Միակ ախտորոշումը

Միակ ախտորոշումը

Երեկ ֆեյսբուքում Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հոդվածից մի կտոր էի տեղադրել: Ուզում էի իմացնել, որ եղել է այնպես, երբ 1915-ի մահտարաժամի թվին լուրջ մարդիկ փորձել են ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիրը բարձրաձայնել, նրանց անվանել են «ապազգային»: Ի՞նչ անվտանգության հարց, եթե Կովկասի փոխարքան էր անձամբ խոստացել (որտե՞ղ, ու՞մ՝ ոչ ոքի հետաքրքիր չէր), որ պատերազմից հետո ստեղծվելու է անկախ Թուրքահայաստան: (88-ի Շարժման առաջին օրերին նույն ոգեւորությունը չէ՞ր, ասում էին՝ Գորբաչովը գաղտնի ընդունել է Վազգեն Վեհափառին եւ երկաթե խոստում տվել, որ ԼՂԻՄ-ը կմիավորի ՀԽՍՀ-ին): Իրականությունը 195-16-17 թվականներին հաստատեց, որ երկիր եւ պետություն ունենալու համար նախ պետք է ապահովվի նրա ժողովրդի ֆիզիկական գոյությունը:  «Չկա մարդ, չկա խնդիր»: Վերացական հայրենիք չի լինում: Ի՞նչ ջանքերի գնով հաջողվեց 1991-ի ամռանը կանխել արցախահայության գլխովի բռնատեղհանման ծրագիրը՝ մանրամասնությունները կուսումնասիրեն եւ կհրապարակայանացնեն պատմաբանները:

Քաղաքական ապահովումը, մինչդեռ, օրվա լույսի պես պարզ է՝ անկախության ուղին ոտք դրած Հայաստանը համաքայլ էր Ռուսաստանի դեմոկրատական ուժերի, մերձբալթյան ժողովուրդների, վրացական ազգային շարժման հետ: Այդ ընդհանուր-հակաիմպերիական հզոր շարժումն է կաշկանդել Մոսկվայի եւ Բաքվի ձեռքերը: Հակառակ պարագայում, Հրանտ Մաթեւոսյանի խոսքերով՝ մեր «մի քանի տղայի բանակն անզոր պատեպատ» կընկներ եւ կլիներ՝ ինչպես 1915թ. Արեւմտյան Հայաստանում: Խնդիր է՝ մենք կարողանու՞մ ենք գնահատել ընդամենը երեսնամյա հեռավորության անցյալը: Մեր հայացքը զորու՞մ է՝ ըմբռնելու իրադարձությունների տրամաբանական շղթան, քաղաքական էպոխաների հերթափոխությունը:

Պարզ ասած՝ ելցինյան եւ պուտինյան ռուսաստանների քաղաքակրթական տարբերությունը: Ադրբեջանում մինչ օրս քննարկվում է Ելցինի օրոք Հայաստանին մեկ միլիարդ դոլարի սպառազինություն նվիրելու թեման:  Մեր բանակն այդպես է տարածաշրջանում ռազմա-քաղաքական հավասարակշռություն հաստատել: Հերոսությունը՝ հերոսություն, բայց տանկերի դեմ մերկ ձեռքերով չես կռվի: Իսկ մենք հավաքական գիտակցությամբ, դարձյալ Հրանտ Մաթեւոսյանի օգնությանը պիտի դիմեմ, քանի որ մենք ազգային Քիսինջեր, Բժեզինսկի չունենք՝ «մնացել ենք Սասունի լեռներում»: Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է դիվանագիտորեն եւ նյութապես ապահովել պատերազմող աշխարհազորի թիմունքը՝ ոչ ոքի հետաքրքիր չէ: Արտաքին քաղաքական ի՞նչ ջանք է թափվել, որ միջազգային հանրությունը Լաչինի միջանցքի բացումը չգնահատի «օկուպացիա»՝ ոչ մեկին չի հուզում: Մինչդեռ դա  դիվանագիտական հիմնարար ձեռքբերում է՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է կազմեն  ֆիզիկական ամբողջություն: Ինչ անուն ուզում ես՝ տուր, էությունը չի փոխվում:  Ոչ մի որոշում օդից չի ընկնում, գոյանում է տքնաջան աշխատանքով: Հաջողության գրավականը պետական ավանդույթների հաջորդայնության պահպանումն է: Մի բան, որ մեզանում խզվեց 1998-ի իշխանուփոխությամբ եւ դեռ ցավալիորեն տեւում է, խորանում: Մի փոքր էլ՝  բոլորով դառնալու ենք «Սարոյան եղբայրներ»:

Ախտորոշումը մեկն է՝ մենք հիվանդ ժողովուրդ ենք: Մեզ համար ոչ միայն կորանավիրուսը, այլեւ թուրքն է ում շունը: Իսկ երբ երկրի առաջին նախագահն իրավիճակը պատերազմական է գնահատում, փոխանակ հասկանալու տողատակը, ֆեյսբուքյան ստատուսագիրների մի բանակ զորակոչում են նրա դեմ: Մինչդեռ պետք է հրամայաբար լրջանալ, որովհետեւ նրա ասածը ես այսպես եմ հասկանում. «Սա դեռ համավարակն է, իսկ եթե վաղը տոտալ պատերազմ սկսվի՞»: Ահա, չենք ընդունում «փուլայինը»: Չգիտենք՝ ո՞րն է «փաթեթայինը» եւ ինչպե՞ս հասնել դրա իրացմանը, իսկ պատերազմը հասունանում է: Քսաներկու տարում կարողացել ենք այն անել, որ Երեւանը դարձրել ենք առաջնագիծ: (Կեցցե՜ն «ազգային ուժերը»): Այդպես եղել է հարյուր երկու տարի առաջ: Երեւի մի նոր «Սարդարապատ» ( Սադարակ) է պետք: Հետո, ինչպես ռուսներն են ասում՝ կգա բարինը եւ մեզ կհաշտեցնի սեփական ճակատագրի հետ: Որովհետեւ ինքներս դրա համար հասուն չենք եւ հասունանալ չենք ուզում: Պատմության ստերեոտիպով այդպես է: Բայց ի՞նչ երաշխիք, որ դա կաշխատի նաեւ 21-րդ դարում: Ծայրահեղ ծանր հիվանդին պրակտիկայում  անջատում են արհեստական շնչառության ապարատից: