Ռուսաստանն ամեն ինչ արեց Ադրբեջանի համար․ Ալեքսանդր Դուգին

Ռուսաստանն ամեն ինչ արեց Ադրբեջանի համար․ Ալեքսանդր Դուգին

Ռուս քաղաքագետ և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը մեկնաբանել է ռուսական կողմի դիրքորոշումը 2020թ․-ի արցախյան պատերազմում։

«Ես բազմիցս ասել եմ, որ, անկախ այն հանգամանքից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, հետխորհրդային տարածքի ցանկացած սուբյեկտի տարածքային ամբողջականությունը որոշվում է միայն մեկ ատյանի կողմից՝ Մոսկվայի։ Բոլորը պիտի հասկանան, որ ամեն ինչ վճռվում է Մոսկվայում։ Ենթադրենք՝ Քոչարյանը կասի․ «Եկեք Արցախում անենք ռևանշ»։ Բայց չէ՞ որ դա անհնարին է։ Եվ առաջինը, որ կխոչընդոտի այդ ռևանշին, կլինի ռուսական խաղաղապահ զորքը Ղարաբաղում։ Հենց նրանք էլ այստեղ կդառնան Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության վահանը։ Այն ամենը, ինչ պետք էր անել հայերի հետ, արվեց։ Նրանց, իմ կարծիքով, պետք է հանգիստ թողնել։ Հիմա Ադրբեջանը պիտի շատ կարգապահ լինի և մտածի, թե որչափ է պատրաստ ինտեգրվել Ռուսաստանի հետ։ Մոսկվան արեց այն ամենը, ինչ պահանջվում էր, կատարեց իր խոստումները․ մենք նպաստեցինք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, մենք Ադրբեջանին օգնեցինք վերադարձնել Ղարաբաղը։ Բայց կարգավիճակը պիտի լինի, այլապես իրավիճակը հետևյալ կերպ է երևում․ մենք զոհաբերեցինք մեր դաշնակցին, իսկ ի պատասխան ստանում ենք մեզ բացարձակապես ոչ դաշնակից մի ուժի ամրապնդում։ Մի՞թե դրա համար էր դրվում Մոսկվա-Բաքու հեռանկարային ռազմավարական հիմքը, Ադրբեջանի՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակցի հարցը։ Ոչ։ Մենք մեր խնդիրը կատարել ենք, հաջորդ քայլը սպասում ենք Ադրբեջանից»,- քաղաքագետի խոսքերն է հաղորդում @orelswar տելեգրամյան ալիքը։