Մի թերագնահատեք «առաջնորդներին»

Մի թերագնահատեք «առաջնորդներին»

Առաջնորդը եւ «առաջնորդը» տարբեր, շատ տարբեր կատեգորիաներ են: Առաջնորդ ծնվում են, իսկ «առաջնորդ»՝ դառնում: Այսքանն արդեն բավական է՝ այդ կատեգորիաների տարբերությունը հասկանալու համար: Ես նույնիսկ մի քիչ չափազանցրի: «Առաջնորդ» չեն էլ դառնում, այլ՝ դարձնում են: Այսօր չենք խոսի առաջնորդի առաքինության, նվիրվածության, խելքի, կարողությունների, սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ սիրո մասին: Սրանք առաջնորդի սովորական, ես կասեի՝ բնական հատկանիշներն են եւ հատուկ են բոլոր իսկական առաջնորդներին: Առաջնորդը հերոս է, պատրաստ է ինքնազոհության հանուն ընդհանուր շահի, հանուն իր պետության ու ժողովրդի: Առաջնորդը հայր է, խիստ, թե բարի՝ դա էլ ինքը գիտի:

Մեր խնդիրն այսօր «առաջնորդն» է կամ բիրդան աղան՝ ինչպես կասեր ժողովուրդը, որ հանգամանքների բերումով հայտնվում է առաջնորդի աթոռին՝ հաճախ չհասկանալով իր հետ կատարված փոփոխությունը: Քաջ Նազարն «առաջնորդի» կատարյալ նախատիպ է: Այս կերպարին հնարավոր չէ որեւէ նոր գույն ավելացնել կամ նրանից գույն պակասեցնել. վախկոտ, խելքը՝ զրո, բախտը՝ կտրուկ, նպաստավոր հանգամանքների պակաս էլ չկա: Նազարները մեկը, երկուսը չեն: Սա թափառող թեմա է եւ հանդիպում է տարբեր ժողովուրդների հեքիաթներում: Իսկ հեքիաթը, ինչպես գիտենք, դատարկ տեղում չի ծնվում: Ասել է թե՝ աշխարհի շատ ժողովուրդներ են «Նազար» ունեցել ու «քաշվել» իրենց Նազարի ձեռից:

Նազարը, բնականաբար, առաջնորդ չէր ծնվել, բայց նա պետք է դառնար «առաջնորդ», ավելին՝ նրան պետք է դարձնեին «առաջնորդ»՝ իր համար աննկատ, իր համար անհասկանալի ձեւով: Կարո՞ղ եք պատկերացնել՝ դուք ծառի վրա եք, վագրն էլ՝ ծառի տակ: Հետո, ճյուղն է կոտրվում, թե ինչ, ընկնում եք ամեհի վագրի վրա, եւ սարսափած կենդանին ձեզ հետ միասին սլանում է անծայրածիր դաշտով: Պատկերացրի՞ք: Դե հիմա էլ պատկերացրեք, որ այդ ամենը տեսնում է միամիտ ժողովուրդը՝ օվացիաներ, ծափեր, ձեզ մի կերպ պոկում են վագրից, թռցնում օդ, ձեռքերի վրա բերում պալատ ու, անկախ ձեր կամքից, դարձնում թագավոր:

Ժամանակակից աշխարհում «առաջնորդ» դառնալու համար պարտադիր չէ, որ «մին զարկես, ջարդես հազար», «վագր քշես», «այնպես փռշտաս, որ երկիր ու երկինք իրար խառնվեն»: Բավական է, որ քո «նազարային» հատկանիշները նկատեն այնտեղ, ուր հարկ է: Եթե դու համապատասխանում ես «առաջնորդի» կերպարին, ապա մի գեղեցիկ օր քեզ մի անծանոթ քեռի կմոտենա եւ կհարցնի՝ ուզո՞ւմ ես «առաջնորդ» դառնալ: Հոգով Նազարն անմիջապես կպատասխանի՝ այո: Իսկ կարո՞ղ ես… Այո, այո: Պայմանը գիտե՞ս… Ի՞նչ պայման. պետք է անես այն, ինչ քեզ կասենք, պետք է հայտարարես այն, ինչ կդնենք քո սեղանին, պետք է մոռանաս ազգ, պետություն, ժողովուրդ, հայրենիք, ծնող, զավակ, ամեն ինչ: Պատրա՞ստ ես… Հա: Ասում է հա ու մտքում ծիծաղում անծանոթ քեռու վրա՝ կդառնամ «առաջնորդ», հետո կսկսեմ սրան ֆռռացնել: Մինչդեռ այդ «առաջնորդը» չգիտի, որ Քաջ Նազարի ժամանակներն ավարտվել են, որ հնարավոր չէ ֆռռացնել իրեն «առաջնորդ» նշանակողներին: Վերջիններս էն գլխից գիտեն, թե ով է իրենց դեմ կանգնած՝ զրո, որ ոչինչ է առանց իրենց:

Այսքան երկար խոսեցի, որ աստիճանաբար մոտենամ մերօրյա նազարներին, իսկ ավելի կոնկրետ՝ Ուկրաինայի եւ Հայաստանի «առաջնորդներին»՝ Վլադիմիր Զելենսկուն եւ Նիկոլ Փաշինյանին: Կարելի էր նրանց արանքում կամ նրանցից առաջ նշել նաեւ Միխեիլ Սահակաշվիլուն, բայց այն, ինչ պետք է ասեմ Զելենսկու եւ Փաշինյանի հետ կապված, Սահակաշվիլու վրա չի տարածվում՝ վերջինիս անազատության մեջ գտնվելու պատճառով: Այլապես այս երեքն էլ առինքնում են մեկը մյուսին, եւ ոչ մի տարբերություն չկա «առաջնորդ» դառնալու նրանց պատմությունների մեջ:

Եվ ուրեմն՝ «նազարներին» չի կարելի արհամարհել եւ մանավանդ հանգիստ լինել, որ նրանք խայտառակվելուց հետո իրերը կհավաքեն ու, ինչպես Փաշինյանը կասեր, ռադները կքաշեն: Մեկ անգամ իրենց կամքից անկախ եւ անգամ իրենց համար աննկատ ձեւով «առաջնորդ» դառնալուց հետո նրանք մոռանում են, թե ով են եղել եւ ինչպես են հայտնվել պալատում: Նրանք չեն հասկանում, թե ինչու պետք է իրենք հեռանան, եւ ուրիշը դառնա «առաջնորդ»: Նրանց համար՝ իրենցից հետո՝ թեկուզ ջրհեղեղ: Նրանք «առաջնորդ» են, իսկ դա նշանակում է նաեւ՝ վտանգավոր:
Օրերս, ուրեմն, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի որդին Ուկրաինայի «առաջնորդ» Վլադիմիր Զելենսկուն շատ հասկանալի ձեւով ասել էր՝ գլխիդ ճարը տես, որովհետեւ ֆինանսավորումդ դադարեցվում է: Այսինքն՝ այն, ինչ չէր կարող ասել Թրամփ ավագը, ասել է Թրամփ կրտսերը: Սակայն ես դեմ եմ «առաջնորդների» նկատմամբ այսպիսի կտրուկ քայլերին: Հարգելի Թրամփ կրտսեր, դու գիտե՞ս, թե ինչ կարող է կատարվել Զելենսկու հետ, եւ ինչեր կարող է նա անել՝ իր պաշտոնը պահելու համար: Չմոռանանք, որ Զելենսկին նաեւ կոմիկ է՝ դերասան, չհաշված նրա մյուս «բարեմասնությունները», որոնք երբեմն-երբեմն ի ցույց են դրվում սոցիալական կայքերում: Զելենսկին, քաջ իմանալով, որ ինքը ոչինչ է խաղաղության պայմաններում, չի բացառվում, որ դիմի ծայրահեղ արկածախնդրության եւ կրակի ճարակ դարձնի ողջ Ուկրաինան ու այնտեղ ապրող ժողովուրդներին: Կհասցնե՞ք կանխել նրան, պարոն Թրամփ կրտսեր: Ահա… Չեք կարող, դուք չեք կարող միջամտել Ուկրաինայի ներքին գործերին: Զելենսկու նման կիսախելագարին կարող եք Ուկրաինայի «առաջնորդ» նշանակել, բայց, պարզվում է, այդպիսի «առաջնորդից» ազատվելն է ավելի դժվար: Նրանք վտանգավոր են դառնում ժամանակի հետ:

Զելենսկու թայն այսօր «առաջնորդ» է Հայաստանում: Ես չգիտեմ՝ ով նրան «առաջնորդ» դարձրեց այստեղ, բայց վստահ եմ, որ նույն խոսակցությունից հետո են նրան դարձրել: Պատերազմ, ավեր, կորուստներ, Հայաստանի ինքնիշխանության «պլանկայի» իջեցում՝ մինչեւ հնարավոր մինիմում․ սրանք են եղել պայմանները, եւ նա ասել է՝ այո, կարող եմ, կանեմ: Արել է… Հիմա ընկել է ք.քի մեջ ու մտածում է՝ ո՞նց դուրս գա: Հեչ որ չլինի՝ կֆռռացնեմ էն «անծանոթ քեռուն»՝ մտածում է մեր Զելենսկին: Ի՜նչ զղջում, ի՜նչ բան… Աթոռըըըըըս, աթոռս չտանեն: Աթոռս որ տարան՝ ինձ ներում, բեկում չկա, «դավաճանի» խարան են դնելու ճակատիս ու… Ժամանակին մոռացել է «անծանոթ քեռուց» հետաքրքրվել՝ իսկ իմ վերջն ի՞նչ է լինելու՝ պայմանները կատարելուց հետո: Նազար, էլի… Թագավոր են դարձնում՝ թող դարձնեն, ումի՞ց եմ պակաս:

Ես չգիտեմ, թե այս օրերին ինչով է զբաղված Ուկրաինայի «առաջնորդ» Զելենսկին, ինչպես է պատրաստվում պահպանել իր աթոռը, բայց մերը՝ Նիկոլ Փաշինյանը, կարծես լուրջ է տրամադրված եւ արդեն իսկ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Զելենսկին հասցրել է օրենք ընդունել պատերազմական իրավիճակում ընտրություններ չանցկացնելու մասին: Փաշինյանը դեռ չի հասցրել եւ ակնհայտ շտապում է այդ փոփոխությունը կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում: Փաշինյանին շտապ հավերժանալ է պետք, քանի դեռ մեկ-երկու դաշնակից ունի` ի դեմս Ալիեւի եւ Էրդողանի: Ու, եթե բան է, այնպիսի տեղաշարժեր լինեն, որ Ալիեւն ու Էրդողանը դուրս գան մեծ խաղից, մնալու է միայնակ իր ժողովրդի եւ իր շինած քարտեզի առաջ: Սա՝ դեռ լավատեսական սպասումներով: Իսկ թե ինչ կլինի, եթե նրան հաջողվի հանուն «խաղաղության խաչմերուկի» նոր պատերազմ հրահրել, չեմ էլ ուզում մտածել: Այնպես որ՝ «առաջնորդին» թերագնահատել երբեք չի կարելի: