Ոչ մի պարագայում մի ստեք

Ոչ մի պարագայում մի ստեք

Երեկ հերթական անգամ համոզվեցինք, թե որքան վտանգավոր բան են սխալ, թերի ինֆորմացիան, ապատեղեկատվությունը, կեսճշմարտությունը։ 40 օրից ավելի տեւող պատերազմի ընթացքում այնքան սուտ ու կեղծ տեղեկատվություն են տարածել պաշտոնական խողովակներով եւ ՊՆ ներկայացուցիչների կողմից, որ հասարակությունն այլեւս չի կողմնորոշվում՝ ում լսել, ում հավատալ, որ ինֆորմացիան է ճիշտ, որը՝ սխալ։ Դրան գումարվում է նաեւ այն, որ մարդիկ պարզապես չեն ուզում լսել վատ նորությունները։

Նրանց ինքնապաշտպանական բնազդն ասում է՝ քեզնից վանիր բացասական, տհաճ տեղեկությունները, եւ նա սկսում է զբաղվել ինքնախաբեությամբ ու ճշմարտությունը փոխանցողին համարում է թշնամի, ինչպես միջնադարում վատ լուր բերողին գլխատում էին։ Բայց հանրային այս շփոթի հիմնական մեղավորը մեկ ամսից ավելի հանրությանը ստով կերակրողներն են, որոնք ամեն օր հաղթական լուրեր էին հաղորդում՝ թաքցնելով պարտությունները։ Երեկ, երբ պատերազմի կուլմինացիոն պահն էր, եւ բոլորս սրտի թրթիռով հույս էինք փայփայում, որ Շուշիի մատույցներ հասած թշնամու բանակը ջախջախվելու է, եւ պատերազմական գործողություններում բեկում է մտնելու, Արցախի նախագահի խոսնակը փոխանցեց ամենավատ գույժը՝ Շուշին հանձնվել է։

Մարդիկ նախ չհավատացին դրան, ապա սկսեցին քարկոծել խոսնակին, հետո տարբեր անձինք, այդ թվում՝ Արցախում գտնվող, սկսեցին հերքել նրա ասածը։ ՊՆ խոսնակ, մեր օրերի «լեւիտան» Արծրուն Հովհաննիսյանն ընդհատակ իջավ։ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը մի-մի անհասկանալի տեքստ տարածեցին, որից հասկացվեց միայն, որ պայքարը շարունակվում է։ Բայց Շուշիի մասին ոչ մի բառ։ Մինչդեռ հասարակությունը միայն դա էր ուզում լսել։ Այսինքն, շարունակում են խաբել ու մոլորեցնել հանրությանը, ժամանակ ձգել։