Ինչո՞ւ են դպրոցներից պահանջում ներկայացնել անձնագրերի բնօրինակները

Ինչո՞ւ են դպրոցներից պահանջում ներկայացնել անձնագրերի բնօրինակները

Դպրոցներից պահանջում են ուսուցչական եւ սպասարկող անձնակազմի անձնագրերի բնօրինակները՝ սքան տարբերակով, կրկին ներմուծել ԴԿՏ համակարգ (դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ)։ Այս մասին մեր խմբագրություն ահազանգեցին մի քանի դպրոցներից՝ նշելով, որ անձնական տվյալները դարձյալ պահանջելու կարիք բնավ չկա, քանի որ բոլոր դպրոցներից ուսուցիչների, աշխատակազմի անձնական տվյալներն արդեն ներմուծված են միասնական էլեկտրոնային համակարգ, բայցեւայնպես, դպրոցներից պահանջել են, որ անձնական տվյալներին կցվի անձնագրի բնօրինակի սքանավորված տարբերակը, իսկ թե ինչու ոչ պատճենը, ասել են՝ դպրոցը խնդիրներ կունենա, եթե այդ տարբերակով չներկայացնի։ Այս հանգամանքն ուսուցիչների մոտ կասկածներ է առաջացրել, ավելին՝ նրանք վստահ են, որ սա ընտրությունների հետ է կապված։ 

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը վստահեցնում է, որ այս գործընթացը պայմանավորված չէ որեւէ քաղաքական կամ նախընտրական գործընթացներով, բայցեւայնպես, մի շարք դպրոցներ, այս փաստով պայմանավորված, արդեն դիմել են անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որոնց բոլորին պարզաբանել են խնդիրը՝ նշելով, որ այդ իրենք չեն պահանջել մուտքագրել տվյալներն ու փաստաթղթերը, այլ՝ ԿԳՄՍ նախարարությունը, որը շրջաբերական է ուղարկել մինչեւ  մարզպետարաններ, վերջիններս էլ` դպրոցներ։ Բացի այդ, ինչպես վստահեցնում է Ա․ Պողոսյանը, գոյություն ունեն նաեւ օրենսդրական հիմքեր՝ այս գործողությունն իրականացնելու համար․ «2020թ․ սեպտեմբերի 8-ի նախարարի համապատասխան հրամանով հաստատված է աշխատակցի էլեկտրոնային գործ-գրքույկը, որտեղ նշված է, որ այսուհետ թղթային տարբերակով գործ-գրքույկները չեն պահվելու, եւ հստակ նշված է, թե ինչ փաստաթղթեր եւ տվյալներ պետք է մուտքագրվեն կառավարման համակարգ»։

Ինչ վերաբերում է փաստաթղթերի՝ բնօրինակ լինելու պահանջին, ապա «դա, ամեն դեպքում, բնօրինակ չէ, այլ` պատճենը, եւ այդ առումով որեւէ խնդիր, որեւէ տեղ օգտագործելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է անձնական տվյալներին, ապա ուսուցիչների, բոլոր աշխատակիցների տվյալներն արդեն կան համակարգում, եւ սա արվում է եւս մեկ անգամ՝ ստուգելու համար տվյալների մուտքագրման իսկությունը։ Սա նաեւ մեկ անգամ եւս հնարավորություն է տալիս ամբողջացնելու գործ-գրքույկի էլփաթեթը եւ թարմացնելու գոյություն ունեցող տվյալները»։    

Թե ինչու հենց հիմա նախարարությունը որոշեց ստուգել տվյալների մուտքագրման իսկությունը, ԿՏԱԿ-ի տնօրենն ասում է․ «Երբ նախարարի հրամանն ընդունվել էր, եւ սկսել էր աշխատանքը, դպրոցները չէին հասցրել իրականացնել այդ գործառույթը, հիմա ուղղակի համընկել է ժամանակահատվածը։ Ու քանի որ այսուհետ էլեկտրոնային գործ-գրքույկ է վարվելու, ես գրեթե համոզված եմ, որ դպրոցներում տնօրեններն իրենց մոտ աշխատող ուսուցիչների տվյալների թարմացում չեն անում, մարդը ժամանակին բերել է իր տվյալները, բայց հետո անձնագրում հնարավոր է՝ հասցե է փոխվել։ Այսինքն՝ սա եւս մեկ հնարավորություն է դպրոցներին՝ իրենց մոտ եղած փաստաթղթերը թարմացնելու»։ 

Գունավոր պատճենը ներկայացնելու նպատակն էլ, ըստ նրա, պայմանավորված է որակական պահանջով։ «Ասում ենք՝ գունավոր սքան արեք, որ հետագայում ձեր փաստաթղթերում ունենաք ավելի լավ տեսքով փաստաթուղթ, որովհետեւ, միեւնույն է, եթե անգամ գունավոր պրինտ արվի, ինքը բնօրինակ չի կարող համարվել։ Այսինքն՝ փաստաթղթի բնօրինակի օգտագործման մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել»,- ասում է Պողոսյանն ու ընդգծում, որ համակարգը փակ է, եւ դպրոցների անձնական տվյալները որեւէ տեղ չեն կարող հրապարակվել, բայցեւայնպես, այդտեղ մուտք ունի ոչ միայն տվյալ դպրոցը, այլ նաեւ նախարարության, տեսչության, հանձնաժողովի կոնկրետ թվով եւ հատուկ կարգավիճակի աշխատակիցներ, որոնք ունեն հատուկ մուտքանուն եւ գաղտնաբառ։   

Ա. Պողոսյանը շտապում է հանգստացնել՝ նշելով, որ նախարարության պարզաբանումն այս մասով արդեն տրվել է դպրոցներին, իսկ ստեղծված աղմուկը, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ երբ գործընթացը սկսվեց դպրոցներում, շրջաբերականն ուշ հասավ նրանց, եւ ըստ այդմ` առաջացավ «որոշակի անհանգստություն»։