Ուշացած՝ զայրացել են, ուշացած՝ քննարկում կազմակերպել, ուշացած՝ հայտարարություն ընդունել
Մեկ ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանը ներկայացրեց Կասկադ համալիրի արդիականացման 2 նախագծային փաթեթ, որոնք հանրային քվեարկության դրվեցին «Ակտիվ քաղաքացի» հարթակում։ Քվեարկությունն օրեր առաջ ավարտվել է, «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի օգտին քվեարկել է 1128 հոգի, իսկ «Կասկադ այգիներ»-ի օգտին՝ 902-ը։ Երկու նախագծի մեջ էլ ներառված են սրճարաններ, ռեստորաններ, արվեստի, երաժշտության եւ կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ եւ շատ այլ հանրային տարածքներ։ Ի դեպ, նախագծերից մեկի հեղինակը՝ ֆրանսիական, մյուսը՝ ամերիկյան ճարտարապետական ընկերություն է։
Հատկանշական է, որ գործող ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, լինելով Կասկադի համահեղինակներից մեկը, դուրս է մղվել այս գործընթացից եւ հայտնվել դիտորդի կարգավիճակում, ավելին՝ իրեն ո՛չ դիմել են, ո՛չ տեղեկացրել, որ նման բան են անում։
Ինչպես տեղեկացանք, նախօրեին Ճարտարապետների պալատը հանդիպում-քննարկում է կազմակերպել Կասկադ համալիրի առնչությամբ, որին ներկա է եղել նաեւ Ասլան Մխիթարյանը։
Մեր հարցին, թե ուշացած չէ՞ր այդ հանդիպումը, երբ մեկ ամսից ավելի է՝ քաղաքապետարանը ներկայացրել է Կասկադի արդիականացման 2 նախագիծը, եւ «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկությունն էլ վաղուց ավարտվել է, հեղինակ-ճարտարապետն ասաց․ «Իմ կարծիքով՝ ուշացած էր, բայց բանն այն է, որ Ճարտարապետների պալատն էլ, վարչությունն էլ, ճարտարապետների մեծ մասն էլ դեմ են նման մոտեցմանը, որովհետեւ հեղինակն անպայման պետք է տեղյակ լիներ, եւ այն, ինչն արվում էր, հեղինակն էլ մասնակցեր դրան։ Հիմա այսպիսի մի բովանդակությամբ նամակ է պատրաստվում, որպեսզի ուղարկվի քաղաքապետարան, բայց դեռ չի ուղարկվել»։ Մխիթարյանն ընդգծում է, որ նամակում հիմնական շեշտադրումն արված է նրա վրա, թե ինչու հեղինակը տեղյակ չի եղել այս ծրագրի մասին։
Ինքը չի՞ առաջարկել կամ պնդել, որ իր նախագիծն էլ, մյուս 2 նախագծերի հետ, դրվեին հանրային քննարկման։ «Այո, հենց դրա մասին է խոսքը, որ ինչու չեն ներառել, դա էթիկայի խախտում է, որովհետեւ այնտեղ ճարտարապետներ են գործել եւ գոնե այդ ճարտարապետները կարող էին հուշել քաղաքապետին, որ նման մոտեցումն անթույլատրելի է, ինչպես որ անթույլատրելի է համալիրի հոգեւոր տարածքները, գեղարվեստական ցուցասրահները, որ պետք է դառնային միջնադարյան ճարտարապետության թանգարան, ուզում են վերածել կոմերցիոն տարածքների՝ ռեստորան եւ այլն, դրանով աղավաղելով շինության նպատակը», -ասում է ճարտարապետն ու նկատում, որ ժողովի ընթացքում «պալատականները» զերծ են մնացել քաղաքապետարանի կողմից ներկայացված 2 նախագիծը քննարկելուց։ Իսկ ինքն իր հեղինակային նախագիծը ֆեյսբուքյան իր էջով է հանրային քննարկման դրել․ «Ընդ որում՝ բավականին ջերմ ընդունվեց քաղաքացիների կողմից այդ նախագիծը, որը մենք արել էինք Ջիմ Թորոսյանի եւ Սարգիս Գուրզադյանի հետ»։
Ա․ Մխիթարյանն ասում է՝ քաղաքապետին հասցեագրված նամակը ոչ միայն գնահատական է տալիս, այլեւ՝ արձանագրում, որ կատարվել է էթիկայի խախտում, եւ պետք է հենց հեղինակը շարունակի Կասկադն ամբողջացնելու նախագիծը՝ բոլոր 3 հեղինակ-ճարտարապետների կողմից հաստատված նախագծով։ Իսկ թե ինչպես է գնահատում Ճարտարապետների պալատում կազմակերպված քննարկումը, պատասխանում է կարճ՝ ուշացած, ու դրանով եզրափակում խոսքը։
Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանը եւս ներկա է եղել պալատում կազմակերպված հանդիպում-քննարկմանը։ Մեզ հետ զրույցում Մինասյանը նշեց, որ իրենք միայն հայտարարություն են ընդունել, իսկ որոշումները կայացվում են քաղաքապետարանում․ «Մեր հավաքի հիմնական նպատակն այն էր, որ մենք, նախ, ճարտարապետների հեղինակային իրավունքը պաշտպանենք, որովհետեւ համալիրը շատ արդիական կառույց է եւ ընդունված է թե՛ ժողովրդի, թե՛ պետության կողմից, եւ նրա հեղինակների խումբը՝ Թորոսյան, Գուրզադյան եւ Մխիթարյան, արդեն ամեն ինչ ասում է։ Նրանք 72թ․-ից աշխատել են այդ կառույցի վրա, բազմաթիվ փոփոխություններից հետո կարողացել են պահպանել, ու հիմա մենք Կասկադն ունենք այնպիսին, ինչպիսին որ կա։ Եվ մեր հիմնական նպատակն այն էր, որ Կասկադի շարունակությունն անի հենց հեղինակը՝ Ասլան Մխիթարյանը, որն այդքան ջանք է թափել, եւ որի նախագիծն ընդունված է հասարակության կողմից, ինչն ամենակարեւոր հանգամանքն է»։ Դրա համար հայտարարություն է ընդունվել, որը, քաղաքապետին հասցեագրելուց բացի, գուցե ուղղվի նաեւ վարչապետին, ինչը դեռ պետք է քննարկեն։
Մ․ Մինասյանը չի կարծում, թե իրենց կազմակերպած հավաքն ուշացած էր, իսկ ինչ վերաբերում է նախագծերը հանրության դատին ներկայացնելուն, ապա․ «Հասարակության քննարկումը, շատ կներեք, գռեհկացնելու մի փորձ է, որովհետեւ ճարտարապետական նախագիծը, այն էլ՝ նոր նախագիծը, հասարակությունը չի իմանում, թե դա ինչ բան է, երբ մասնագիտական խումբը կտա այս կամ այն նախագծի համար իր մասնագիտական դիտարկումները, որոշակի առավելությունները, նոր հասարակությունը կարող է իր կողմ եւ դեմ կարծիքներն արտահայտել նախագծերի շուրջ։ Հետո՝ ովքե՞ր են քննարկում եւ քվեարկում… կարող է այնպիսի մի նախագիծ ընտրեն․․․, այդպիսի բան չկա աշխարհում․․․ կարող է հանրությունն ասի՝ թող շատ կանաչ լինի, ինչն ընդունելի բան է, բայց նախագիծն ավարտելու, դրա բարդ օրգանիզմը, պատմությունն իմանալու մանրամասներին հասարակությունը տեղյակ չէ, իսկ համալիրը շատ խիստ ազգային նկարագիր ունի, եւ այդ բոլորն ընդգծված է այդ ամբողջ օրգանիզմում։ Հիմա մենք «մարմինը» սարքել ենք, բայց ամենակարեւոր տեղն ուզում ենք կպցնել ուրիշին, որն ինչքան էլ գեղեցիկ լինի, արդարացված չէ։ Ի վերջո, կա հեղինակային իրավունքի հարց, որը պետք է պաշտպանել»։ Մինասյանն ընդգծում է, որ հանրության դատին ներկայացնելու փաստն այնքան էլ մեծ նշանակություն չունի, ավելին՝ դեմ է բոլոր ընդունված օրենքներին ու սկզբունքներին։
Կարծիքներ