Կայուն զբաղվածություն հնարավոր չէ ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին

Կայուն զբաղվածություն հնարավոր չէ ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին

Ակնհայտ է՝ խորանում են մեր երկրի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսացող հանքարդյունաբերության հետագա զարգացման հիմնախնդիրները:
Կարծում եմ կարիք կա նորից հիշեցնելու այս հիմնախնդիրներին վերաբերող մեր տեսակետներն ու մոտեցումները, որոնք շարունակում են մնալ արդիական:

Ընդհանուր առմամբ, այս հիմնախնդիրները կայուն զարգացման տեսանկյունից ձևավորում են հետևյալ խումբ ռիսկերը՝

• շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող բնապահպանական ռիսկեր,
• հանքարդյունաբերության ճյուղի կազմակերկպությունների հետագա տնտեսվարման հնարավորություններից կախված՝ աշխատողների համար աշխատանքը և կայուն եկամուտը կորցնելու ռիսկեր:

Այս երկու խումբ ռիսկերն ունեն և՛ տնտեսական, և՛ սոցիալական առարկայական բնույթ: Դրանք վերաբերում են հանքարդյունաբերական տարածաշրջանների բնակիչներին և տնտեսական այլ գործունեություն իրականացնողներին, այդ ձեռնարկությունների սեփականատերերին ու ներդրողներին, աշխատողներին ու նրանց ընտանիքի անդամներին:
Այս ու նմանատիպ բնույթ ունեցող մի շարք այլ ռիսկերն առաջանում են հենց շուկայական կարգավորման ձախողման արդյունքում, երբ պետությունը «ձեռքերը» լվանում ու մի կողմ է քաշվում: Շուկայական գործիքներն ի զորու չեն լուծելու այս հիմնախնդիրները: Դրանք արագորեն ձևափոխվում են իրական մարտահրավերների՝ հանրության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ու խորացման իմաստով: Ցավոք, մեր երկրի օրինակով դրա ականատեսն ենք լինում բազում անգամներ:
Մասնավորապես, միայն բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծումը կարող է առաջ բերել բացասական մի շարք սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ հանքարդյունաբերության ոլորտում տնտեսկան ակտիվության կրճատում և տնտեսության այլ ոլորտների համար մուլտիպլիկատիվ բացասական արդյունք, ներդրումների արտահոսք, աշխատատեղերի կրճատում, գործազրկության և աղքատության ավելացում և այլն:
Իհարկե, պետք է սկզբունքորեն փաստել՝ բնապահպանական առումով ընդունելի վիճակն ապահովում է երկրի կայուն զարգացման համար անհրաժեշտ հիմք՝ ստեղծելով ինչպես ներկա սերունդների միջև համերաշխության մթնոլորտ, այնպես էլ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ։

Սակայն կայուն զարգացումը զուտ բնապահպանական արդյունք չէ: Մեր երկրի տնտեսության զարգացման համար առարկայական սկզբունք պետք է լինի նաև սոցիալական ներառականությունն ու արդարությունը: Պետությունը պետք է անհրաժեշտ մասնակցություն և դրական դեր ունենա սեփականության իրավունքը արդյունավետ պաշտպանելու, ներդրումներ ներգրավելու և առաջանցիկ տնտեսական աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն եկամտաստեղծ զբաղվածություն ապահովելու գործընթացներում:Այս տեսանկյունից հանքարդյունաբերության ոլորտը պետք է ենթարկվի պետական համալիր կարգավորման: Միաժամանակ, պետությունը պետք է վերականգնի իր մասնակցությունը և հստակ թիրախավորի օգտագործված ռեսուրսների վերականգնումն ու շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքների հնարավորինս նվազեցումը: Ոլորտում կարճաժամկետ տնտեսական հաջողությունների հասնելու մոլուցքը չպետք է ձևավորի անարդյունավետ տնտեսական կառուցվածք՝ անտեսելով երկրի համեմատական առավելություններն ու զարգացման երկարաժամկետ իրական ներուժը, չստիպի անխնա շահագործել բնական պաշարները:
Ցավոք, ներկայումս Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները և դրա կառուցվածքը հակառակ միտումներն են արձանագրում:

Մյուս կողմից՝ սոցիալական պետությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի աշխատանքային տարիքի աշխատունակ քաղաքացիներին՝ նրանց կայուն զբաղվածության լիարժեք ապահովման նպատակով, չթողնի աշխատաշուկայի «քմահաճույքին»՝ գործազուրկին կամ երկարատև սպասումից հետո աշխատանք գտած ու այն կորցնելու ռիսկ ունեցող աշխատողին:
Ցավոք, այս նպատակին ուղղված զբաղվածության պետական աջակցության ծրագրերը ևս լիարժեք չեն ծառայում իրենց նպատակին: Ավելին՝ դրանք աննախադեպ թերակատարվել են 2018-2019 թվականներին, համապատասխանաբար՝ շուրջ 70 և 50 տոկոսներով:

Հավաքական այս լուծումների հավասարակշռված գործադրումը հնարավորություն կստեղծի խուսափել այլևս իրողություն դարձած «աշխատանք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքից, իսկ առաջանալու դեպքում՝ այն լուծել «և՛ աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքի ներքո:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող