Գինեգործները վարկ են վերցնելու, խաղող գնեն, որն իրենց պետք չի

 Գինեգործները վարկ են վերցնելու, խաղող գնեն, որն իրենց պետք չի

«Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը այս տարի էլ Հայաստանի խաղողի շուկայում գին թելադրողն է։ Դեռևս մարտին հայտարարել է խաղողի մթերման բարձր գին՝ 155 դրամ կիլոգրամի համար, անցյալ տարվանից 5 դրամով թանկ։ Բայց կորոնավիրուսից տուժած գինեգործների համար սա անհասանելի նշաձող է լինելու, քանի որ առատ բերքի պայմաններում գրեթե կիսով չափ կրճատվել է կոնյակի և գինու սպառումը։ Խաղողագործները, սակայն, գոհ են և բերքից, և ֆրանսիացիների նշած գներից։

«155 դրամը լավ գինա, ոչինչ»
Սաշա Մելքումյանը Արարատի Արբատ գյուղում փոքր այգի ունի։ Այս տարի լավ բերք է ստացել, բայց գին որոշողը ինքը չի։ «Խաղողագործը ո՞նց կարա գին որոշի։ Մթերողը ինչքան որ ասում ա, գինը էդքան է։ Անցյալ տարի տվել ենք 130-140 դրամով։ Ինձ համար դա շատ ցածր գին է խաղողի համար։ Դե, դրա համեմատ «Պեռնո Ռիկարի» ասած 155-ը լավ գին ա, ոչինչ», - ասում է նա։
Ինչպե՞ս են մթերողները տալու ձեր ուզած թվերը, եթե նրանք չեն կարողանում վաճառել գինին ու կոնյակը։ «Մթերողի համար էս տարի 130-ն էլ է թանկ, 120-նն էլ, բայց մենք ի՞նչ անենք։ Հո ձրի չե՞նք տալու», - հարցնում է Մելքումյանը։

«Պեռնո Ռիկարը» մշակութային քաղաքականություն է վարում խաղողի շուկայում
«Գինու ազգային կենտրոնի» տնօրեն Ավագ Հարությունյանը, վելուծելով «Պեռնո Ռիկարի» քաղաքականությունը, ասում է, որ ֆրանսիական գործարանը տալիս է շուկայի ամենաբարձր գինը․ «Եթե սահմանում է 150 դրամ, ուրեմն, շուկայի ռեալ գինը 140 դրամն է։ Նա միշտ ձգտում է մի քիչ բարձր վճարել պայմանագրի կողմերին, նա նաև շուկայի ամենաշատ վերցնողն է։ 20-ից 70 տոննայի սահմաններում է վերցնում»։ Ըստ Ավագ Հարությունյանի, սա «մշակութային» պահվածք է։ Գործարանը ցույց է տալիս, որ միշտ կարելի է մի քիչ ավելին վճարել, քան վերցնում են, և սրանով նա իր ներդրումն ունի Հայաստանի խաղողագործության մեջ։

Ինչպե՞ս է այս բարձր նշաձողն անդրադառնում մյուների վրա։ ««Պեռնո Ռիկարի» պահվածքը ազդում է մթերման առաջին փուլի գնագոյացման վրա։ Բոլորը սպասում են նրա խոսքին։ Այն որոշիչ է սկզբի համար։ Նրանք, ովքեր ուզում են բարձր սեգմենտում լինել, ովքեր որակյալ ապրանք են արտադրում, սա ընդունում են որպես օրիենտիր ու իրենք էլ են այդքան վճարում։ Սա տևում է մեկ շաբաթ։ Հետո խաղի մեջ են մտնում մնացած բոլոր մեծ արտադրողները, որոնք տալիս են 5-10 դրամով պակաս։ Վերջին փուլում էլ մնում են գյուղացիները, ովքեր չունեն պայմանագրեր, ում որակը ցածր է, ով չէր հասցրել հավաքել, և սրանց վրա է կոտրվում ցածր գինը։ Այն իջնում է մինչև 120-130 դրամ», - պատասխանում է «Գինու ազգային կենտրոնի» տնօրենը։  

Ըստ Ավագ Հարությունյանի, այս տարի գինեգործները գնելու են խաղող, որն իրենց պետք չի։ «Բայց քանի որ կառավարությունը տալիս է անտոկոս վարկեր՝ երկու տարով ու լավ պայմաններով, բոլորը կվերցնեն վարկեր, կգնեն խաղող, որն իրենց պետք չի, ու այս խաղողը կգնա ոչ թե որակյալ արտադրանքի, այլ կոնյակի սպիրտի, ու վերջնական գինը մի քիչ կիջնի։ Այս տարի կլինի ավելի ցածր գին, քան նախորդ տարի։ Սա է այս տարվա առանձնահատկությունը։ Այս տարի իրացվել է անցյալ տարվա արտադրանքի մոտավորապես 40 տոկոսը։ Տարաներ չկան»։

Իսկ անցյալ տարի մթերողը գյուղացուն բոնուս տվե՞ց
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որը խաղողի մեծ այգիներ ունի Արարատի մարզում, արդեն կնքել է ֆրանսիացիների հետ պայմանագիրը։ Խաղողի մթերման գները, նույնիսկ 155 դրամը, նա ցածր է համարում, գտնելով, որ դրանք չեն նպաստում խաղողագործության զարգացմանը։ «Սպիտակահյութ խաղողի սորտերը եղել են միշտ 140-150 դրամի միջակայքում, որը ցածր գին է, որովհետև խաղողի ինքնարժեքը 100 դրամ է մոտավորապես։ Եթե 150 դրամով գյուղացին խաղող է հանձնում, միջինը ստանալով հեկտարից 20 տոննա, ապա յուրաքանչյուր կիլոգրամից մնում է մաքսիմում 50 դրամ։ Բազմապատկեք և տեսեք, թե ինչ եկամուտ է ստացվում», - ասում է նա։

Գառնիկ Պետրոսյանը ընդունում է, որ մթերողն այս տարի վատ վիճակում է, որ արտադրանքը կուտակվել է ու չի իրացվում, բայց հիշեցնում է, որ անցյալ տարի, երբ 30 տոկոսով ավելացել էր արտահանումը, արտադրողներն անհամեմատ լավ վիճակում էին, բայց ոչ մի բոնուս գյուղացուն չհասցրեցին։ «Նրանք շատ ավելի շահեկան վիճակում գտնվեցին, բայց որևէ մեկը հիշե՞ց գյուղացու մասին»։ Մեկնաբանելով խաղողի գնի նվազման կանխատեսումները,  նա հաշվում է․ «Խոսակցություններ կան, որ այս տարի մոտ 20 դրամով էժան է լինելու խաղողը։ Հաշվենք․ 1 կգ խաղողից ստացվում է 0,7 լիտր գինի։ Եթե 20 դրամով 1 շիշ գինու արժեքը բարձրանա, կամ իջնի, դա որևէ ազդեցություն չի ունենա շուկայի վրա։ 1500 դրամ վճարողը գինու համար 1520 դրամ էլ կվճարի։ Իսկ 1 շիշ կոնյակի գինը 50 դրամով կավելանա։ Իսկ գյուղացու վրա 1 կգ-ի համար 5 դրամն էլ ահռելի ազդեցություն ունի»։