Նման տեղեկություն ես չեմ իմանում․ Սյունիքի մարզպետ

Նման տեղեկություն ես չեմ իմանում․ Սյունիքի մարզպետ

Գորիսում այս պահին լարված իրավիճակ է։ Գորիսի մեր աղբյուրները հայտնեցին, որ գիշերը լարված է անցել Սյունիքում, ադրբեջանցիները փորձել են նորից առաջ գալ ու բարելավել իրենց դիրքերը Հայաստանի սահմանի հաշվին, ինչին դիմադրել են տեղացիները։

Թշնամուն, սակայն, հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ։ Մեզ պատմեցին, որ զինված ուժերը գրեթե ոչինչ չեն անում այնտեղ, կարելի է ասել՝ անտերություն է, ու էլի ամեն ինչ տեղի բնակիչների ու համայնքապետերի ուսերին է մնացել։

Այս պահին մարտեր են ընթանում Սյունիքի որոշ հատվածներում, տեղեկություն կա, որ հայկական կողմից անգամ վիրավորներ կան։ Մենք տեղեկացանք, որ Լուսակերտի զորամասից այս պահին զորք են տանում Սյունիք՝ օգնության։ 

Կապվեցինք Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ իրավիճակ է հիմա․

«Որտե՞ղ է դա եղել, նման բան չկա, նման բան չի գրանցվել, կրակոցներ չեն եղել»,- ասաց մարզպետը։

Հարցրինք՝ այս պահին Իշխանասար համայնքի ուղղությամբ կրակոցներ չկա՞ն, վիրավորներ չկան՝ «Չէ, զինված ուժերից հարցրեք, մեզ մոտ ոչ մի բան չի գրանցվվել, նման տեղեկություն ես չեմ իմանում»,- պատասխանեց մարզպետը։

Իր հերթին Գորիսի փոխհամայանքապետ Մենուա Հովսեփյանը գրել է.

«Ինչպես և կանխատեսում էինք մեր` Հայերիս թշնամին` թուրքը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու, ի դեպ ասեմ Սև լճի մեծ մասը մեզ է պատկանում նույնիսկ ալիևանիկոլական քարտեզներով.
Սև լճի տարածքում գտնվող արհեստական ջրամբարից է իրականացվում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը, ի դեպ ջրամբարի պլատինան հենց նույն քարտեզներով անցել է թուրքին:
Փոխարեն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ և սուտ հայտարարություններ տարածելուն լավ կլիներ ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացվող խնդիրներին ականջ դնեիք, ամոթի զգացում ունեցեք...»։