Շուշիի փրկված գորգերի ճակատագիրը դեռ անհայտ է, հասցեն` նույնպես

Շուշիի փրկված գորգերի ճակատագիրը դեռ անհայտ է, հասցեն` նույնպես

10 տարվա պատմություն ունեցող Շուշիի գորգերի թանգարանը վերջին 6 ամիսներին ժամանակավոր հանգրվանել է Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Թե ինչ ճակատագիր է սպասվում Շուշիի թանգարանի փրկված գորգերին, չգիտի նույնիսկ թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ պահի դրությամբ դեռ որեւէ կոնկրետ լուծում չկա:

Արցախի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել գորգերի տեղավորման հարցը լուծել Ստեփանակերտում, բայց պայմանով, որ համապատասխան որոշումը 2 տարի հետո կայացնեն: 

Սա, ըստ տնօրենի, ոչ կառուցողական մոտեցում է, քանի որ հասարակական ճնշման տակ պարզապես ուզում են արագ «կրակը հանգցնել», առանց որեւէ երաշխիքների։ «Բայց ի՞նչ կարգավիճակով եմ ես դրանք տանում, դա չեն հստակեցնում: Եթե ձեզ ասեն՝ տվեք ձեր արժեքավոր իրերը պահեմ, 2 տարուց նոր կասեմ, թե ինչ եմ անելու, կտա՞ք։ Իհարկե՝ չեք տա: Թող էլի 2 տարուց որոշումը լինի, բայց միայն պայմանագիր կնքելուց հետո, ոչ թե՝ տանեմ, ու այդ բացառիկ նմուշները մնան օդում կախված: Անգամ համապատասխան շենք էլ չունեն, եւ չգիտեմ՝ որ տանեմ, ի՞նչ շենք են հատկացնելու ինձ»,- ասում է նա ու ընդգծում, որ փրկված գորգերը, որոնք արցախյան հին նմուշներ են, նաեւ պահպանման հատուկ ռեժիմ են պահանջում:

«Արցախի այսօրվա ղեկավարը, որ 10 տարի վարչապետ է եղել (նկատի ունի Արայիկ Հարությունյանին), գոնե մի անգամ չի եկել Շուշիի թանգարան, որը 10 տարի աշխատել է, էլ չեմ ասում, որ պահպանման ծախսերը հոգան։ Ընդհանրապես ոչ մի բան չեն արել 10 տարվա մեջ, ու իրենց ասել եմ` քանի որ ես ձեզ հետ առնչվել եմ, ձեր խոսքն ինձ համար հիմք չի կարող հանդիսանալ, պետք է պայմանագիր կնքվի, դրանից հետո նոր ես դրանք կտեղափոխեմ Ստեփանակերտ»:  

Արցախի ղեկավարը չի գնացել, իսկ, այ, Ադրբեջանի նախագահը` տիկնոջ հետ, օրեր առաջ հենց թանգարանի սրահում բացել էր գորգերի ցուցադրություն, որտեղ ներկայացրել են սովետական տարիներին հայերից թալանած գորգերը, իսկ բուն թանգարանում մնացած գորգերը, ըստ տնօրենի, ադրբեջանական բանակը թալանել է հենց Շուշի մտնելու առաջին օրերին: 

Գորգերի թանգարանը Շուշիում մասնավոր պետական թանգարանի կարգավիճակ է ունեցել եւ աշխատել է Շուշիի արվեստի կենտրոնի հիմնադրամի ներքո:   

Թանգարանի տնօրենը նամակով դիմել է ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի համապատասխան գրություն տրամադրեն, որը հիմք կհանդիսանա փոխհատուցման համար, քանի որ հարյուրից ավելի գորգեր մնացել են թանգարանում, եւ իրենք չեն հասցրել տարհանել։

«Իրենք ինձ պատասխան են գրել, որ քանի որ այդ ամենը ես չեմ գրանցել պետական համակարգում, չեն կարող որեւէ փաստաթուղթ տալ: Բայց գրանցումը ոչ թե իմ, այլ իրենց պարտավորությունն էր։ Հետո՝ շարժական գույքի պարտադիր գրանցման մասին օրենք չկա, եւ երբ ուզեցել եմ գրանցել, նրանք չեն էլ գրանցել: Միեւնույն ժամանակ, իրենք ինձնից ցուցակագրված ուզել են ադրբեջանցիներին անցած մշակութային կորուստները եւ այդ ցուցակը փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բայց հիմա երբ բանը հասել է փոխհատուցման, որն իրենց պարտավորությունն է, ինձ գրում են, որ դուք այդ ամենը չեք գրանցել, բայց շարժական գույքը գրանցման ենթակա չէ: Արդյունքում ի՞նչ է ստացվում․ երբ իրենց դա պետք է, վերցրել ուղարկել են ՅՈՒՆԵՍԿՕ, որ ցույց տան, թե աշխատում են, իսկ երբ պետք է իրենց պարտավորությունները կատարեն` փոխհատուցեն, ակնհայտ բանը ժխտում են, ասելով՝ չեք գրանցել, բայց դա գրանցված էր այդ հիմնադրամի ֆոնդում, որտեղ մեր թանգարանը գործում էր: Այսինքն՝ ոչ միայն իրենք իրենց հակասում են, այլեւ ակնհայտ բանը ժխտում են»,- վրդովված նշում է թանգարանի տնօրենն ու ընդգծում, որ օրենքով գորգերի այս հավաքածուի ձեռքբերման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի կառավարությանը. «Ես իրավունք էլ չունեմ ոչ մի բան Արցախից հանեմ, բայց քանի որ պատերազմ էր, ֆորսմաժոր իրավիճակ, ես տարհանեցի այդ գորգերը, բայց, միեւնույն է, առանց իրենց ես իրավունք չունեմ վաճառել դրանք ուրիշ տեղ, ու իրենք էլ իրավունք չունեն այս ապրանքը ձեռք չբերել, որովհետեւ դա իրենց բացառիկ իրավունքն է»:

Վարդան Ասծատրյանը պատերազմի օրերին հասցրել է փրկել ու տարհանել 160 գորգ, բայց Շուշիում մնացել է 120-ը, 100 հատ խեցեղեն` տարբեր հազարամյակների թվագրվող, միջին դարի 600 նմուշ, քարի դարի մոտ 50 նմուշ, բրոնզի դարի 100-200 նմուշ:   

Հայաստանյան կողմից` լինի դա պաշտոնական գերատեսչություններից, թե մասնավոր սեկտորից, եղե՞լ են առաջարկներ` Երեւանում թանգարանին որեւէ շենք հատկացնելու մասին։ «ԿԳՄՍ նախարարությունից ձեւի համար մի պատասխան են գրել, որ մեզ կարող են տեղ հատկացնել Սարդարապատի թանգարանում, որտեղ անգամ պահպանման տեղ չունեն, իրենց գորգերն էլ կարանտինի ենթակա են, հիվանդություն կա մեջները, ես գնացել նայել եմ: Հազար հարց կա, հետո՝ չեմ ուզում այս թանգարանը միաձուլվի ուրիշ թանգարանի հետ, դա մի քիչ սխալ մոտեցում է: Սարդարապատում տեղ չկա ցուցադրելու, հարյուրավոր գորգերից մի 15-30 գորգ է ընդամենը ցուցադրված, ես էլ իմ գորգերը տանեմ այնտեղ, որ ի՞նչ, որ պահեստո՞ւմ պահեն, ուրեմն մի պահեստում ես ինքս կպահեմ»:  

Թանգարանի տնօրենը նեղսրտած է նաեւ այն փաստից, որ այս 6 ամիսների ընթացքում, որ գորգերը ցուցադրվում են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, ոչ մեկը` թե՛ Արցախի, թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ ԿԳՄՍ նախարարություններից, չի եկել թանգարան. «Դա էլ է շատ բանի մասին խոսում, չեն ուզում, էլի, գլխացավանքի մեջ ընկնեն, որովհետեւ, եթե գան, ստիպված մի բան պիտի անեն»:

Գորգերի հարցը Վարդան Ասծատրյանը նախօրեին բարձրաձայնել է նաեւ ԱԺ-ում, հանդիպել է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ։ Ասում է` խոստացել են հարցը բարձրաձայնել, թե ինչ արդյունք կլինի` ժամանակը ցույց կտա: