Խաբել չի հաջողվի. ամեն ինչ աչքի առաջ է

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնական թեզերից մեկը լինելու է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելը: ՔՊ-ն փորձելու է ընտրողներին համոզել, որ եթե իրենք ուզում են, որ Հայաստանի ԵՄ անդամակցության գործը հաջողվի, պետք է ձայն տան ՔՊ-ին, այլապես, եթե իրենք ձայն տան Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժին, նա Հայաստանը կտանի դեպի Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ: Ասելու են՝ ընտրություն կատարեք ոչ թե ՔՊ-ի եւ «Հայաստան» դաշինքի, Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այլ ԵՄ-ի եւ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության միջեւ: Նախորդ օրը Ալեն Սիմոնյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին տրված գնահատականներն այդ նախընտրական քարոզչության շրջանակներում են:
Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ իշխանության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ իրենց քաղաքական ուժի վարկանիշը չափազանց ցածր է, եւ այն բավարար չէ վերարտադրվելու համար: Օրինակ, անցած տարի Gallup International-ը սոցիոլոգիական հարցում էր արել՝ պարզելու, թե որքան է քաղաքական ուժերի վարկանիշը: Ըստ սոցհարցման, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ շաբաթ, ո՞ւմ օգտին կքվեարկեիք հարցին ՔՊ-ի օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել ընդամենը 14,4 տոկոսը, սա՝ այն դեպքում, երբ հարցվածների 30 տոկոսը հրաժարվել էր պատասխանել հարցին: Ենթադրվում է, որ պատասխանել հրաժարվողները ՔՊ ընտրողներ չեն, նրանք վախենում են արտահայտել իրենց դիրքորոշումը՝ հաշվի առնելով երկրում տիրող քաղաքական հալածանքների եւ հետապնդումների մթնոլորտը: Եթե այս 30 տոկոսն էլ ներառենք հարցման մեջ, կստացվի, որ ՔՊ-ի վարկանիշը 10 տոկոսից էլ է ցածր: Իսկ ահա Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն կողմ է արտահայտվել հարցվածների 56 տոկոսը, այս դեպքում չի նշվում, որ հարցվածների ինչ-որ տոկոս հրաժարվել է պատասխանել հարցին, ինչը ցույց է տալիս, որ իշխանությանը չվերաբերող հարցերին մարդիկ պատասխանում են ավելի ազատ եւ անկաշկանդ:
ՔՊ-ի վարկանիշն առնվազն 4-5 անգամ ավելի ցածր է, քան Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարի կողմնակիցներինը: ՔՊ-ում գտել են, թե ինչպես անել, որ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցները դառնան նաեւ իրենցը` իրենք պետք է դիրքավորվեն որպես Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու գաղափարը կրող ուժ, իսկ քաղաքական ընդդիմախոսներին՝ որպես Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մաս դարձնողների:
«Ռոբերտ Քոչարյանը մարդ է, որը Հայաստանում ունի ռուսական լրտեսի կարգավիճակ»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հայտարարության համար փաստեր չունի, դա իր կարծիքն է եւ քաղաքական հայտարարություն։ «Նա ռուսական շահերը հետապնդող եւ միայն այդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է»,- ավելացրել է նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, «Հայաստան» խմբակցության անդամների ելույթները համընկնում են ռուսական շահերի հետ։ Ալեն Սիմոնյանը պատահական չի համարում, որ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի թեկնածությունը սատարում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարում է, թե ինքը Հայաստանը տեսնում է ՌԴ-Բելառուս միութենական պետության կազմում։ Ամեն ինչ իր տեղում է. ՔՊ-ն օրենք է ընդունել ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանի կողմնակից՝ Գյումրու քաղաքապետը հայտարարում է, որ կողմ է Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալուն:
«Հայաստան» դաշինքը պատասխանում է ՔՊ-ական այս քարոզչությանը` հակադարձելով, որ ՔՊ-ն թուրք-ադրբեջանական լրտեսների հավաքատեղի է: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված գնահատականներին, ասել է. «Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքը եւ այս իշխանությունն են թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոն հանդիսանում»։ Օհանյանը չի հերքել, որ իրենք Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների կողմնակից են, իսկ Հայաստանի անվտանգության ապահովումը տեսնում են ՀԱՊԿ շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը եւս առաջ է տարել ՔՊ-ին թուրք-ադրբեջանական գործակալական ցանց հռչակելու գաղափարը։ «Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի եւ թուրքական գործակալի կարգավիճակ ունի, եւ նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար»,- ասել է նա:
Եթե ՔՊ-ն փորձում է ցույց տալ, որ հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ին անդամակցության եւ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության միջեւ, «Հայաստան» դաշինքն էլ հասարակությանն ասում է, որ իրականում ընտրությունը թուրքական տիրապետության եւ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների միջեւ է: Ո՞ւմ կարող է հավատալ հասարակությունը. չնայած ՔՊ-ն օրենք է ընդունել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին, բայց իր գործողություններով ցույց է տալիս, որ Հայաստանը մաս-մաս հանձնում է Ադրբեջանին, Հայաստանը մաս-մաս վերածվում է Ադրբեջանի: Անցած 5 տարիների ընթացքում Հայաստանն ամեն տարի տարածքային զիջումներ է արել Ադրբեջանին, այս տարին կարող է բացառություն չլինել, արդեն խոսակցություններ կան, որ Փաշինյանը հերթական զիջմանն է պատրաստվում Տավուշի մարզում: Ճիշտ է՝ նա դա անում է իբրեւ թե սահմանազատման անվան տակ, բայց անունն ինչ էլ դնես, մարդիկ տեսնում են, որ դրա արդյունքում Հայաստանը դառնում է Ադրբեջան: Մի բան, որ չի եղել նախորդ որեւէ իշխանության օրոք:
Այնպես որ, հաջորդ ընտրությունը լինելու է Հայաստանի ինքնիշխանությունը փրկելու կամ Ադրբեջանին վերջնականապես հանձնվելու միջեւ:
Կարծիքներ