Մի գավաթ սուրճի գաղտնիքը .«դրա ձենը ռավոդը դուրս կգա»…

Մի գավաթ սուրճի գաղտնիքը .«դրա ձենը ռավոդը դուրս կգա»…

Երեկ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի սենյակում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Մարուքյանը: Լրագրողների հարցերին, թե որն էր այդ հանդիպման նպատակը, ինչի շուրջ են զրուցել, Փաշինյանը ոչինչ չի պատասխանել: Իսկ Մարուքյանն ասել է, որ ինքն է հրավիրել վարչապետին՝ մի բաժակ սուրճ խմելու եւ Արցախի շուրջ մտահոգիչ որոշ հարցեր քննարկելու: Առաջին հայացքից թվում է, թե առանձնապես ոչինչ չկա, գործընկերներ են, երբեմնի թիմակիցներ, մի բաժակ սուրճ են խմել, ինչո՞ւ են լրագրողները խառնվել իրար: Բայց երբ հանրագումարի ենք բերում վերջին շրջանում տեղի ունեցած իրողությունները, տեսնում ենք, որ այդ սրճախմությունն այդքան էլ առանց «տողատակի» չէր: 

Երբ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց, որ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, տրամաբանական հարցեր առաջացան։ «Ի՞նչ չմաքրված հաշիվներ ունի Փաշինյանը Միքայել Մինասյանի հետ»,- հարցադրում արեցի ես «Հրապարակում»: Այդ հարցի պատասխանը հնչեց մոտ 4 ամիս անց, հնչեց հե՛նց Վատիկանից, Միքայել Մինասյանի կողմից, որը քարը քարի վրա չթողեց: Ու հենց այդ ժամանակ Փաշինյանի ու Մարուքյանի սրտերն իրար վրա «տաքացան»: Մինչեւ վերջերս Մարուքյանին Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները տեղի-անտեղի, առիթ-անառիթ երեսով են տալիս, որ նա Միքայել Մինասյանի մարդն է. 
2019-ի փետրվարին, երբ ԱԺ-ում քննարկվում էր կառավարության ծրագրի նախագիծը, Մարուքյանը, խոսելով նախագծի մասին, ընդամենը ցանկացավ ասել, որ ճիշտ չէ ժողովրդի վրա թողնել տնտեսական հեղափոխություն անելու ծանրությունը եւ մարդկանց մեղադրել սեփական աղքատության մեջ, քանի որ նախկինում դրա համար իշխանություններն են անարգանքի սյունին գամվել։ Փաշինյանն իրեն բնորոշ ձեւով դուրս եկավ հունից, է՛լ թան ու բրդած մածուն, է՛լ Սերժ ու Կարեն իրար խառնեց: Այդքանը հերիք չէր, մի հատ էլ Վատիկանի դրոշը կախեց Մարուքյանի կուսակցության գրասենյակի դիմաց:

Սրանով Մարուքյանին փորձեց հիշեցնել կապը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Զայրույթի պահին, հավանաբար, Փաշինյանը հաշվի չառավ, որ Մարուքյանն էլ հիշեցնելու բան կունենա, չէ՞ որ նրանք եղել են դաշնակիցներ, ունեն համատեղ գաղտնիքներ. 2017-ին միասին՝ «Ելք» դաշինքով են անցել խորհրդարան:

Նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է պարբերաբար Մարուքյանի երեսով տալիս Միքայել Մինասյանի հետ սերտ կապեր ունենալը. մի անգամ ասել է, թե նա սպասարկում է Քոչարյանի, Սարգսյանի եւ Մինասյանի շահերը, մի ուրիշ անգամ, թե՝ Մարուքյանը մինասյանացավ է կպել: Մեկ ուրիշ անգամ ակնարկում էր, թե կպատմի շատ-շատ բաներ, թե ով որտեղից է եկել: Վերջերս էլ ԱԺ ամբիոնից Մարուքյանին հորդորեց. «Դու կեթաս Միշիկիդ հետ դու-ով կխոսես»:
 Հիմա, փաստորեն, երբ քաղաքական ակտիվություն է դրսեւորում Միքայել Մինասյանը, Փաշինյանը հանկարծ ցանկություն ունեցավ  «Միշիկի մարդու» հետ սուրճ խմել…  

ՀԳ․ Քանի որ Մարուքյանը «միամիտ» լոռեցի է,  լոռեցիներից մի անեկդոտ պատմեմ. մի մարդ գողության նպատակով սղոցում է խանութի երկաթյա ճաղավանդակը: Մեկ այլ լոռեցի մոտենում հարցնում է՝ էդ ի՞նչ ես անում: Գողը պատասխանում է՝ ջութակ եմ նվագում: Բա ձենն ինչի՞ չի լսվում,- հարցնում է միամիտ անցորդը: Գողը պատասխանում է՝ սրա ձենը ռավոդը դուրս կգա…