Մենակ ժպտալը չէ, արեւածաղիկ չրթողներ էլ կան 

Մենակ ժպտալը չէ, արեւածաղիկ չրթողներ էլ կան 

Այսօր Հայոց բանակի 30-ամյակն է։ ԱԺ ընդդիմությունը՝ հակադրվելով իշխանությունների պահվածքին, երեկ եւ այսօր այցելում են զորամասեր, դիրքեր, զինծառայողների հետ են անցկացնում այս օրը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը, Թեհմինա Վարդանյանը եւ Արթուր Ղազինյանը երեկ Տավուշի մարտական դիրքեր են մեկնել։ Այն հարցին, թե տրամադրությունն ինչպես էր Տավուշում, Նազարյանը նշեց․ «Տրամադրությունն ընդհանուր առմամբ նորմալ էր։ Ժամկետային զինծառայողներից մեկը նշեց, թե կարծում էր՝ զինվորն էլ ոչ ոքի պետք չէ։ Բանակն այսօր մեր կարիքն ունի։ Պատերազմից հետո լավ լինելը հրամանատարի եւ զինվորի համար դժվար է։ Նրանք չեն կարող ուրախ-զվարթ լինել։ Բոլորն էլ զոհված ընկերներ, հարազատներ ունեն։ Զինվորն էլ նշում է, որ չի պարտվել»։

Հարցրեցինք՝ ողջ համացանցը քննարկում է պատգամավոր Լուսինե Բադալյանի լայն ժպիտը՝ Եռաբլուրի տխրության ֆոնին, Նազարյանն ընդգծեց․ «Լուսինեն մենակ չէ։ Ես հիմա չեմ ցանկանա մեկնաբանել նրան, սակայն մարդիկ պետք է հասկանան, որ արեւածաղիկ չրթելով Եռաբլուր գնալ չի կարելի։ Նույնը պետք է ասեմ Ծիծեռնակաբերդ գնացողների մասին։ Մեր հասարակությունն իրեն պահելու խնդիր ունի։ Լուսինեն կարող է ինչ-որ մի բան էր հիշել ու ժպտում էր, հարցը դա չէ։ Խնդիրն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հիվանդանում են Հայոց բանակի 30-ամյակին։ Կենացի մակարդակի հայտարարություններից զատ բանակը մեր կարիքն ունի»,- նշում է Գեղամ Նազարյանը։