Նախարարի օգնականը հաղթել է քաղաքապետարանին

Նախարարի օգնականը հաղթել է քաղաքապետարանին

Երեւանի քաղաքապետարանի Ավիամոդելավորման դպրոցի նախկին փոխտնօրեն Արման Անտոնյանը, որն այժմ ԿԳՄՍ նախարարի օգնականն է, եւ Փաշինյանի հեծանվավազքի ընկերը, դատարանում հաղթել է Երեւանի քաղաքապետարանին։

Հիշեցնենք․ ավելի վաղը «Հրապարակը» նյութ էր պատրաստել այն մասին, որ Անտոնյանին Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունը` Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ ազատել էր Ավիամոդելավորման դպրոցի փոխտնօրենի պաշտոնից։ Նա դպրոցի տնօրեն Հայկ Խաչատրյանից ստացել էր մեկ անգամ «խիստ նկատողություն», որի վերաբերյալ դիմել էր դատարան եւ հաղթել` նկատողությունը չեղարկվել էր, երկրորդ անգամ ստացել էր «խիստ նկատողություն», եւ տնօրեն Հայկ Խաչատրյանի որոշմամբ` ազատվել աշխատանքից: Ապա դիմել էր դատարան եւ ահա, օրերս դատարանը կրկին հօգուտ Արման Անտոնյանի որոշում է կայացրել՝ բավարարելով նրան հայցը։ 

Ըստ դատարանի վճռի՝ Արման Անտոնյանը վերականգնվել է փոխտնօրենի հաստիքում  եւ դպրոցից` հօգուտ Անտոնյանի բռնագանձվել է հարկադիր պարապուրդի համար հաշվարկված միջին աշխատավարձի գումարը՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ այս ակտի կատարումը։

Արման Անտոնյանից հետաքրքրվեցինք, իսկ քաղաքապետարանը բողոքարկելո՞ւ է դատարանի որոշումը, ասաց՝ դեռեւս տեղյակ չէ։ Եթե դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ կաշխատի՞ դպրոցում․ «Եթե բողոքարկի էլ պատասխանող կողմը, ապա կրկին ի վնաս համայնքի: Մյուս մասով էլ` կգնա՞մ աշխատանքի, որևէ ինֆորմացիա չեմ կարող տալ, նկատի ունենալով նաև, որ մեկ այլ աշխատանքի առաջարկ եմ ստացել»։