«Երկիր մեդիան» կմասնակցի մրցույթին
Հնգամսյա դադարից հետո «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հունիսի 30-ից կրկին եթերում է: Դեռ 2021 թվականինն ՀՌՀ-ն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի արդյունքները: Հաղթողներն էին` «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա ՀԸ), «Շանթ» ՍՊԸ-ն, «Ա-Թիվի» ՍՊԸ-ն և «Մուլտի մեդիա-կենտրոն թիվի» ՓԲԸ-ն (Կենտրոն ՀԸ): Փաստացի Հայկական երկրորդ հեռուստաալիքը` Հ2-ը դուրս մնաց մրցույթից և դիմեց դատարան, դատարանն էլ իր հերթին բավարարեց Հ2-ի պահանջն, ինչի արդյունքում անվավեր ճանաչվեցին մրցույթի արդյունքները: 2022-ի վերջին ՀՌՀ-ն կրկին հայտարարեց մրցույթ, սակայն այս անգամ 5 սլոթի փոխարեն սահմանեց 4 սլոթ, որովհետև մեկ այլ դատական հայցով Հ2-ը պահանջում էր իրեն ճանաչել մրցույթի հաղթող եւ արգելանք էր դրել` հեռուստաընկերությունը դատարանից պահանջել էր ՀՌՀ-ին պարտավորեցնել մեկ սլոթ ազատ պահել։ Դատարանն էլ սառեցրել էր մեկ սլոթի մրցույթը՝ թույլատրելով հինգի փոխարեն չորս սլոթի մրցույթ անցկացնել: Մրցույթի արդյունքում` 6 հեռուստաընկերություններից 4-ը հաղթող ճանաչվեցին։ Պատահականության և դիտավորության արդյունքում ընդդիմադիր «Երկիր Մեդիան» ու Հ2-ը հեռարձակման լիցենզիա չստացան, փոխարենը լիցենզիա ստացան, օրինակ` «Կիսաբաց լուսամուտներ» ցուցադրող «Աթիվին», կուսաթաղանթի մասին սերիալ ցուցադրող` «Արմենիան» ու այդպես շարունակ: Ստացվեց, որ պետությունը փաստացի խրախուսում է տարատեսակ գռեհկաբանություններ ցուցադրելը եւ ՀՌՀ-ն էլ լիցենզիա է տալիս նման թիվիներին, բայց ոչ օրվա իշխանություններին սուր քննադատության արժանացնողներին:
Հիմա այդ մի սլոթի նկատմամբ արգելքը հանված է եւ ՀՌՀ-ն նոր մրցույթի հայտարարություն է տարածել։ Հայտերը կընդունվեն հուլիսի 3-24-ը ներառյալ: ՀՌՀ-ից «Հրապարակին» հայտնեցին, որ մրցույթի մասնակիցների անունները կհրապարակվեն հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո, իսկ մրցույթը տեղի կունենա վերջնաժամկետից հետո` 60-օրյա ժամկետում: Այսինքն, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնի կդառնա, թե ով է առաջիկա տարիներին տնօրինելու հանրապետական եւս մի հեռուստաալիք:
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պարտադիր մասնակցելու են մրցույթին: Մրցույթին մասնակցելու են նոր տեխնիկական միջոցներով և նոր բովանդակությամբ: Հ2-ից մեզ տեղեկացրին, որ դեռևս ժամանակ կա` վերջնական որոշում այդ մասով դեռ չունեն: Բանն այն է, որ Հ2-ը դիմել է դատարան` պահանջելով ոչ միայն չեղարկել նախկինում կայացած մրցույթը, այլ վերանայել այդ մրցույթի արդյունքները եւ նախկին դիմողների մեջ հաղթող ճանաչել իրեն` Հ2-ին, ուստի երկմտում են մասնակցել այս մրցույթին: Կարծում են, որ առանց որևէ մրցույթի այդ սլոթը պետք է տրամադրեն հենց իրենց, քանի որ անարդար որոշում է կայացրել ՀՌՀ-ն: Իսկ նոր մրցույթին մասնակցելը կնշանակի հրաժարվել իրենց հայցի պահանջներից:
Կարծիքներ