Դժբախտաբար...

Դժբախտաբար...

Երևան այցելած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսում Փաշինյանը Նիկոլն արել է այնպիսի հայտարարություն, որ երբեք չէիր սպասի նրանից: Խնդրեմ՝ «Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին»: Չէիր սպասի, քանի որ պատերազմի սկզբից այս կողմ Նիկոլը որևէ խոսք չի ասել Իլհամի հասցեին: Չի արձագանքել Իլհամի նույնիսկ նվաստացնող արտահայտություններին: Դրա փոխարեն խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումից, սահմանային խնդիրների լուծումից, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից և այլն, և այլն: Եվ հանկարծ այսպիսի հայտարություն: Եթե դրա պատճառը Իլհամի հայտարությունն էր «Արևմտյան Զանգեզուր» ու «Իրեվան» վերադառնալու և «Գոյչե» լիճը վերադարձնելու մասին, ապա դա նորություն չէր. Իլհամը կրկնել էր այն, ինչ ասել էր երեք ամիս առաջ: Այնպես, որ դա պատճառ լինել չէր կարող: Չեմ կարծում նաև, թե, այսպես կոչված,  «ոչ պաշտոնական աղբյուրները» Փաշինյանին հենց վերջերս են հաղորդել Իլհամի նկրտումների մասին: Դրանց մասին տեղյակ է քիչ թե շատ կարդալու կամ լսելու ունակ յուրաքանչյուր անձ, ով անտարբեր չէ հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Ուրեմն ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ հենց հիմա Նիկոլը նման բան ասաց:

Կարծում եմ, որ Նիկոլի խոսքն առաջին հերթին նախատեսված էր ներքին լսարանի համար՝ Իլհամը սպառնում է մեզ նոր պատերազմով՝ եթե մենք չգնանք ցավոտ զիջումների: Նորմալ հասարակություն ունենալու դեպքում դա բավարար կլիներ, որպեսզի ժողովուրդը Ազգային ժողովի կամ հենց փողոցի միջոցով հրաժարական պարտադրեր Նիկոլին: Բայց դե մենք այս պահին չունենք այդպիսի ժողովուրդ, ինչը հասկանում է և Նիկոլը, և ինչը նշանակում է, որ վերջինս ընդամենը փորձում է շահարկել ժողովրդի վախը պատերազմի նկատմամբ: Իսկ որ դա ամենալուրջ գործոնն է՝ լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի: Ի դեպ, եթե Նիկոլը հայտներ  իր «ոչ պաշտոնական աղբյուրներից» ստացված տեղեկատվության մասին նախքան հունիսի 20-ի ընտրությունը, ապա այն կօգտագործվեր հենց իր դեմ: 

Երկրորդ հերթին Նիկոլը խոսքը նախատեսված էր Ռուսաստանի ղեկավարի համար, թե տեսեք, դուք մեզ լավ չեք «պապաություն» անում, ու ես ստիպված դիմում եմ եվրոպացիների օգնությանը: Անուղղակիորեն կամ շատ ավելի պակաս չափով խոսքը նախատեսված էր նաև Իլհամի ականջների համար, թե տես, քեզանից բողոքում եմ եվրոպացիներին: Եվ վերջին հերթին այն նախատեսված էր եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի ականջների համար, որը Երևանից հետո այցելելու էր Բաքու և հանդիպելու էր Իլհամ Ալիևի հետ: Ինչո՞ւ հենց վերջին հերթին: Որովհետև եթե այն նախատեսված լիներ հենց իր համար, ապա դա կասվեր առանձին, ու դրանով հարցը կփակվեր:

Հասկանալի է, որ Եվրախորհուրդը Հայաստանի հովանավորը չի և ոչ էլ անձամբ պրն. Միշելը՝ Նիկոլի հովանավորը: Եվ, բնականաբար, Շառլ Միշելը Հայաստանի համար չէր բարեխոսելու Իլհամի առջև: Սակայն եվրոպացի պաշտոնյան կընկալեր, որ Նիկոլը շարունակում է երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունը Մոսկվայից դեպի Բրյուսել (այսինքն դեպի Արևմուտք) փոխելու փորձերը: Եվ հաստատակամ է այդ հարցում՝ չնայած պատերազմից հետո ստիպված է բազմաթիվ հարցեր քննարկել հենց ՌԴ նախագահի հետ: Պրն. Միշելի համար ասվածը ենթադրում է, որ Նիկոլը հույս ունի, որ Արևմուտքն ավելի ակտիվ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական իր առաքելության մեջ: Ինչը նշանակում է, որ Արևմուտքի միջնորդական ջանքերի ակտիվացումը կնպաստի, որպեսզի Նիկոլի իշխանությունը ավարտին հասցնի նախապես գծագրված սցենարը՝ Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից: Կարծում եմ, որ հենց դրան է միտված նաև իր բացահայտ արևմտյան կողմնորոշմամբ հայտնի՝ անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը արտաքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնում:

Իսկ ի՞նչ կշահի դրանից մեր երկիրը: Իսկ դա ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը բացարձակ ոչինչ չի շահի: Չի շահի ճիշտ այնպես, ինչպես չի շահել Փաշինյան Նիկոլի ավելի քան եռամյա կառավարման ընթացքում: Իսկ որ կկորցնի՝ դրանում կասկած լինել չի կարող: Դժբախտաբար: