Կամ նոր նշանակում կլինի, կամ մրցույթ կհայտարարվի 

Կամ նոր նշանակում կլինի, կամ մրցույթ կհայտարարվի 

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցչական կոլեկտիվն անցած հինգշաբթի օրվանից դասադուլ են իրականացնում։ Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Նույն պահանջով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Ըստ ծնողների եւ ուսուցչական անձնակազմի՝ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։ Ծնողների խոսքով՝ 10 տարի պաշտոնավարող տնօրենին առանց հիմքերի են ազատել աշխատանքից։ Նա մայիսի 3-ին «փայլուն հանձնել է քննությունն» ու վերանշանակմանն էր սպասում, երբ տեղեկացրել են, որ բանավոր հարցազրույցը չի անցել եւ պետք է լքի պաշտոնը։ 

Ոսուցչական անձնակազմը պահանջում է հրապարակել է հարցազրույց- քննության տեսաձայնագրությունը։ «Արդեն 1000–ից ավել ծնող ստորագրել է, մենք պահանջում ենք, որ ԿԳՄՍ նախարարը բացատրի, թե ինչո՞ւ են դպրոցի տնօրենին հեռացրել աշխատանքից։ Ասում են` ատեստացիան չի անցել, բայց մենք ուզում ենք մեզ ցույց տան այդ ատեստացիայի արդյունքները, որովհետեև մեր տնօրենը խելացի է և բանիմաց, մենք չենք հավատում ուղղակի ասեկոսեներին»,–ասել էր ծնողկոմիտեի նախագահ Ալվինա Հովակիմյանը։ 

Եվ, ահա, ծնողների, ուսուցիչների, աշակերտների համատեղ պայքարը որոշակի արդյունք է տվել՝ հարցին անդրադարձել է ԿԳՄՍ նախարարությունը։ Դպրոցի բակում պայքարող «պուշկինցիներին» ընդունել է ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Հանդիպման վերաբերյալ ԿԳՄՍ-ից մեզ փոխանցում են․ «Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներին՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակը և սահմանված ընթացակարգերը։ Այսօր նախատեսված է բողոքարկման նիստ, որի արդյունքների հիման վրա կկայացվի համապատասխան որոշում․ կամ կկատարվի նոր նշանակում կամ կանցկացվի մրցույթ՝ օրենքով սահմանված կարգով։ Հիշեցնենք, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտին»։