Լրիվ դատական «Անասնաֆերմա»

Լրիվ դատական «Անասնաֆերմա»

Ուրեմն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական, դատախազության հանրային կապերը կոորդինացնող Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում մի երկար-բարակ գրառում է կատարել, որի հիմնական իմաստն այն է, որ դատախազությունը որոշել է պատժել Առաջին ատյանի դատարանի այն դատավորին, որը հունիսի 21-ին հանդգնել էր կալանավորելու փոխարեն ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։ Վերաքննիչ դատարանն էլ էր «ազատ թողել» Ծառուկյանին՝ գործը նորից հետ ուղարկելով Առաջին ատյանի դատարան, որտեղ արդեն դատավորը հայտնի Մացոն էր՝ Մնացական Մարտիրոսյանը, ով բոլոր իշխանությունների սրտի «կալանք տվողն է»: Ու հիմա դատախազությունը որոշել է պատժել Առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը հունիսի 21-ին հիմքեր չէր գտել Ծառուկյանին կալանավորելու: Իսկ Մացոն գտավ այդ «հիմքերը»: Դատախազությունն էլ, հիմնվելով Մացոյի «հիմքերի» վրա, որոշել է կարգապահական վարույթ հարուցել Ռոբերտ Պապոյանի նկատմամբ՝ նման «հանդգնության» համար: Սա ոչ այլ ինչ է, քան բռնապետական վարչակագի բացահայտ դրսևորում, երբ դատավորին պատժում են իր իսկ կայացրած դատական ակտի համար: Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ դատախազ Արթուր Դավթյանը նախկինում երբևէ որևէ գործընթաց չի սկսել այն դատավորների նկատմամբ, որոնց կայացրած դատական ակտերը ՄԻԵԴ-ում բեկանվում էին ու մեր երկրին գցում միլիոնավոր դոլարների պարտքի տակ: Իսկ հիմա հանկարծ հասկացել են, որ Ռ Պապոյանի կայացրած դատական ակտով «խախտվել են իրավական պրակտիկայում ձևավորված հանրաճանաչ նորմերը»: Նախ՝ ո՞վ է որոշել, որ տվյալ դատավորը ինչ-որ իրավական նորմեր է խախտել, սխալ կամ ապօրինի ակտ է կայացրել, որտե՞ղ է դա ամրագրվել, ո՞ր ատյանում է հաստատվել նրա կատարած խախտումը: Հաստատեք, նոր պատժեք: Եվ հետո, եթե ԲԴԽ-ն որոշի տուրք տալ դատախազության քմահաճույքներին՝ թույլ տալով պատժել դատավորին իբր սխալ դատական ակտի համար, ապա սա կարող է չափազանց վատ նախադեպ դառնալ դատական համակարգում ու կաշկանդել դատավորներին՝ կայացնելու իրենց խղճի հետ հաշտ, արդար ու անկախ դատական ակտեր:

Նկատենք նաև, որ Գոռ Աբրահամյանն այդ երկարաշունչ ու ճոռոմ ձևակերպումներով ստատուսը իր բառերից չէ, որ գրել է, դատախազությունում են այդ տեքստը երկնել, գրել տվել նրան, որ հրապարակի իր էջում։ Հետևաբար, այս խայտառակության հասցեատերը բացառապես Սերժի թվերից «հեղափոխական» թիմ տեղափոխված դատախազ Արթուր Դավթյանն է, ով «Սերժի վախտ», բնականաբար, դուխ չէր անի Ծառուկյանի կամ որևէ ազդեցիկ մեկի դեմ նման գործընթաց սկսել, եթե, իհարկե, համապատասխան վայրից համապատասխան հրահանգ չլիներ։ Ցավալի է, սակայն, որ բոլոր ժամանակների խորհրդական Գոռ Աբրահամյանը այս խայտառակությունը ատամներով պաշտպանում է ֆեյսբուքում ու մարտեր մղում այն քննադատողների դեմ:

Ու այս ամենը դատախազությունը տարածում է առանց դույզն-ինչ ամաչելու, մի բան էլ Գոռի շուրթերով կոչ է անում չքաղաքականացնել այս «իրավական գործընթացը» ու չհամարել սա քաղաքական հետապնդում Ծառուկյանի դեմ։ Այսինքն՝ Առաջին ատյանի դատավորին իր կայացրած որոշման համար ուզում են «կախաղան հանել»՝ կարգապահական վարույթ նախաձեռնելով նրա դեմ, ու այդքանից հետո դեռ խոսում են ազատ ու անկախ դատական համակարգի, ընդիմադիրների դեմ քաղաքական հետապնյդումներ չիրականացնելու և «բացառապես իրավական գործընթացների» մասին։ Սա լրիվ «Անասնաֆերմա» է՝ դատական «Անասնաֆերմա», որտեղ բոլոր դատավորները հավասար են, իսկ որոշ դատավորներ՝ արտոնյալ, օրինակ՝ Մացոն, որոշներն էլ՝ մեղավոր, եթե նման չեն Մացոյին ու Մացոյի նմաններին: Սա Նիկոլ Փաշինյանի խոստացած դատական համակարգն է, որտեղ դատավորը լավն է, եթե իշխանական է: Հարամ լինի նման «անկախ դատական համակարգը»: