Մեկնարկը տվեց Վանեցյանը, վաղվանից ակտիվ գործողություններ են նախատեսվում

Մեկնարկը տվեց Վանեցյանը, վաղվանից ակտիվ գործողություններ են նախատեսվում

Չսպասելով սուրբ Զատիկի օրվա ավարտին այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ազդարարեց փողոցային պայքարի մեկնարկը: Մեր տեղեկություններով, այս մեկնարկի մասին քչերն էին տեղեկացված ընդդիմադիրներից: Անգամ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամներից ոմանք տեղեկացել էին Վանեցյանի լայվից` նա կեսօրից հետո ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց, որ գնում է Ազատության հրապարակ և չի հեռանալու մինչև պայքարն ավարտին չհասցնի:

Մարդիկ, ֆեյսբուքից և լրատվամիջոցներից տեղեկանալով այս մասին, սկսել էին հավաքվել հրապարակում: Նրանք խմբերով, առանձին գալիս էին, շրջում, զրուցում, հետաքրքրվում պայքարի ծրագրով, ապա մնում կամ հեռանում: Երեկոյան մարդկանց քանակը գնալով ավելանում էր: Անգամ ոստիկանների կողմից վրանները խլելու և ակտիվիստներից 5 հոգու բերման ենթարկելու փաստը, մարդկանց հոսքը չնոսրացրեց: Հրապարակում էին քաղաքական գործիչներ, հանրային հայտնի դեմքեր, դասախոսներ, մտավորականներ: Հրապարակում էր ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալը, որը փորձում էր բանակցություններով համոզել, որ վրան չդրվի, իբրև թե դա օրենքի խախտում է:

Իշխանական civic. am-ը գրեց, որ Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանն ու իր 100 համախոհներն են հավաքվել, ոստիկանությունը կարգուկանոն է հաստատում: Պարզ չէր, թե` եթե ընդամը 100 հոգի էր հավաքվել, իշխանությունն ինչից է այդպես սարսափել, որ հրապարակ է բերել ալֆան ու մի քանի տասնյակ ոստիկաններ: Անգամ օպերայի լույսերն էին հանգցրել, որ մթնելուց հետո օպերայի հրապարակում հավաքվածները ոչինչ չտեսնեն: Ընդդիմությունը վաղն ավելի համակարգված պայքար է ծրագրել: Պայքարի մի քանի այլ օջախներ էլ կձևավորվեն: Ապա այդ օջախները կմիավոեն իրենց ուժերը: Իսկ Ազատության հրապարակը փորձելու են անընդհատ տաք պահել և տարբեր ակցիաներ իրականացնել: Արթուր Վանեցյանին և նրա թիմակիցներին կմիանան նաև ուրիշ քաղաքական ուժեր: