Համաշխարհային առաջնորդների արձագանքը՝ Պուտինի ձերբակալման որոշմանը

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներն ու դիվանագետները արձագանքել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից կալանավորման օրդեր տալու որոշմանը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքով՝ «ժամանակն է հետաքննել ուկրաինացի ժողովրդի դեմ կատարված այլ հանցագործությունները՝ խոշտանգումներ, բռնաբարություններ և ջարդեր»։
«Ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնում», - թվիթերում գրել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
Իսկ այդ երկրի վարչապետ Կայա Կալլասը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «ռուսական ռեժիմը պատասխանատվության կենթարկվի»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անկասկած պատասխանատու է ռազմական հանցագործությունների համար և պետք է դատվի նաև ագրեսիայի հանցագործության համար», - Twitter-ում գրել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
ՄՔԴ-ի որոշումը Twitter-ում ողջունել է նաև Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը։ «Որպեսզի միջազգային իրավունքը խախտողների համար անպատժելիություն չլինի»,- ասել է նա։
Ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու համար Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանը «նոր նախադեպ է ստեղծում», Twitter-ում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Սակայն պատմությունը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հետաքննվեն բոլոր ռազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունը, իսկ մեղավորները դատապարտվեն», - ասել է նախարարը։
Նիդերլանդները աջակցում է ՄՔԴ-ին «ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարում», - Twitter-ում վստահեցրել է արտգործնախարար Վոպկե Հուկստրան։
ՄՔԴ-ի որոշմանը արձագանքել է նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը։
«Միջազգային քրեական դատարանի դատախազն անկախ անձնավորություն է և կայացնում է իր դատողությունները՝ հիմնվելով իրեն հասանելի ապացույցների վրա: Պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու մասին որոշումն ընդամենը գործընթացի սկիզբն է՝ «պատասխանատվության ենթարկելու» Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պոտենցիալ պատասխանատուներին, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրա պնդմամբ, խոսքը ուկրաինացի երեխաների Ռուսաստան անօրինական արտաքսման մասին է. «Հանցագործության ծանրությունը և ՄՔԴ հայտարարությունն ինքնին խոսում են իրենց մասին։ Սա կարևոր որոշում է միջազգային արդարադատության և Ուկրաինայի ժողովրդի համար։ Մենք միշտ Եվրամիությունում հասկացրել ենք, որ Ուկրաինայի դեմ անօրինական ագրեսիայի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է նա։
Կարծիքներ