Ինչո՞ւ են մարդահամարի թվերի մեջ արտագաղթածներին նույնպես հաշվել

Ինչո՞ւ են մարդահամարի թվերի մեջ արտագաղթածներին նույնպես հաշվել

2022-ի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում անցկացվեց մարդահամար, որի վրա ծախսվեց մոտ 1.5 միլիարդ դրամ։ Սա անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն էր։ Հարցաթերթիկներն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով են լրացվել` պլանշետներով, եւ ընտրողաբար՝ հեռախոսազանգերի, ոչ թե այցելությունների սկզբունքով։ Ըստ օրենքի՝ մարդահամար անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ, Հայաստանում մարդահամար անցկացվել է 2001 եւ 2011 թվականներին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ հետաձգվել էր երկու տարով: Հարցաթերթիկում այս անգամ եղել են նաեւ անհատական հարցեր՝ անուն-ազգանուն, ծննդյան օր, քաղաքացիության, երկրի, եկամտի աղբյուրների մասին: Քաղաքացիներից հետաքրքրվել են նաեւ, թե որտեղ են գտնվում տան անդամները եւ այլն: Հարցեր են հնչել նաեւ կրթության, առողջության, աշխատանքի, բնակարանային պայմանների, ամուսնական կարգավիճակի, զբաղմունքի եւ այլնի վերաբերյալ։

Երկար՝ մոտ 6 ամիս ամփոփելուց հետո վերջապես նախօրեին հրապարակվեցին դրանց որոշ արդյունքներ։ Հայտարարվեց, որ Հայաստանում մարդահամարի արդյունքներով՝ մշտական բնակչության թիվը 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 928 հազար 914 մարդ: Թվի մեջ ներառված են նաեւ այն մարդիկ, որոնք Հայաստանում են բնակվում, սակայն մարդահամարի հարցումների ժամանակահատվածում մինչեւ մեկ տարի ժամկետով բացակայում են Հայաստանից։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ առկա բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 638 հազար 917 մարդ։ Մենք զրուցել ենք ՀՀ վիճակագրության կոմիտեի Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հետ:

- Տիկին Կույումջյան, ի՞նչու են ներառել նաեւ այն քաղաքացիներին, որոնք մեկ տարի ժամկետով բացակայում են Հայաստանից: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ նրանք մեկ տարով են բացակայելու: Համոզվա՞ծ եք, որ նրանք վերադառնալու են: Վերջապես՝ կա՞ վերահսկող մարմին, ով հստակ կարող է ասել՝ տվյալ քաղաքացիներն ի վերջո Հայաստան վերադարձել կամ վերադառնալո՞ւ են, թե՞ ոչ:

- Բացակայելու են մեկ տարի ժամկետով: Մարդահամարի անցկացրած եղանակը համակցված եղանակ է, մենք օգտագործել ենք բնակչության պետական ռեգիստրի եւ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալները: Հատուկ ծրագրային ապահովման միջոցով մեզ տեղեկությունները հասանելի են դարձել այն անձանց վերաբերյալ, որոնք երկրից բացակայել են, ընդ որում՝ բացակայության ժամկետի մասով եւս տեղեկացված ենք:

- Իսկ այդ քաղաքացիներից քանի՞սն են Հայաստան վերադարձել, գուցե որոշել են չվերադառնալ, ինչպե՞ս եք կարողացել մեկ տարով բացակայելը հիմք համարել եւ այդ քաղաքացիներին ներառել:

- Դե, դրա համար էլ սահմանը հատող համակարգ գոյություն ունի, որը գրանցում է՝ ով է երկրում եւ ով՝ երկրից դուրս, երբ է երկրից դուրս եկել եւ այլն: Մարդահամարի անցկացման շրջանակներում օգտագործվել են այդ տվյալները:

- Հստակ կարո՞ղ եք ասել, թե քանի քաղաքացի է ներառվել մարդահամարի շրջանակներում, որոնք երկրում չեն եղել:

- Եթե հնարավոր լիներ նման թիվ հրապարակել, մենք կհրապարակեինք, բայց քանի որ տվյալները նախնական են եւ դեռեւս լրացուցիչ կառուցվածքային ստուգման ենթակա են, բնականաբար, այս պահին չենք ուզում լրացուցիչ ինֆորմացիա տալ:

- Գուցե Հայաստանում այնքան քիչ մարդ է մնացել, որ ձեր առաջ խնդիր է դրվել արտագաղթածների թվերը ե՞ւս ներառել մարդահամարի շրջանակներում, որպեսզի իրական պատկերը թաքցվի, բացը լրացվի, այսպես ասած:

- Ներողություն, ինչի՞ մասին եք խոսում: Մենք պաշտոնական վիճակագրություն ենք վարում, հարգելիս:

- Նախորդ մարդահամարներում, կարծես, նման բան չի եղել, որ արտերկրում գտնվողներին եւս ներառեն մարդահամարի թվերի մեջ։

- Նախորդ մարդահամարի ժամանակ էլ եղել են ժամանակավոր բացակայողներ: 2011 թվականի մարդահամարի մեթոդաբանության մեջ եւս բացակայողների մասին գրված է: Հղումն արված է միջազգային մեթոդաբանությանը, որը սահմանում է հստակ կարգը, եւ որից օգտվում են բոլոր երկրները` վիճակագրություն վարելու համար: Այն ոչ միայն մարդահամարի համար է, այլեւ հետագայում բնակչության թիվը հաշվառելու համար: Խորհրդային ժամանակներում եւս այդ կարգավիճակներն օգտագործվել են: