Մանկական երկաթուղին վտանգված է

Մանկական երկաթուղին վտանգված է

Ֆեյսբուքյան օգտատերերից Շաղիկ Մաթևոսյանն ահազանգում է, որ Երևանի Մանկական երկաթուղին և հարակից տարածքը անտերության է մատնված:

Քաղաքացին ահազանգում է, որ գնացքը սկսել է փտել և այլևս չի գործելու ու չնայած անխնամ վիճակին այգում այցելուները բազմաթիվ են եղել: Գրառումից մի հատված.

« Այգին այլեւս չի խնամվում, կարուսելները չկան, իսկ գնացքը կանգնած է, անձրեւներից ու սառը եղանակից քիչ-քիչ փտում է։ Ասացին, որ փակ է ու այլեւս չի գործելու։ Անտերություն…փոխարենը՝ այգու մուտքին մի զռլամա ռեստորան են կառուցել։ Բոլորովին վերջերս։ Ու հավատդ չի գալիս, որ մանկության էս անկյունն էլ անտեր թողնվեց։ Ու էս այսքան սիրելի քաղաքում, քո տրված հարկերով բազմաթիվ անիմաստ ծառեր կտնկվեն, անիմաստ վերանորիգումներ կարվեն, շինարարություններ կսկսվեն, միայն ու միայն աչքդ թոզ փչելու ու փող լվալու միտումով, բայց քո ու քո երեխայի համար համարյա թե ոչ մի կանաչ հատված չի լինի, դրսում խաղալու հնարավորություն չի լինի, մանկություն վայելելու հնարավորություն չի լինի…էս փոշոտ ու կեղտոտ քաղաքը, ինչի՞դ է պետք, դուրդ չի՞ գալիս, գնա Նիդերլանդներում ապրի, էնտեղ էդ ամենի մասին հոգ են տանում»:

Վերջինս հույս է հայտնում, որ իր ահազանգը լայն տարածում կգտնի և գոնե պատճառ կհանդիսանա, որ այգուն  մի փոքր ուշադրություն դարձնեն, որովհետև երևանցիներն ու իրենց երեխաները կարող են կորցնել քաղաքի վերջին կանաչ կետերից մեկը, որը բազմաթիվ երևանցիների մանկության ամենաջերմ հիշողությունների վայրն է:

Ի դեպ, բազմաթիվ երևանցիներ վերջերս ահազանգում էին Մանկական երկաթուղու լքված լինելու ու այգին կորցնելու վտանգի մասին: