Անկարգություններ, Մակրոնի խրտվիլակ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Անկարգություններ, Մակրոնի խրտվիլակ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Չվերթների չեղարկում, մետրոյի և երկաթուղու աշխատանքի ընդհատումներ։ Այս ամենը Ֆրանսիայում սկիզբ առած զանգվածային անկարգությունների ֆոնին. երեկոյան և գիշերը կրկին բախումներ են տեղի ունեցել, փողոցներում հրդեհներ, աղբի «լեռներ» և բարիկադներ։ Իսկ Նիսում Էմանուել Մակրոնին պատկերող խրտվիլակը տեղադրվել է ռելսերի վրա, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Ֆրանսիայի նախագահը հեռուստատեսությամբ առաջին հարցազրույցն է տվել կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո՝ ներկայացնելով կառավարության կոշտ ու անզիջում դիրքորոշումը։ Երկրի ամենամեծ արհմիության նախագահը դա անվանել է ծաղր ու արհամարհանք միլիոնավոր քաղաքացիների նկատմամբ։ Իսկ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները Մակրոնին անվանել են պիրոման, որը բորբոքում է բողոքի ակցիաները: «Նա միշտ մտածում է անձնական հարմարավետության, իր իշխանությունն ամրապնդելու և երբեք, երբե՛ք ժողովրդի շահերի մասին։ Նա ասում է, որ հարգում է ցուցարարներին, բայց միաժամանակ վիրավորում է նրանց։ Մենք տեսնում ենք, որ իրականում նրա ներսում կա զայրույթ, որը նա չի կարող զսպել, երբ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր համաձայն չեն իր հետ», - ասել է Ազգային Միավորում կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը: