Արցախում հայկական զինված ուժեր չե՞ն լինի

Արցախում հայկական զինված ուժեր չե՞ն լինի

Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե մեզ նոր ցավոտ որոշումներ են սպասվում, աղմուկ առաջացրեց։ Եզրակացրին, որ խոսքն Արցախում հայկական զինված ուժեր չունենալու մասին է։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գնահատեց, թե ինչ կլինի Արցախում հայկական զինուժի բացակայության դեպքում. «Կլինի Արցախի ու հայոց պետականության վերջը։ Բոլոր փուլերում Ադրբեջանն անընդհատ ձգտել է հասնել Արցախում մեր զինված ուժերի բացակայությանը, ինչը նրան որեւէ փուլում չի հաջողվել։ Եվ չեմ կարծում, թե կարող է այնպիսի ճնշում լինել, որի պարագայում անհնար լինի ԶՈւ պահպանումը։ Այսինքն՝ հույս ունեմ, որ նույնիսկ այսքան տապալումներից, ձախողումներից հետո հայկական զինված ուժեր Արցախում կլինեն»։ Աբրահամյանը տեղյակ է, որ Արցախում բանակի համալրման գործընթաց կա։ «Այսինքն՝ համալրումը պայմանագրային անձնակազմով ավելացնելու։ Այս պահին, որքան տեղյակ եմ, ավելի շատ խորհրդակցություններ ու քննարկումներ են ընթանում։ Նաեւ որոշակի փոփոխությունների՝ զինված ուժերում, բայց թե ինչ կլինի վերջնարդյունքում, դժվարանում եմ ասել։ Եվ այն, որ Արցախի վրա այս ուղղությամբ ճնշումներ են գործադրվում, տրամաբանական է»։

Աբրահամյանը կարծում է, որ «Ադրբեջանը մեր հայրենակիցներին գերության մեջ պահում է առաջին հերթին քաղաքական նպատակներով՝ ճնշումներ գործադրելու եւ տարբեր հարցերի շուրջ առավելության հասնելու նպատակով»։

Հայաստանից Արցախ զորակոչ իրականացվո՞ւմ է։ Նա չգիտի։ Միայն ասում է․ «Եթե չեմ սխալվում՝ հունվար ամսից զորակոչ-զորացրումը սկսվել է։ Տեղյակ եմ, տեսնում եմ զորացրված մարդկանց, բայց տեղյակ չեմ անձանցից, որոնք մեկնում են ծառայության Արցախ։ Եվ լավ կլիներ, որ այդ հարցին պատասխաներ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն։ Ես առիթ ունեցել եմ մի շարք, նաեւ այդ հարցով հրապարակային հարցադրումներ ուղղելու այդ կառույցներին, բայց որեւէ պարզաբանում չեմ ստացել։ Արցախում ԶՈՒ ունենալու շուրջ Հայաստանի որեւէ կառույց առ այս պահը որեւէ պարզաբանում չի տվել։ Պարզաբանում չի տրվել նաեւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո, ինչն արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս»։

Իսկ ինչպե՞ս է Արցախում ընդունվել Ռոբերտ Քոչարյանի այն միտքը, որ Արցախի պաշտոնյաները պետք է սահմանը պահեն։ «Տեղյակ չեմ, թե ինչ հետեւություններ են արել, բայց տեղյակ եմ, որ Արցախում քննարկումներ ընթանում են տարբեր մոդելների շուրջ։ Եվ վերջնական համաձայնություն չկա, ընդհանուր մոտեցումն այն է, որ նաեւ պետական կառույցների աշխատակիցները որոշակի պարբերականությամբ մարտական հերթապահություն իրականացնեն։ Չի բացառվում, որ հետագայում քննարկվի նաեւ մասնավոր սեկտորի հարցը»։ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ այդ հարցն Անվտանգության խորհրդի իրավասության ներքո է, քննարկումներն այստեղ են իրականացնում։

Արցախի ԱԱԽ խոսնակ Տիգրան Աթանեսյանը մեր որեւէ հարցի չպատասխանեց։ ԱՀ նախագահի հայտարարության մասով ասաց․ «Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունի «ցավալի որոշումներ» ասելով»։ Քոչարյանի առաջարկի մասով․ «Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ասեկոսություններ են»։ Արցախի նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը նույնպես տեղյակ չէ՝ հնարավո՞ր է, որ Արցախում չլինի հայկական ԶՈՒ։ Իսկ եթե հանկա՞րծ, ասաց՝ поживём, увидим: