Հեռուստացույց եմ նայում, մեկ էլ երկրաշարժ եմ զգում

Հեռուստացույց եմ նայում, մեկ էլ երկրաշարժ եմ զգում

Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ բողոքի ակցիա էին իրականացնում Լվովյան 2 հասցեի բնակիչները։ Ըստ նրանց՝ Երեւանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 16 եւ 8 հարկանի շենքեր կառուցելու ապօրինի շինարարության թույլտվություն է տվել։ Կառուցվող շենքը գտնվում է Լվովյան 2 հասցեի շենքերի հարեւանությամբ, քաղաքացիները տեսանյութեր էին ցույց տալիս առ այն, որ շենքի կառուցման հետեւանքով ճաքեր է առաջացել իրենց տներում։

Լվովյան 3/1 բնակարան 9 շենքի բնակիչն ասում է՝ իր պատուհանի տակ է շինարարությունը տեղի ունենում։ 3-րդ հարկի բնակիչն ասում է՝ շենքի հիմքը քանդվում է, հողը տակից գնում է։ 

«3 հարկանի ավտոկայանատեղի են պատրաստում, իսկ դրա համար խորը փորում են, մոտ 50 մետր։ Կողքի 5 հարկանի շենքի հիմքերը չեն կարող այդքան խորը եւ կայուն լինել։ Ստացվում է, որ ինչ-որ մեկը պիտի հարստանա, որ մեր շենքը փլուզվի։ Ասում են՝ կվերանորոգենք, բայց իմ շենքի արժեքն է ընկնում, գումարած իմ վախը, հոգեկան վիճակը, որ գիշերը վախենում են՝ շենքի տակից հողը գնա։ Հեռուստացույց եմ նայում, մեկ էլ երկրաշարժ եմ զգում»,-ասաց քաղաքացին։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, Վայքի քաղաքապետի թեկնածու Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին Լվովյան 2 հասցեում բարձրահարկ շենքեր կառուցելու շինթույլտվություն է տվել։ 2023-ին Քաղաքաշինության կոմիտեն, ըստ ավագանու անդամի, Լվովյան 2 հասցեում շենք կառուցելու հայտին բացասական եզրակացություն էր տվել, քանի որ նորմերը խախտվել են, եւ տվյալ ընկերությունը չի կարող շինթույլտվություն ստանալ, սակայն 15 օր անց Քաղաքաշինության կոմիտեն փոխում է եզրակացությունը եւ շինարարության համար դրական պատասխան է տալիս՝ առանց նախագծի փոփոխության, առանց հիմնավորման։ 

Մանրամասն՝ տեսանյութում