Բագրատաշենում գտնվող 80 քաղաքացի արդեն հացի խնդիր ունի, քնում են դրսում, լողանում՝ լճում

Բագրատաշենում գտնվող 80 քաղաքացի արդեն հացի խնդիր ունի, քնում են դրսում, լողանում՝ լճում

Շուրջ 80 քաղաքացի հուլիսի 30-ից սկսած գտնվում է Բագրատաշենի անցակետից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ «Անի» սրճարանի մատույցներում։ Սրանք այն քաղաքացիներն են, որոնք համավարակի ընթացքում պարբերաբար ցույցեր էին անում ՌԴ դեսպանատան դիմաց՝ պահանջելով թույլ տալ ՌԴ մեկնել մեքենաներով։

Ինչպես «Հրապարակին» հայտնեց ՌԴ քաղաքացի Գեղամ Բաղդասարյանը՝ իրենց մեջ կան տարեցներ, հղիներ։
«Ահավոր վիճակ է, արդեն բանը հասել է նրան, որ մարդկանց հնարավորությունները չեն ներում թե՛ ուտելիքի, թե՛ խմելիքի հետ կապված։ Մարդիկ քնելու տեղ չունեն,  քնում են նստարաններին, ստեղ կա «Անի»  կաֆե, որի դիմաց մեզ տեղ են տվել գիշերելու։ Մարդ կա՝ մեքենաների մեջ է քնում․․․ սոցիալական․․․ շոր լվալ, լողանալ, լիճ կա, որտեղ մարդիկ գնում են իրենց շորերը լվանում են, մի կերպ  դիմանալով»։ Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթում 40 + շոգեր են և կարելի է պատկերացնել օրուգիշեր դրսում, բաց երկնքի տակ մնացող մեր հայրենակիցների վիճակը։ Պատահական չէ, որ գրեթե ամեն օր կամ օրական երկու անգամ  Բագրատաշենի անցակետի մոտ «Շտապօգնության» մեքենաներ են գալիս։

Գեղամն ասաց, որ սկզբնական շրջանում, երբ շատերի ձեռքին դեռ գումար կար, փորձել են մահճակալներ վարձել տատիկ-պապիկների տներում, բայց այսօր շատերն անգամ սննդի փող չունեն։

Նման հուսահատական ակցիայի ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ անող մեր հայրենակիցները դիմել էին վերջին անգամ  ՌԴ դեսպանատանը նամակ հանձնելուց ու պատասխան չստանալուց հետո։ Բայց ի՞նչ երաշխիք ունեին, որ բոլորոով գնալու են սահման և իրենց թողնելու են երկրի սահմաններից դուրս։ «Մեզ տեղեկություն հասավ, որ ՌԴ քաղաքացիներին  տրամադրվել են ավտոբուսներ, որոնք կարողացել են Բագրատաշենի սահմանով, Վրաստանով հասնել Ռուսաստան։ Այդ փաստարկի վրա հիմնվելով, բոլորս ՌԴ քաղաքացիներ ենք, նաև մեզ հետ  կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն ՌԴ-ում բնակվող կին, երեխաներ, հայր, մայր, ուզում են միանալ իրենց ընտանիքներին։ Նաև մենք նշել էինք, որ խնդրում ենք մեզ պատասխան տալ  (ՌԴ դեսպանատանն ուղղված նամակում ), չլինելու դեպքում բոլորս գնում ենք Բագրատաշենի անցակետ ու սպասենք ձեր պատասխանին»,-ասաց մեր հայրենակիցը։
Չնայած արդեն հասնում են  «հումանիտար աղետի շեմին», իրենք մեկ քայլ անգամ չեն նահանջելու և մնալու են Բագրատաշենում, քանի դեռ իրենց խնդիրը չի լուծվել։