Պետական պահպանությո՞ւն, թե՞ սովորական պահակ․ ԳԱԱ-ի համար էական նշանակություն չունի

Պետական պահպանությո՞ւն, թե՞ սովորական պահակ․ ԳԱԱ-ի համար էական նշանակություն չունի

ՀՀ կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունել է «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաեւ օբյեկտները կարեւորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2073-Ն որոշումը: Այլ կերպ ասած, կազմել է այն շենքերի ցանկը, որը պետությունը հարկ է համարում պահպանել` ոստիկանության հատուկ ստորաբաժանման կողմից:

Այդ որոշմամբ կառավարությունը մեծ թվով պետական շինություններ (թանգարաններ, մարզադպրոցներ, գրադարաններ) հանել է պետական պահպանության օբյեկտների ցանկից․ այսպես, օրինակ, իշխանություններն այլեւս նպատակահարմար չեն համարում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Ազգային ֆիլմադարանի, Ռուսական արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պահպանությունը: Ստացվում է՝ այս շենքերն այսուհետ կարող են պահպանվել, եթե այդ շենքերում տեղակայված կառույցները մասնավոր պահնորդական ընկերությունների հետ պայմանագրեր կնքեն եւ դրա դիմաց իրենց միջոցներից վճարեն։ Սա, ըստ էության, ոչ միայն շենքերի պահպանության հարց է, այլեւ արժեքային խնդիր, որը, պրագմատիկ հաշվարկներից դուրս, պետք է դիտարկել նաեւ բարոյական հարթությունում։ 

Գիտությունների ազգային ակադեմիան եւս դուրս է մնացել պետական պահպանության ենթակա օբյեկտների ցուցակից, սակայն ԳԱԱ նախագահի (ընդհանուր հարցերով) տեղակալ Գարեգին Սնգրյանը ոչ մի ռիսկ կամ վտանգ չի տեսնում այստեղ։ «Անձամբ ես վերջին 15-16 տարում Ակադեմիայում որեւէ միջադեպ չեմ նկատել, որ պետական պահպանության ծառայության համար շատ մեծ կարեւորություն լինի։ Ոչ մի ռիսկ չեմ տեսնում, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասում է նա ու հավելում, թե չի կարծում, որ որեւէ խնդրահարույց իրավիճակ կլինի։

Այն, որ սույն հարցն ունի նաեւ բարոյական կողմ, մասնավորապես՝ սրանով չէ՞, որ պետությունն իր վերաբերմունքն ու առաջնահերթություններն է նաեւ սահմանում, Գ․ Սնգրյանն այդքան էլ համաձայն չէ, ավելին՝ կարծում է, որ ոչ մի տարբերություն էլ չկա, թե այս կամ այն կառույցը որ ծառայությունը կպահպանի․ «Ես կոնկրետ Ակադեմիայի համար կարող եմ ասել եւ մի անգամ էլ կրկնեմ, որ միջադեպ չեմ տեսել ու կարիք էլ չեմ տեսել, որ անպայման պետական պահպանության ծառայությունը վերահսկի, կարող է սովորական ծառայություն լինի, կամ սովորական պահակներ լինեն, կարծում եմ՝ նորմալ է»։

Թե ինչ ծախսեր են ենթադրելու պահնորդական ծառայությունները ցուցակից դուրս մնացած ԳԱԱ-ի համար, զրուցակիցս նշում է, որ դա իրենց հաշվին չի լինելու։ «Այդ որոշման մեջ նշված է, որ մինչեւ հուլիս ամիսը՝ մինչեւ բյուջեի հաստատումը պետք է ներկայացնենք այդ ծառայության արժեքը տարեկան կտրվածքով, որը պետությունը ֆինանսավորելու է առանձին։ Հավանաբար, կավելանա 4 հաստիք՝ գիշերային պահակ, ցերեկային՝ հերթափոխով, եւ այդ գումարը մենք կստանանք, կավելացվի մեր բյուջեին։ Դրա համար եմ ասում, որ մեզ համար տարբերությունը մեծ չէ»,- ասում է զրուցակիցս ու նշում, որ դեռ չեն հաշվել, թե ինչքան է կազմելու այդ ծառայությունը․ «Այդ պահնորդական ծառայությունների հետ պետք է կապվենք ու տեսնենք, թե ինչ առաջարկություններ կանեն մեզ, որ նոր կարողանանք գումար հաշվել»։

Ոստիկանության ծառայողի ու սովորական պահակի մասնագիտական որակները, պատրաստվածությունը, արագ արձագանքման կարողությունն ու արդյունավետությունը արդյո՞ք հավասարազոր են։ «Չեմ կարող ասել, կգա 2026-ը՝ կտեսնենք, հուսամ՝ այդ պահնորդական ծառայությունները եւս նման պատրաստվածություն ունեն եւ պատրաստված մարդկանց կուղարկեն, որովհետեւ սա սովորական պահակի գործ չէ, այլ ծառայություն է»,- կարճ եզրափակեց ԳԱԱ նախագահի տեղակալը։