Կրթությունը կենսակե՞րպ

Կրթությունը կենսակե՞րպ

Կրթության նկատմամբ դրական թե բացասական վերաբերմունքը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից: Ավելի վաղ ժամակաշրջանը չեմ դիտարկում, քանի որ կրթության մասնագետ չեմ ու գնահատական տալ չեմ կարող: Դե իսկ խորհրդայինն անձնական փորձով գիտեմ: Անկախացման եւ կապիտալի նախնական կուտակման փուլում դրականը նվազեց, եւ ընդհանրապես նվազեց կրթության դերը: Դա դրսեւորվեց պատանեկան «հերոսների եւ հակահերոսների» կերպարներում եւ թե՛ դրանով պայմանավորված՝ ոսումնական գործընթացում:

Ուսումնական գործընթացն էլ աղճատվեց թե՛ հանրակրթության եւ թե՛ բուհական համակարգերում: Դպրոցը դարձավ ընդամենը գնահատականի համար կռվի ասպարեզ, իսկ բուհում գիտելիք ստանալը՝ անպատվաբեր երեւույթ տղաների համար: Բայց դրա հետ մեկտեղ, դպրոցում պահպանվեց առաջին դասարանցուն առաջին օրը հանդիսավոր դիմավորելու ավանդույթը: Ի դեպ, գեղեցիկ ավանդույթը:

Սեպտեմբերի 1-ը նաեւ պետական տոն է՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, ինչը հերթական առիթն է, որպեսզի գործող իշխանությունը (առաջին հերթին, բնականաբար, վարչապետ կոչված անձը) հիշեցնի իր մասին եւ կարեւորի կրթության դերը: Խնդրեմ՝ «Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը…»: Արձանագրենք՝ կրթությունն ազգային ապրելակերպ դարձնողը երեք ամիս առաջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությանն ընդառաջ, գրագետ եւ կրթված անձանց քամահրանքով էլիտա էր անվանում եւ ձեռառնոցիի օբյեկտ սարքում: Հասկանալի է՝ քարոզարշավի օրերին կիսագրագետ եւ կիսակիրթ (առնվազն) ընտրողների առջեւ նա ներկայանում էր որպես իրենցից մեկը՝ նրանց քվեն ստանալու համար: Հասկանալի է, սակայն անընդունելի եւ ոչ միայն անընդունելի, այլեւ՝ պախարակելի: 

Պախարակելի է, որովհետեւ կրթության դերը պետք է կարեւորել ոչ թե միայն սեպտեմբերի 1-ի տոնական օրը, այլ տարվա մնացած 364 (կամ 365) օրերին ու հատկապես այն օրերին, երբ դու կենդանի շփում ես ունենում ժողովրդի հետ՝ լինի նա ընտրող, թե ընդամենը այս կամ այն բնակավայրի բնակիչ՝ իր հոգսերով ու խնդիրներով:

Կրթության դերը պետք է կարեւորել ոչ թե ռազմավարական ինչ-որ փաստաթղթում, որը կարող է կյանքի կոչվել, սակայն կարող է եւ չկոչվել, այլ կրթօջախների եւ դրանց սաների ու  աշխատակիցների ամենօրյա հոգսերի ու խնդիրների իրական լուծումներով: Դա նշանակում է, որ երեք տարում 120 մլն ԱՄՆ դոլարի պարգեւավճարները պետք է բաժանվեին ոչ թե բարձրաստիճան չինովնիկներին, այլ մանկապարտեզների դաստիարակներին, դպրոցների ուսուցիչներին, բուհերի դասախոսներին:

Ավելի քան կես դար առաջ Գոլդա Մեիր անունով Իսրայելի առաջին (թվով՝ հինգերորդը) վարչապետներից մեկը պետական կյանքում կարեւորել է ուսուցիչներին, բժիշկներին եւ զինվորականներին: Այդ երեք կատեգորիաների ներկայացուցիչներն էլ մեզանում անտարբերության էին մատնված, եւ «Սերժին մերժելը» նաեւ այդ անարդարությունն ուղղելուն էր կոչված: Ինչը մենք չտեսանք, այլ տեսանք ընդամենը պոպուլիստական ելույթներ:

Իսկ կրթությունը մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը եւ երազում է այնպիսի իշխանության մասին, երբ ինքն իրականում կվերածվի կենսակերպի: