Չի կարելի սպասել, որ ուրիշը քեզ օգնի, երբ կա հնարավորություն՝ ինքդ քեզ օգնելու

Չի կարելի սպասել, որ ուրիշը քեզ օգնի, երբ կա հնարավորություն՝ ինքդ քեզ օգնելու

Հարցազրույց հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի հետ

- Պարոն Աղուզումցյան, վերջին շրջանում ամեն օր ահազանգեր են լինում, թե տարբեր խոշոր կառույցներում, հիմնականում` մետրոպոլիտենում, ռումբ է տեղադրված, նույնը կրկնվեց «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո, երբ նշվեցին կոնկրետ հասցեներ։ Այս կեղծ ահազանգերն ինչպե՞ս կարող են ազդել մարդու հոգեկան առողջության վրա, եւ ինչպե՞ս պետք է արձագանքենք մենք՝ բոլորս։

- Նախեւառաջ, այստեղ կա էթնոհոգեբանական առանձնահատկություն, որը կապված է հայ մարդու հոգեբանության հետ։ Այստեղ շատ կարեւոր է ինքնուրույն մտածողություն ունենալ, ոչ թե ազդվել տարբեր հակասական ինֆորմացիայից, որը միշտ ներկա է՝ բոլոր պայմաններում։ Այսինքն՝ նախ ինքնուրույնություն է պետք, որն իր մեջ պարունակում է նաեւ համբերատարության փաստը։ Մենք շատ արագ ու միանգամից ռեակցիա ենք տալիս, դրա համար էլ հետաքրքիր ասացվածք ունենք մեզանում՝ հայի հետին խելքը, մի բան անում վերջացնում ենք, նոր տեսնում ենք, որ սխալ ենք մոտեցել հարցին, սկսում ենք արդարացնել մեր սխալները։ Այստեղ է, որ շատ կարեւոր է համբերատարությունը, որովհետեւ շտապողականությունն ավելի հաճախ բերում է սխալ մեկնաբանությունների, սխալ մտքերի ձեւավորման եւ այլն։ 2-րդը՝ այստեղ կա մի կարեւոր հանգամանք՝ ինֆորմացիան, որը հիմա մեր ժամանակներում ամենասթրեսոգեն գործունեության հետ կապված երեւույթ է։ Ամենածանր բանն ինֆորմացիան է, որովհետեւ մարդու հոգեկանի, հոգեֆիզիոլոգիականի կայունությունը եւ մարդու հարմարվողականությունն իրենց դրական դերը կատարում են, երբ կա կայունացում իրադրության մեջ։ Անորոշության մեջ մարդը չի կարող հարմարվել, այդ դեպքում, քանի որ հստակ պատասխաններ չի ստանում մասնագետներից, մարդը սկսում է այդ մասնագետների փոխարեն լրացնել այդ բացերը, որոնք այդ հակասություններն առաջացնում են՝ չլինելով մասնագետ։ Մենք՝ հայերս, ամեն ինչի մասնագետ ենք, դա ծանր կյանքից է եկել, որ պարտադրվել ենք ամեն ինչ իմանալ, որպեսզի գոյատեւենք։ Բայց այս՝ ինֆորմացիոն անորոշության ու հակասականության պարագայում դա չի խաղում դրական դեր եւ առաջացնում է տագնապ, հուսալքում։ Դրան էլ ավելացրեք ինֆորմացիոն պատերազմի հակառակ կողմը, որը շատ ակտիվ է եւ բավականին լավ ճանաչելով հայի հոգեբանությունը, սկսում է օգտագործել՝ հաշվի առնելով այդ հոգեբանական առանձնահատկությունները, օրինակ՝ շատ շուտ հավատալը։ Այսինքն՝ այստեղ շատ կարեւոր է, որ ինֆորմացիոն դաշտը լինի հնարավորինս օբյեկտիվ եւ ոչ հակասական։ Բացի այդ, քանի որ շատ բարդ է սպասել կառավարությունից կամ ուրիշ ծառայություններից մասսայական աջակցություն, ուստի, հաշվի առնելով, որ կան բավականին լավ հոգեբանական կենտրոններ, կարելի է դիմել նրանց ու ստանալ համապատասխան աջակցություն։ Նաեւ չի կարելի սպասել, որ ուրիշը քեզ օգնի, այն դեպքում, երբ կա հնարավորություն՝ ինքդ քեզ օգնելու։ Ցավոք, սա էլ մեր ազգին բնորոշ հատկություն է, որովհետեւ շատ հաճախ սպասում ենք, որ ուրիշը մեզ օգնի ու մեզ համար անի։

- Այսօր, կարծես, մարդկանց մեջ գլոբալ առումով ներարկվում է այդ անօգնականության, անպաշտպանության զգացումը, որ հույսները դնեն ոչ թե սեփական անձի, սեփական երկրի, այլ դրսի ուժերի վրա՝ Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա։ Դուք նկատո՞ւմ եք նման միտում եւ ինչո՞վ եք այն բացատրում։

- Մեր հիմնական ինֆորմացիոն աղբյուրները՝ տարբեր սոցցանցեր, լրատվամիջոցներ, կարծես կրակի վրա օդ են լցնում, ոչ թե՝ ջուր, եւ միշտ խոսում են նրա մասին, որ պետք է մեզ օգնեն, պետք է օգնություն ստանանք․․․ մինչդեռ հայը միշտ եղել է ստեղծող, բայց ինչ-որ չափով կորել է մեր հանդեպ հավատը, ինքներս մեզ պետք է հավատանք, եւ դա առաջին հերթին պետք է դաստիարակվի ինֆորմացիոն ալիքներով, որովհետեւ հիմա շատ տեղ է տրվում ինֆորմացիոն դաշտին, իսկ բոլոր կրթական, դաստիարակչական համակարգերը՝ ընտանիք, մանկապարտեզ, դպրոց, բուհ, թուլացել են, եւ այն ֆունկցիաները, որոնք կապված են անձի դաստիարակման, անձի ձեւավորման հետ, այն աստիճանի վրա չեն։ Հետո՝ ինչքա՞ն կարելի է օգնել, ո՞վ է պարտավոր մեզ օգնել, եթե ինքներս չենք ուզում մեզ օգնել եւ միայն սպասում ենք այդ օգնությանը։ Այդպես չի լինում, եթե մարդն իր ուժերին չի հավատում եւ ակտիվ չէ, ինչքան ուզում ես, օգնիր իրեն՝ դառնում է առանց հենքի ինչ-որ անդունդ։

- Այդուհանդերձ, այսօր թշնամին անարգել ելումուտ է անում մեր երկիր, վիդեոներ է տեղադրում տարբեր վայրերից, սպառնալիքի, ատելության կոչեր է հնչեցնում, ինչը հանրության շրջանում էլ ավելի է սրում անապահովության զգացումը, ավելին՝ շատերի դիտարկմամբ, մեր ազգի դիմադրողականությունը վերջին տարիների արհավիրքներից հետո շատ է ընկել։ Համաձա՞յն եք այս ձեւակերպման հետ։

- Բանն այն է, որ իրենք անում են իրենց գործը՝ իրենց նպատակներից ելնելով, իսկ դրա պատասխանը մեր մեջ է, մենք ուղղակի դա չպետք է ընդունենք հալած յուղի տեղ եւ ոչ թե դրանից հուսալքվենք, այլ հակառակը՝ ընդդիմանանք դրան, ու մեր ակտիվությունը, հակազդեցությունը բարձրանա։ Բայց նաեւ մեր ժողովրդի մեջ կան հակասական մոտեցումներ՝ անձերի եւ կարծիքների նկատմամբ։ Պետք է մեր հիմնական դրույթներից մեկը լինի այն, որ ամենակարեւորը մարդն է՝ իր բարոյական ու ոգեղեն հատկություններով։ Եթե մարդը ճիշտ է ձեւավորվում, նա ավելի քիչ է ընկնում տարբեր ազդեցությունների տակ, եւ պետությունը պետք է հետեւի, որ հասարակությունն օրինապաշտ լինի, հենց օրինապաշտությունը խախտվում է, սկսվում է անհավատությունը, սրվում է անապահովության զգացումը։ Եկեք մեկս մյուսին հարգենք, սիրենք, բարի լինենք, մի ամբողջություն դառնանք, որպեսզի կարողանանք այդ ազդեցություններին դիմակայել եւ ճիշտ վարք ցուցաբերենք ու ճիշտ մտքեր ունենանք։