Հաղթողներ, զգուշացեք, ձեր ազատությունը վտանգված է

Հաղթողներ, զգուշացեք, ձեր ազատությունը վտանգված է

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալությունից հետո շատերը միաբերան պնդեցին, որ Ադրբեջանին պարտված Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր որեւէ ոլորտում հաղթել են Ադրբեջանին: Արա Սաղաթելյանը հաղթել է տեղեկատվական-քարոզչական հարթությունում: Սա, սակայն, չխանգարեց, որ Արա Սաղաթելյանը կալանավորվի երկու ամսով: Սա նշանակում է, որ պետական լծակներ ունեցող պարտվածը շարունակում է հետապնդել հաղթողներին: Սա նշանակում է, որ պարտվածի կամոք՝ Արա Սաղաթելյանի ճակատագիրը կարող են կիսել հազարավոր շնորհաշատ հայեր: Մասնավորաբար. 2012 թվականի հուլիսին Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 1/16 եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Իլգար Մուշկիեւին: Հովհաննես Դավթյանի ազատությունն այս պահին վտանգված է: 

Նույն տարվա նոյեմբերին բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության նախնական մարտերում Հայաստանի ներկայացուցիչ Տարոն Սողոմոնյանը հաղթել է ադրբեջանցի Նասրադին Մամադովին: Տարոնի ազատությունն այս պահին վտանգված է: 

2016-ի նոյեմբերին Ռուսաստանում անցկացված բիլիարդի «Ազատ բուրգ» խաղաձեւի աշխարհի առաջնությունում Հայաստանի բիլիարդի բազմակի չեմպիոն Ավետիս Ավետիսյանը հաղթել է ադրբեջանցի Ֆայիգ Վելիեւին: Ավետիս Ավետիսյանի ազատությունն այս պահին վտանգված է:
2019 թվականի օգոստոսին Թբիլիսիում կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 38,5 կգ քաշային բռնցքամարտիկ Դավիթ Սաֆարյանը հաղթել է ադրբեջանցուն:

2020թ․ հունվարին Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացվող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում իր ոլորտում բոլոր հնարավոր ոսկե մեդալները վաստակած, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի Օրխան Նուրիեւին: Արթուրի ազատությունն այս պահին վտանգված է:

Նույն տարվա օգոստոսին Grand Chess Tour-ի ԱՄՆ-ի փուլում՝ Սենթ Լուիսի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովին: Լեւոնի ազատությունն այս պահին վտանգված է:
Վերջին 30 տարում հազարավոր հայեր են հաղթել հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ բոլոր ոլորտներում: Եթե պարտվածը որոշի ազատազրկել բոլոր հաղթողներին, Հայաստանում ազատ կմնան միայն «Իմ քայլում» հավաքվածները: Մարդիկ, որ ոչ մի ոլորտում հաղթանակ չեն տարել: Մի լավ խոսք կա. աշխարհում շահում են հիմարները. նրանք չեն զգում հաղթանակի բերկրանքը, բայց զուրկ են նաեւ պարտության դառնությունը զգալու ունակությունից:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ