Վարորդականների հարցում ՌԴ-ից պայման են դրել, որ ռուսերենը դարձնենք պետական լեզու

Վարորդականների հարցում ՌԴ-ից պայման են դրել, որ ռուսերենը դարձնենք պետական լեզու

Ազգային ժողովում քննարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում եւ հարակից մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը զեկուցում էր ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագծով ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն Հայաստանում կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ 

«Այսինքն, եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված վարորդական իրավունքի վկայականները ճանաչվեցին և դրանցով հնարավորություն տրվեց, օրինակ, տաքսի վարել, մենք նույն փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք ՌԴ քաղաքացիներին»,-ասաց Հովհաննես Քոչարյանը։

Նկատենք, որ տևական ժամանակ է՝ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով արգելվում է տաքսի վարել, բեռնափոխադրում կամ ուղևորափոխադրում իրականացնել, ինչը ՀՀ իշխանություները չեն կարողանում լուծել։ Հիմա, փաստորեն, Հայաստանը փոխադարձ օրենքն է ընդունում, որ ՌԴ վարորդական իավունքի վկայականներով  էլ Հայաստանում չկարողանան նմանատիպ գործունեություն իրականացնել։

Հարցին, թե սա պատասխա՞նն է ռուսների այդ քայլին, Հովհաննես Քոչարյանն ասաց․  «Դա պատասխան չէ նրանց արարքին։ Սա, էսպես ասեմ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականությունն ապահովելու համար»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե գուցե փորձեն խնդիրը կարգավորել Ռուսաստանի Դաշնությունու՞մ, որ մեր հայրենակիցները խնդիր չունենան, ոչ թե այստեղ պատասխան «հարված» հասցնեն, Քոչարյանն ասաց․ «Մենք փորձել ենք այդ խնդիրը լուծել, այդ թվում նաև ոստիկանությունն իր հնարավորություններն է օգտագործել, պետական այլ  մարմիններն են փորձել իրենց պաշտոնակից անձանց հետ էդ հարցերով զրուցել։ Կամք կա, որ էդ նախագծում ՌԴ-ում փոփոխություններ կարվեն, պետդումայում էր էդ փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, բայց մինչև հիմա էդ նախագիծը դեռ վերջնական ընթերցում չի ունեցել»։

Քոչարյանը չհերքեց այն տեղեկությունը, որ խնդիրը լեզվի հետ է կապված՝ ռուսները պայման են դրել, որ Հայաստանը ռուսերենը ճանաչի պետական լեզու, որ իրենք էլ մեզ թույլ տան ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեություն ծավալել։

«Ասում էին, որ պետական լեզուն պետք է ռուսերեն լինի, որ հնարավորություն տրվի այդ հնարավորությունից օգտվելու, բայց հետո ասվեց, որ փոփոխություններ կարվի և կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը։ Հիմա, եթե կհամապատասխանեցվի ԵԱՏՄ օրենսդրությանը, մենք էլ կանենք նույն բանը»,-ասաց փոխոստիկանապետը։

Hraparak.am-ը հարցրեց պարոն Քոչարյանին, թե ռուսների կողմից պաշտոնապես այդ մեսիջը ուղարկվե՞լ է ՀՀ կառավարությանը, որ ռուսերենը պետական լեզու դարձնենք, որ իրենք էլ այդ հարցում մեզ ընդառաջ գնան։ Քոչարյանը, սակայն, ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել։

«Բայց մենք գիտենք բացատրությունը՝ ինչու այդ սահմանափակումը նախատեսվեց։ Ավելի ճիշտ, ոչ թե սահմանափակումը ինչու նախատեսվեց, այլ թե որ դեպքում բացառություն կարվի մեր քաղաքացիների համար։ Իսկ էդպես բացատրվեցին լեզվի հետ կապված։ Իսկ Հայաստանին էդպես նման առաջարկություն հնչել է, թե ոչ, կարծում եմ, որ ոչ»,-ասաց Հովհաննես Քոչարյանը։