Նվաստացում

Նվաստացում

Ամբողջ աշխարհն է այն կարծիքին, որ Հայաստանում  համակերպվել են 2020թ.-ի պատերազմում կրած խայտառակ պարտության, կորուստների  հետ։ 
Այդ մասին հայաստանյան այցից հետո հայտարարեց նաև  ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը․

«Հայաստանում շատերը համակերպվել են 2020թ.-ի պատերազմում կրած պարտության հետ, ինչի ապացույցն էին 2021թ.-ի ամռանը կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները»:

Երբ հանրությունը պահանջում էր պարտված, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած վարչապետի հրաժարականը, դա հենց այնպես, ինչ որ մեկին պաշտոնի բերելու համար չէր։ Դա Հայաստանի միջազգային վարկանիշը փրկելու փորձ էր, որը ավա՜ղ, ինչ- ինչ ուժեր փակուղի տարան ու կարծում եմ, դրանք ավելի շատ կապված էին դրսի ուժերի լծակների գործադրման հետ։ Նիկոլ Փաշինյանը դեռ անելիք ուներ, դեռ պետք էր նրանց։ Հետագան ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի անելիքների շարունակական լինելը։ Նա կանգ չի առնում, շտապում է։ 

Հայ ժողովրդին ապտակ է, երբ Պետդումայի պատգամավորն ասում է․ «Հայաստանին, ինչպես ամբողջ տարածաշրջանին, խաղաղություն է պետք, բայց ոչ մշտական նվաստացման գնով»։  

Ո՞րն է այդ նվաստացումը։ Նվաստացումը սուտ խաղաղության օրակարգն է,  որ դրոշ դարձրած իշխանություն կոչվածը հանձնում է մեր տարածքները։ Երբ թշնամին պղծում, լլկում է մեր զինվորների, զինվորական կանանց  մարմինները, ծիծաղում  երկրի ղեկավարի վրա, իսկ նա ,, խաղաղասիրորեն լռում է,,։ Այդ մասին Արևմուտքը չգիտի՞, թե Հայաստանի նվաստացման ինչ ճանապարհով է Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահում։ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը չգիտե՞ն։ Միգուցե դա է պատճառը, որ Հայաստանին դե ֆակտո ոչ մեկը օգնության ձեռք չի մեկնում, և Հայաստանը տեսնում են Նիկոլի կերպարով։   Հայաստանի նվաստացումը կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած, պատերազմը խայտառակ ձևով ու բազում խորհրդավոր հարցականներով տանուլ տված վարչապետին հանդուրժելն է։ Բոլոր երկրների ղեկավարները դա պարզ գիտակցում են և յուրաքանչյուրն իր շահն է առաջ տանում։ Երբ եզը ընկնում է, դանակավորները շատանում են։ Այս ու այն մեծ երկրից որ պաշտոնյաներ են Հայաստան գալիս, դա նշանակում է, որ «եզը պառկեցվել է  մորթելու համար» ու բոլորը շտապում են մաս պոկել։ Այնպես որ մեր պարզունակ իշխանությունը թող դրանից չոգևորվի։ Ինքն է ինչ որ ուժերի հետ միասին «պառկեցրել եզը»։ Ինքը կամ պիտի հեռանա, կամ բանող եզը մորթելու են։