Մեկ ամսում այդ ի՞նչ է արել տնօրենը, որ արդեն պարգեւատրում եք

Մեկ ամսում այդ ի՞նչ է արել տնօրենը, որ արդեն պարգեւատրում եք

2020 թվականի նոյեմբերի 9-10-ի կապիտուլյացիայից տասն օր անց՝ նոյեմբերի 20-ին, մոտ 30 տարվա զինվորական Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար, իսկ կապիտուլյացիայից չորս ամիս անց՝ 2021 թվականի մարտի 2-ին, 25 տարվա ոստիկան Արմեն Գասպարյանը նշանակվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն: Անդրանիկ Փիլոյանն այն զորամիավորման հրամանատարն էր, որը 44-օրյա պատերազմում ամենաշատ կորուստներն է ունեցել: Արմեն Գասպարյանը ոստիկանության Երեւանի վարչության պետն էր նոյեմբերի 9-ին, երբ կապիտուլյացիայից զայրացած քաղաքացիները գրավեցին պետական մի շարք շենքեր ու ծեծեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Թե ինչու նման անհաջողություն գրանցած մարդկանց վստահվեց ամենամարդասիրական կառույցը՝ միայն թավշյա քայլոներին է հայտնի:

Իհարկե, դեռ վաղ է գնահատել Անդրանիկ Փիլոյանի նախարարական կամ Արմեն Գասպարյանի «փրկարարական» գործունեությունը, բայց որ սխալ ճանապարհով են գնում՝ միանշանակ է: Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, մարտի 29-ին ԱԻՆ-ում ամփոփել են մարտի աշխատանքները, իսկ հավաքի վերջում պարգեւատրել որոշ աշխատողների: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը պարգեւատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Մեկ ամսում այդ ի՞նչ է հասցրել անել նորանշանակ տնօրենը, որ արդեն արժանի է պարգեւի: Եթե գնահատվել է ոստիկան եղած տարիների վաստակը, թող ոստիկան Արմեն Գասպարյանին պարգեւատրեին, այլ ոչ թե՝ փրկարարին:

Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ մեդալներ ու շքանշաններ բաժանելու հարցը կարեւորվի: Ասում են՝ ոսկին փայլում է անգամ ցեխի մեջ: Եթե դու ոսկու նման ազնիվ ու մաքուր ես, կփայլես ամենուր, վաստակդ կերեւա: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ վերեւների ուշքնումիտքը պարգեւներն էին, դրա համար էլ այս օրն ընկանք:

Մի առիթով գրել եմ, կրկնեմ. Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» առակը հիանալի դաս է: Նվազեցրու ռիսկերը, որ վայելես կյանքը: Ռիսկերի նվազեցման կարեւորությունն ամենալավը ԱԻՆ-ում պիտի իմանան: Պարզվում է՝ չգիտեն: Համենայնդեպս՝ կապիտուլյացիայից հետո նշանակված ղեկավարությունը չգիտի: Իմանար՝ կսկսեր առաջին քայլից, ոչ թե՝ վերջին:

Արեգ Մարգարյան