Պարոն քաղաքապետ, Դուք ՀՀԿ-ի ժամանակ լավ փող էիք աշխատում․ավագանու նիստին կրքերը չեն հանդարտվում

Պարոն քաղաքապետ, Դուք ՀՀԿ-ի ժամանակ լավ փող էիք աշխատում․ավագանու նիստին կրքերը չեն հանդարտվում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու այսօրվա նիստին վիճաբանություն տեղի ունեցավ ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամների եւ քաղաքապետի, վերջինիս խորհրդականի միջեւ։ 

Հիշեցնենք․ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Լույսից» Թեհմինա Վարդանյանը ելույթ ունեցավ ոչ տվյալ պահին քննարկվող հարցի վերաբերյալ։ Հայկ Մարությանի հրահանգով անջատվեց նրա խոսափողը։

Արտահերթ ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Եթե ձեզ թվում  է, որ մեր ելույթները պետք է գրաքննեք, մեր խոսքը սահմանափակեք, ապա նման երեւույթ չի եղել ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ քաղաքապետարանում՝ հանրապետականների ժամանակ, ու չի լինելու Երեւանի ավագանիում այսուհետ։ Էդ որ թուղթ եք կեղծում, ես կապացուցեմ, որ լիազորություններն անցնելու թղթեր եք գրում, էդ ամեն ինչը, ինչ անում եք, մեր նկատմամբ մի կիրառեք։ Ես թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի, եւ դուք որոշեք՝ մենք թեմայից շեղվե՞նք, թե՞ ոչ։ Ես ձեզ հիշեցնում եմ «Երկիր ծիրանիի» օրինակը, որը ցանկալի ընդդիմությունը չէր, բայց Տարոն Մարգարյանը նստած չէր սահմանափակում նրանց խոսքը՝ Ձեր պնդումով, որ թեմայից շեղվեց։ Էդ ձեր մեկնաբանությունները պահեք Ձեզ»,-նշեց Խաժակյանը։

Հայկ Մարությանը, Խաժակյանին դիմելով, ասաց․ «Ես հասկանում եմ, որ Դուք հաճույքով եք հիշում ՀՀԿ-ի ժամանակաշրջանը, Ձեզ կոմֆորտ էիք զգում»։

«Լույսից» Անի Խաչատրյանն ընդհատեց Մարությանին․ «Նիկոլ Փաշինյանի թիմի ու իր հետ, որ Դուք նկարվում էիք Հանրապետականի պատվերով։ Պարոն քաղաքապետ, Դուք Հանրապետականի ժամանակ լավ փող էիք աշխատում»։