Արցախում նոր վերադասավորումներ են սպասվում գործադիրում եւ քաղաքական դաշտում

Արցախում նոր վերադասավորումներ են սպասվում գործադիրում եւ քաղաքական դաշտում

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում իշխանությանը կից հանրային սեկտոր է ձեւավորվել, որն ավելի շատ պայքարում է ոչ թե թշնամու դեմ, ոչ այնքան Բերձորն ու Աղավնոն հանձնելուց է խոսում, որքան կոռուպցիայից, թալանից: Խոսքը արցախյան ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչներ Արթուր Օսիպյանի, Տիգրան Պետրոսյանի, Քրիստինե Բալայանի եւ այլոց մասին է: Արայիկ Հարությունյանը որոշել է մինչեւ հաջորդ ընտրությունները փոփոխություններ իրականացնել կառավարություն եւ այդ փոփոխություններն արվելու են Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու ճաշակով: Մյուս կողմից՝ եթե մինչեւ տարեվերջ Արցախը նոր Սահմանադրություն է ունենալու եւ հաջորդ տարի արտահերթ ընտրություններ են կայանալու, քաղաքական դաշտն էլ պետք է հստակեցվի՝ հասկացվի․ ով է իշխանություն, ով ընդդիմություն եւ որքանով կպահպանեն իրենց կարգավիճակն ապագայում այսօրվա քաղաքական ուժերը։

Նախօրեին Ստեփանակերտում Օսիպյանի թիմը հերթական հանրահավաքն է արել Ստեփանակերտում եւ պահանջել Ֆինանսների նախարարի, պետնախարարի, արտաքին գործերի նախարարի եւ ոստիկանապետի հրաժարականը: Չգիտես ինչու են ընտրվել հենց այս անձինք։ Ասենք՝ Արցախում կա Ներքին գործերի նախարարություն, որի կազմի մեջ է մտնում ոստիկանությունը։ Պայքարողները պահանջում են ոստիկանապետի, բայց ոչ ՆԳ նախարարի հրաժարականը։ Իսկ ոստիկանապետը Արտեմ Հարությունյանն է՝ Ջալալ Հարությունյանի եղբայրը: Ըստ լուրերին Նիկոլ Փաշինյանը որոշակի խնդիրներ ունի Ջալալ Հարությունյանի հետ, նրան փորձում է իր բռի մեջ պահել։ Գուցե այն պատճառով, որ պատերազմի շրջանում Արցախի ՊԲ հրամանատարը հանկարծ իր դեմ դուրս չգա: Պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ թիրախում հայտնվելու պատճառն ունի: Մեզ պատմեցին, որ Հայաստան համահայկական հիմնադրամի խորհրդի վերջին նիստերից մեկի ժամանակ նա ընդդիմացել է Նիկոլ Փաշինյանին:

Ինչ վերաբերում է Դավիթ Բաբայանին, ապա վերջինս նույնպես ՀՀ իշխանությունների սեւ ցուցակում է։ Գաղտնիք չէ, որ Դավիթ Բաբայանն ընդգծված ռուսամետ է եւ հրապարակային հարցազրույցներում պարբերաբար խոսում է սորոսականների եւ Արեւմուտքի դեմ, բացի դա՝ նա բազմիցս հայտարարել է, որ Արցախի համար գոյություն ունեն կարմիր գծեր, այն է՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինությունը։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ այս խնդիրներով պայմանավորված միջգերատեսչական կապ Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների մեջ գոյություն չունի, իսկ Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարները արդեն մեկ տարուց ավելի է չեն հանդիպել միմյանց, ապա պարզ կդառնա, թե ինչու են Բաբայանի հրաժարականը նույնպես այս պահին պահանջում: 

Ասում են՝ Արայիկ Հարությունյանը այս պայքարն արտաքուստ չի խրախուսում, որովհետեւ եւ Արտակ Բեգլարյանը, եւ Դավիթ Բաբայանը իր կադրերն են, պատերազմից հետո հավատարիմ են մնացել է նախագահին, չեն լքել եւ հավասարապես կրել են պատերազմի ու դրա հետեւանքների ծանր բեռը իրենց ուսերին: Ինչ վերաբերում է Ֆինանսների նախարարին, ապա Փաշինյանը համարում է, որ Արցախում փողը պետք է տնօրինի յուրայինը, քանի որ չի վստահում եւ կարծում է, որ Հայաստանից Ղարաբաղ մտնող ֆինանսական միջոցները փոշիացվում են ու թալանվում: Սակայն սրան զուգահեռ նաեւ Փաշինյանը չի ուզում, որ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ Արցախի կառավարությունում խիստ մեծ դերակատարում ունեցող, իջեւանցի Հայկ Խանումյանը հրաժարական տան, հեռանան։ Նա գիտակցում է, որ Արցախի կառավարությունում նրանցից ավելի վստահելի մարդկանց ինքը չի կարողանալու գտնել։ Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի դեմ հարուցված քրեական գործն ու չարաշահումների մեղադրանքն անգամ չստիպեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նրանից ազատվեն։ Մանավանդ ռուսները խիստ նեգատիվ վերաբերմունք ունեն սորոսական ծագմամբ, կամ՝ սորոսականների հետ առնչություններ ունեցող պաշտոնյաների նկատմամբ: Բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է առաջիկայում նոր հայկխանումյաններով համալրել Արցախի կառավարությունը:

Ի դեպ, այն, որ այս ՀԿ սեկտորի դերն ու նշանակությունը փորձում են Արցախում մեծացնել, երեւում է նաեւ այլ փաստերից։ Օրինակ, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների ղեկավարության հետ վերջերս հանդիպում կազմակերպվեց եւ դրան ոչ թե ընդդիմադիրները մասնակցեցին, այլ անհայտ ուժերի ներկայացուցիչներ եւ հանրային սեկտորը ներկայացնող անձինք. Արթուր Օսիպյան (Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ), Ղարիբ Բաբայան (Արցախի ռազմավարական ուսումնասիրությունների անկախ կենտրոնի տնօրեն), Տիգրան Պետրոսյան («Վաղվա Արցախ» կուսակցության համահիմնադիր): Ընդ որում, նորաթուխ ընդդիմադիրների հետ ռուս խաղաղպահների հրամանատար Վոլկովն արդեն երկրորդ անգամ է հանդիպում ունեցել՝ առաջինը Փառուխի դեպքերի, երկրորդը՝ Աղավնոյի, Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: