Ես դեմ եմ գործադուլին, երեխան ի՞նչ մեղք ունի, որ բարձր տեղերում անասուններ են նստած

Պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ իրեն ազատել են տնօրենի պաշտոնից:
«Վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան: Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց. Երևանի քաղաքապետարանից ստացած Որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում: Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը. Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար: Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու: Առանձնակի շնորհակալությունս հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար: Մենք առաջնորդվեցինք համախոհությամբ և հանուն մեր Պատանի հանդիսատեսի անխզելի բարեկամության նպատակասլացությամբ։ Հույս ունեմ, որ դուք էլ այդ տարիներն արդյունավետ եք համարում, քանի որ դրանց ընթացքում միասին ստեղծեցինք ու բեմ բարձրացրեցինք նոր, ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մնայուն ներկայացումներ: Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով»,- գրել է Էմին Թորոսյանը:
Հավելենք, նաև, որ համացանցում արդեն քանի օր է լուրեր են տարածվել, որ քաղաքապետը Էմին Թորոսյանին հեռացրել է պաշտոնից՝ նրա փոխարեն դերասանուհի Տաթև Հովակիմյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Թորոսյանի այս գրառումից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնում գործադուլ է սկսվել: Թատրոնի երկարամյա դերասանուհի Անահիտ Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին ասում է.
«Ես չեմ հասկանում՝ այս ինչ «սամասուդի» են ենթարկում թատրոններին, ո՞վ է սրանց թույլ տվել երկիրը այսպես քանդել` փուլ առ փուլ: Էս ի՞նչ են անում մեր մշակույթի հետ: Թատրոնում հիմա ահավոր վիճակ է, բոլորս շատ վիրավորված ենք, վրդովված ենք: Քիչ անց ասուլիս տեղի կունենա: Ո՞վ է այդ Տաթևը, ո՞ւմ բարեկամն է, ի՞նչ կապ ունի մեր թատրոնի հետ, այդ ՔՊ-ականը, այդ անամոթը: Ամենուր իրենց ՔՊ-ականներին են խցկում, որովհետև վախենում են, գիտեն, որ իրենց օրերը հաշված են: Սրանք ինչ եկել են իշխանության՝ միայն թատրոններ են քանդում: Դրամատիկական թատրոնը քանդեցին, Գուժ Մանուկյանին հեռացրին աշխատանքից, ամեն ինչ արեցին, որ նա հիվանդանա և նա հիվանդացավ: Կարելի՞ էր նման մարդու հետ այդպես վարվել: Լուսինե Կիրակոսյանին էլ աշխատանքից հեռացրեցին, մի քանի ամիս հետո մահացավ: Այսինքն, սրանք իշխանության են եկել թատրոններ այլանդակելու համար: Անգամ այս անամոթների ձեռքը հասավ Մհեր Մկրտչյան թատրոնին: Մարդկանց ստեղծած թատրոնն էլ յուրացրին, գոնե այդ մարդու հիշատակը հարգեին, ո՞նց չեն ամաչում, գետինը մտնեն սրանք, թատրոնները դարձրին չգիտես թե ինչ: Կամ այ Տաթև, դու ո՞ւմ շունն ես, որ տնօրեն ես դառնում: Սրանց անգրագիտությամբ է այս ամենը պայմանավորված, կյանքում ոչ թատրոն են գնացել, ոչ էլ գիրք են կարդացել: Սրանք գիտե՞ն, որ աշխարհում չորրորդ թատրոնը եղել է հայկական թատրոնը: Ոչ գազ ունենք, ոչ նավթ ունենք, ոչ էլ ծով ունենք, ինչո՞վ են այսպես երևակայում իրենց: Մի՞թե չեն հասկանում, որ հայ ժողովուրդը պետք է իր ուղեղով առաջ շարժվի, հո իզուր չէ, որ այդքան հանճարեղ հայ է ծնվել: Բոլոր դեպքերում ես դեմ եմ գործադուլին, դա երեխաների դեմ է, երեխան ի՞նչ մեղք ունի, որ քաղաքապետարանում, կամ ավելի բարձր տեղերում անասուններ են նստած: Պետք է այս հարցն այլ ձևով լուծել, պետք է դրանց պատժել, բայց գործադուլը սխալ է», - եզրափակեց դերասանուհին:
Կարծիքներ