Ինքնահոսի մատնված երկիր

Ինքնահոսի մատնված երկիր

Իշխանություններին քննադատողներին քննադատում են սուբյեկտիվիզմի, ամեն ինչ սեւացնելու, ոչ մի լավ բան չտեսնելու մեջ։ Ասում են՝ չարացել եք, նախկինների աչքերով եք նայում աշխարհին, «նրանց պատվերն եք կատարում»։ Անիմաստ մեղադրանքներին լսելու եւ արձագանքելու ցանկություն չունենք, բայց մեզ սուբյեկտիվության մեջ մեղադրողներին առարկելու շատ բան ունենք։ Միայն կույրերը չեն նկատի, որ մեր պետությունն ավելի ու ավելի վատ կառավարվող, մեր ապագան ավելի ու ավելի անորոշ, մեր կյանքն ավելի ու ավելի անկազմակերպ է դառնում։ Այն, ինչ այսօր կատարվում է պետական կառավարման համակարգերում, մոտ է աղետալի կոչվելուն։ Ոչ մի պետական կառույց, ըստ էության, չի ծառայում իր նպատակին։ Կրթության համակարգը կոլապսի մեջ է, եւ կրթության որակի բարելավման անգամ հեռավոր նշաններ չկան։

Առողջապահության համակարգում բազում չհիմնավորված օպտիմալացումների ու կադրային փոփոխությունների տրամաբանությունը անգամ նախաձեռնողները չեն կարողանում բացատրել։ Սոցիալական ոլորտում այդպես էլ չկարողացան պարզել, թե ովքեր են աղքատները, եւ սոցիալական ծրագրերում ոչ մի հասցեականություն, գործազրկության դեմ պայքարի քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Քաղաքաշինությունում կոռուպցիա է եւ վայրիվերո վիճակ՝ ոչ մի ծրագիր ու կոնցեպցիա։ Բանակում զբաղված են միայն սննդի ծրագրով, եւ քանի դեռ ռազմական գործողություններ չկան, «ամեն ինչ հրաշալի է»։ Բնապահպանության ոլորտում անտերություն է՝ ապրի կորոնավիրուսը, բնությունը մի քիչ շունչ քաշելու հնարավորություն ունեցավ։ Գյուղատնտեսությունը մնացել է գյուղացու հույսին, իսկ գյուղացին վաղուց է ձեռք քաշել պետությունից։ Տրանսպորտի հարցում էր պետությունը ծառայություններ մատուցում, դրանից էլ հրաժարվեց։