Հասանք «բաղձալի հանգրվանի»

Հասանք «բաղձալի հանգրվանի»

ԼՂ կարգավորման գործընթացը տեղից շարժելու ցանկությու՞նն է միջնորդներին մղել տեսակոնֆերանս կազմակերպելու նախաձեռնությանը: Ավելի շատ տպավորություն է, որ նրանք ընդամենը հիշեցնում են իրենց մասին, ուղղակի՝ որ կան, ինչ-որ բան անում են: Կորոնավիրուսը միայն առիթ է:

Հույժ կարեւորության դեպքում պետական գործիչները մի կողմ են թողնում վտանգը եւ անցնում կոնկրետ քայլերի: Ինչպես, օրինակ, Իրանի արտգործնախարարի մոսկովյան այցն էր, որի շուրջ ինտրիգը մինչ այժմ պահպանվում է: ԼՂ կարգավորման գործընթացում նման անհրաժեշտություն, ցավոք, չկա: Այդ են վկայում նաեւ կողմերի փորձագիտական մակարդակի ելույթները, որոնք նույն կետին են խփում՝ հակառակ տրամաբանությամբ: Մեր կողմից շեշտադրվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տեղ չեն ունենա Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ Բաքվի քաղտեխնոլոգները՝ մոդելավորում մի «իրականություն»՝ Հայաստանի համար, երբ «նա կվերադառնա իր օպտիմալ սահմաններին»:

Խոսքը 1918թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով սահմանների մասին է՝ 12 000 քառակուսի կիլոմետրի: Երկու դեպքում էլ, իհարկե, հիմք են ընդունվում արտաքին գործոնները: Մեզ համար բաղձալի է, որ Թուրքիան մասնատվի, Ռուսաստանը վերանայի այդ երկրի հետ պայմանագրերը  եւ առնվազն ակտուալանա Նախիջեւանի հայապատկանությունը: Բաքվում հաշվարկ են անում ռուս-թուրքական մեծ համաձայնության կամ առճակատման վրա, որի դեպքում Թուրքիան կօկուպացնի Ալեքսանդրապոլի պայմանագրով «իրեն պատկանող» հայկական տարածքները, իսկ իրենք՝ Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը, եւ Հայաստանից կմնա Երեւան քաղաքը՝ շրջակայքով՝ որպես «ինքնավարություն» կամ «հայկական օջախ»:

Սա է Երեւան-Բաքու հեռակա բանավեճի ընդհանուր պատկերը: Եւ արդեն կարելի է հանգիստ խղճով արձանագրել, որ  կողմերը հասել են «բաղձալի հանգրվանի»: Չկա խաղաղության եւ բարիդրացիության ընդհանուր ընկալում եւ դրան հասնելու քաղաքական կամք կամ ցանկություն: Պատերազմելու՝ ինչքան ասես: Պարզապես հարմար չէ պահը: Դեռեւս կան զսպող հանգամանքներ, աշխարհակարգի ճգնաժամը գագաթնակետին չի հասել: Վերջնական փլուզում կլինի՞՝ ինչպես ԽՍՀՄ կործանումը, որ հայ-ադրբեջանական պատերազմի եւ ազգամիջյան այլ բախումների քարտ-բլանշ տվեց: Ահա հարցերի հարցը՝ ի՞նչ սահմաններ են գծվելու Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայի հյուսիսում եւ միջերկրածովյա առափնյակում: Ռուսաստանը դիմակայությունից կկազմաքանդվի՞, թե կհաղթահարի եւ կներկայանա ավելի ուժե՞ղ: Իրանում ռեժիմ կփոխվի՞: Թուրքիան կվերադառնա աշխարհիկ պետության իր կերպարի՞ն: Ոչինչ տրամաբանության եւ հաշվարկի չի տրվում: Աշխարհը հիմնափոխվում է: Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանցից շատ ավելի հեռու, միմյանց նկատմամբ ավելի անհանդուրժողական են, քանի էին 1994 կամ 2010 թվականին: Դա նրանց ընտրությու՞նն է, թե դե՞րն է այդպես պահանջում: