ն Հայաստանին թույլ կտա լինել հետխորհրդային տարածքում չորրորդ երկիրը, որը կստորագրի այդ 1-2-3 համաձայնագիրը: Հայաստանից բացի, այն ստորագրել են նաեւ Ղազախստանը, Ուկրաինան եւ Ռուսաստանը, վերջինս` որոշ վերապահումներով: Այդ համաձայնագրի ստորագրումը Հայաստանում կներկայացվի որպես մեծագույն ձեռքբերում, որն իբրեւ թե Հայաստանին թույլ կտա հասանելիություն ստանալ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, կառուցելու ամենաժամանակակից եւ նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ատոմակայան: Մինչդեռ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ համաձայնագրին միացած բազմաթիվ երկրներ այդպես էլ ամերիկյան տեխնոլոգիաներով ատոմակայան չեն կառուցում եւ շատ հաճախ նախապատվությունը տալիս են այլ երկրների եւ ընկերությունների: Օրինակ, Հնդկաստանը 2009 թվականին միացել է 1-2-3 համաձայնագրին, միանալու պահին ենթադրվում էր, որ Հնդկաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիաներով կկառուցվի 100 միջուկային ռեակտոր, բայց 15 տարի անց չի կառուցվել, եւ ոչ մեկը նույնիսկ շինարարական աշխատանքները չեն սկսել: Ինչպես հայտնի է, Ամերիկայի դաշնակից երկրներն անգամ հրաժարվում են միջուկային էներգետիկայի ոլորտում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունից: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ Հունգարիան ատոմակայան են կառուցում Ռուսաստանի` «Ռոսատոմի» հետ, Չեխիան վերջերս հայտարարեց, որ հրաժարվել է ամերիկյան ընկերությունների օգնությամբ ատոմակայան կառուցելու գաղափարից եւ ընտրությունը կատարելու է Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի միջեւ:
Բայց Հայաստանը ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ անգամ Չեխիայի չափ ինքնուրույնություն չունի, որ կարողանա մերժել ամերիկացիներին, նրանք արդեն ասել են, որ Հայաստանը չպետք է Ռուսաստանի աջակցությամբ ատոմակայան կառուցի, եւ, ուրեմն, այդպես էլ պետք է լինի: Այդ դեպքում ինչի՞ համար է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» անունով փակ բաժնետիրական ընկերությունը, եթե, ի վերջո, որոշումը պետք է կայացնի ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի համապատասխան պաշտոնյան: Հնարավոր է երկու տարբերակ. ամերիկացիներն այս պահին չունեն փոքր, այսպես կոչված, մոդուլային ռեակտորի պատրաստի նախագիծ, որը կառաջարկեն Հայաստանին կամ այլ երկրների: Ենթադրվում է, որ նման ռեակտոր կարող է ստեղծվել առաջիկա երեք տարիների ընթացքում, եթե, իհարկե, ամեն ինչ նորմալ ընթանա: Հայաստանը պետք է ժամանակ ձգի, մինչեւ ամերիկացիները տեսնեն` իրենց մոտ ինչ-որ բան ստացվո՞ւմ է, թե՞ ոչ: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ՀՀ իշխանությունները նման կառույց ստեղծելով՝ ուղղակի երկու տարի ժամանակ ձգելու խնդիր են լուծում, այն հույսով, որ երկու տարում աշխարհաքաղաքական վերադասավորումները կվերջանան, եւ պարզ կլինի` Հայաստանը մնում է ամերիկյա՞ն ազդեցության տարածք, թե՞, այնուամենայնիվ, ամերիկացիներն այն նորից փոխանցում են Ռուսաստանին: Դրա արդյունքում էլ կորոշվի, թե նոր ատոմակայանն ով կկառուցի կամ կկառուցվի՞, թե՞ ոչ:
Ահա թե ինչ է լինում այն երկրների կամ տարածքների հետ, որոնք ամբողջովին զրկված են ինքնիշխանությունից, նույնիսկ սահմանափակ ինքնիշխանություն չունեն՝ նման հարցերում որոշում կայացնելու համար, ինչպիսին, օրինակ, ունեն Չեխիան կամ Հունգարիան:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ