Սկանդալային պոչամբարի ճակատագիրը․ էկոլոգիական աղե՞տ թե՞ մաքուր ջուր (տեսանյութ)

Սկանդալային պոչամբարի ճակատագիրը․ էկոլոգիական աղե՞տ թե՞ մաքուր ջուր (տեսանյութ)

ԶԼՄ-ներկայացուցիչների համար այսօր պրեսս-տուր էր կազմակերպվել դեպի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբար, որտեղից, ըստ Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի, պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել էին Ողջի գետն ու աղտոտել այն։
Այնտեղի աշխատակիցները լրագրողներին ծանոթացրին պոչամբարին, եւ, պոչամբարի ջրի զտման պրոցեսին, որն իրենց ներկայացմամբ՝ մաքուր է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը նախ ներկայացրեց քարտեզ, ըստ որի՝ գտնվում են պոչամբարի շահագործման վերջին փուլում։ Ապա նշեց՝ իրենք նախատեսում  են 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով 960  նիշի․ «Այն կարելի է կատարել 10 տարում, մենք որոշել ենք եւ փոխհամաձայնության  ենք եկել մեր հարեւան Կապան համայքնի հետ, որ շահագործումը կավարտենք 5 տարում։ Պրոյեկտից շեղումներ չենք ունեցել»։

Տնօրենը նաեւ նշեց․ «Մենք չենք նախատեսում մեր հանքից հեռու պոչամբար ունենալ։ Նախատեսում ենք շուտ ավարտել աշխատանքները,  մոտական տարիները պետք են լինելու, որ մենք պրոյեկտներով ներկայանանք հանրությանը, կառավարությանը, ավարտենք աշխատանքներն այստեղ եւ շարունակենք Կապան համայքնից հեռու»։
Ըստ տնօրենի՝ 11 տարի հետո պոչամբարն այլեւս այժմյան իր տարածքում չի լինելու։

Զանգեզուրի կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանն էլ նշեց՝ ամեն տարի կատարում են ռեկուլտիվացիա (ռեկուլտիվացիան աշխատանքների ամբողջություն է, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով)․ «Սկսվում է հողի բերրի շերտի հանումից, պատշաճ կերպով պահեստավորվում է։ Մենք բերում  ենք էն խախտված հողային տարածքները այն  վիճակի, որը եղել է բնության մեջ։ Արվում  է հատուկ մշակում եւ կանաչապատվում է»։ 
 

Այնուհետեւ Ալեքսանյանը ցույց տվեց մշակված տարածքը։

Հաջորդ կայարանը լրագրողների համար պոչամբարի այն հատվածում էր, որտեղ ջուրը զտվում է, այդտեղից էլ թափվում գետի մեջ։ Թեպետ ջուրն ուներ փիրուզագույն երանգ (ինչպես ամռանը Սեւանա լիճը՝ ծաղկման շրջանում), սակայն աշխատակիցները վստահեցրին՝ մաքուր ջուր է։
Սամվել Ալեքսանյանը նշեց՝ հաճախ ասում են գորշ ջուր է, սակայն պատկերն ինքներս ենք տեսնում։ 

Նշենք, որ այս պոչամբարի եւ կոմբինատի հարցը միշտ հանրության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում  է եղել։ Բնապահպանները բարձրաձայնում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնների համար ստեղծված Արծվանիկի պոչամբարը հարակից բնակավայրերի համար իսկական գլխացավանք է դարձել։ Նրանք ահազանգում են պոչամբարից ու պոչատարից շրջակա միջավայր թափվող հանքարդյունաբերական վտանգավոր թափոնների մասին։

Ի դեպ, Արծվանիկի պոչամբարը Հայաստանի ամենամեծ պոչամբարն է։ Պոչամբարի ներկայիս ծավալը կազմում է հանրապետության մյուս բոլոր պոչամբարների մոտ 75 տոկոսը:
Նշենք նաեւ, որ օրերս Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Հրապարակված ցուցանիշների համաձայն, խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 29.5 մլրդ դրամ՝ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 19.73%-ով կամ 4.86 մլրդ դրամով։ 2018թ. առաջին կիսամյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ևս առաջատար էր։https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/72767019_3220851954653643_8862900598547152896_n.jpg?_nc_cat=107&_nc_oc=AQm4inw2OXP2GqpZ9imp3wsr2_zlvHU3oUzMmJ_IeUBM7frm-NXMv3ykMdY5xF07fQw&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=1aec21e1d41994612637778628564009&oe=5E5487FD