Ո՞վ ասաց, որ Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող դաշինք կազմել

Ո՞վ ասաց, որ Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող դաշինք կազմել

Քարոզարշավի թեժ փուլում հայ-ռուսական Լազարեւյան ակումբի հրավիրած նիստից հետո մենք մի քանի հարց ուղղեցինք ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին, ով վարում էր ակումբի հերթական նիստը։

Ռուսական կողմում գիտակցո՞ւմ են, որ միայն հայտարարությունները, որ Հայաստանը չպետք է վարի բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, այլ պետք է կատարի աշխարհաքաղաքական ընտրություն, բավարար չեն, որպեսզի իրականություն դառնան՝ մանավանդ հայ հասարակությունում առկա կասկածների ֆոնին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո Հայաստանի շահերը ոտնահարվել են հանուն ռուս-թուրքական եղբայրության։ Օրինակ՝ Լազարեւյան ակումբի 4-րդ նիստի ներկաներից մեկը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ 97 հազար ականի տեղը նկարագրող Աղդամի ականազերծման քարտեզի վերադարձը ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումն էր, այլ՝ «գործարք», որին նպաստել է ամերիկյան կողմը, եւ զգուշացրեց, որ ռուսաստանյան ԱԳՆ-ում ավելի ուշադիր մոտենան նման բաներին։ Մանավանդ, որ դա ոչ միայն Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության շահերի ոտնահարում է, այլեւ հենց Ռուսաստանի։ Ինչ վերաբերում է ռուսաստանցի քաղաքագետ Տրետյակովի հնչեցրած հայտարարությանը՝ միավեկտոր արտաքին քաղաքականության մասին, ապա Միհրանյանն ասում է․ «Տրետյակովի ասածը շատ պարզ բան էր՝ փոքր երկրները չունեն բազմավեկտոր քաղաքականություն վարելու էդ ռոսկըշը (շռայլությունը՝ Ա․ Դ․)։ Եթե սխալ ընտրություն են անում, պատժվում են»։ Բայց չէ՞ որ տեսանք «բոլոր ձվերը մեկ զամբյուղում» դնելու հետեւանքները, երբ ՀԱՊԿ-ն պատերազմից հետո ՀՀ սահմանների դեմ ոտնձգություններին անգամ չէր արձագանքում։

Անդրանիկ Միհրանյանը կրկնեց, թե Ռուսաստանում պատերազմից հետո չկա մշակված հստակ «ստրատեգիական գիծ», եւ դա խնդիրներ է առաջացնում ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Իսկ նորմա՞լ է, որ ՌԴ-ի նման գերտերությունը պատերազմից 8 ամիս անց չունի նման ռազմավարություն։ Ըստ Միհրանյանի՝ իհարկե ոչ, նորմալ չէ։ Ասաց, որ ինքն է այդ մասին բոլորին ասում։ Նաեւ, որ ռուսական  քաղաքական ղեկավարությունը ձգձգում է այդ շատ բարդ որոշումների ընդունումը։ «Եթե այդ գիծը մշակվի, շատ բաներ իրենց տեղը կընկնեն»,- ասաց Միհրանյանը՝ զգուշացնելով, որ, իհարկե, չի կարող այնպես լինել, որ իրավիճակը լինի «win, win»։

Հիշեցնենք, որ նախօրեին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի «արմատական քննադատությամբ» հանդես էր եկել 2-րդ նախագահի օրոք ԱԱԾ պետ, ներկայումս «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդական Կառլոս Պետրոսյանը՝ ասելով, որ Սերժ Սարգսյանն իր այդ ձայնագրությամբ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը «բյուրեղյա մաքուր» անձնավորություն է։ Կա՞ արդյոք թշնամանք 2-րդ եւ 3-րդ նախագահների միջեւ։ Անդրանիկ Միհրանյանն ասում է․ «Կառլոս Պետրոսյանն ի՞նչ ա հասկանում դրանից, չգիտեմ։ Նա այդ հեղինակությո՞ւնն է, որ պետք է ասի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն կարող իրար հետ դաշինք կազմել։ Նրանք շատ լավ էլ կարող են, որովհետեւ ես նրան էլ, նրան էլ շատ լավ ճանաչում եմ եւ ունեցել եմ զրույցներ երկուսի հետ էլ»։