ՊՆ ինչների՞ս է պետք, երբ հանձնվում ենք առանց պաշտպանության

ՊՆ ինչների՞ս է պետք, երբ հանձնվում ենք առանց պաշտպանության

Հրամանատարներ, զինվորներ եք ձերբակալում՝ թե բա չեն կռվել, հետ են քաշվել կամ էլ թե թշնամուն «ծախվել են»  զինվորը գերի է հանձնվում, ասում եք, թե դեռ պիտի հետաքննեք, թե ինչու են գերի ընկել, ինչու են առանց կռվելու հանձնվել։ 

Աղավնոների հանձնումը ձեր դիմակը բացեց։ Աղավնոյում նույնիսկ որսորդական հրացանն եք մարդկանց ձեռքից վերցնում, որ չպաշտպանեն իրենց հողը։ Ասում եք, ձեր տունն անվնաս հանձնեք թշնամուն, մի ծեղ էլ թող չպակասի, եթե պակասեց 10 միլիոնը չեք ստանա։ Ինչքան էլ թաքցնեք, գյուղացիները պատմում, ջուխտ աչքով լացում են։ Ասում են՝ թող մեզ զենք տան, մենք կպաշտպանենք մեր տունուտեղը, մեր հողը։ Հային զինաթափում եք, հետո տպավորություն ստեղծում, որ նրանք չեն ուզում իրենց հողը պահեն։ Սա երևի աշխարհում միակ իշխանությունն է, ով մարդուն հնարավորություն չի տալիս ինքը իրեն, իր տունը, երեխային պաշտպանելու։ Մարդուն զրկում է ինքնապաշտպանությունից։ Դա նույնն է, թե թռչունի թևերը կտրես ու ասես՝ տես, չի ուզում թռչի։ Աղավնոյի թևերը կտրել են։

Սարսափելին այն է, որ նույն մկրատը դեռ շատ թևեր է կտրելու։ Ու հետո հանձնաժողով ստեղծի՝ իբր թե իմանալու, ինչու չեն թռչել թռչունները, ինչու՞ ընկել են գետնին ու չեն բարձրացել։ Ինչու՞ ընկավ Շուշին ու Հադրութը, ինչու՞ ընկան մնացյալը․․․ 

ՊՆ ինչների՞ս է պետք, երբ հանձնվում ենք առանց պաշտպանվելու։ Հաջորդ քայլը դա է լինելու։ Մեզ պաշտպանություն պետք չի, որովհետև հանձնվում ենք կամովին։