Արժանի չեղաք մեզ

Արժանի չեղաք մեզ

Մենք խոսում ենք հանրային համերաշխությունից, միավորումից, մեր խնդիրներն ազգովի լուծելու անհրաժեշտությունից, իսկ նրանք շարունակում են մարդ բռնել ու ընտրությունների արդյունքները ջնջել: Մարդիկ, ում 4 տարի շարունակ հալածել են` քրգործեր հարուցել, նվաստացրել, բոլոր ամբիոններից վիրավորել, պատրաստ են աջակցել իրենց, որ ելքեր գտնեն ու այս փոսից հանեն երկիրը, նրանք շարունակում են հեգնել, ծաղրել, արհամարհել նրանց: 4 տարի շարունակ ներկա-նախկին են արել, թիրախավորել մեծ թվով մարդկանց, հանրության բացասական էներգիան ուղղել, բոլոր մեղքերը բարդել նրանց վրա, իսկ նախկինների ներկայացուցիչները շարունակում են այս կամ այն կերպ աջակցել, խորհուրդներ տալ, ուղղություն ցույց տալ իրենց: Ոչ մի պետական միջոցառման նախկին նախագահներին չեն հրավիրել, Նիկոլ Փաշինյանը չի փորձել նրանց, անգամ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նորմալ մարդկային հարաբերություններ կառուցել, իսկ նա իշխանություն-ընդդիմություն երկխոսության առաջարկ է անում եւ փորձում է նրա հետ կիսել նոր աղետալի փաստաթղթերը ստորագրելու պատասխանատվությունը:

Ողջ օրը եւ աշխարհի բոլոր հարթակներից ազատ ու թափանցիկ ընտրություններից են խոսում, իսկ համայնքներում տեռորի են ենթարկում այն մարդկանց, ովքեր ՔՊ-ին չեն ընտրում, եւ ընտրված համայնքապետերին շարունակում են բանտերում պատանդ պահել: Իսկ սահմաններին կրակում են: Ներքաղաքական այս մթնոլորտում, այսպիսի անհանդուրժող ու ապօրինությունների պատրաստ իշխանությամբ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեզ ուղղված մարտահրավերները, կողմնորոշվել բարեկամների ու թշնամիների հարցում, ճիշտ որոշումներ կայացնել: Եթե դրսի թշնամին ավելի ընդունելի է, քան ժողովրդիդ քվեն ստացած համայնքապետը, ուրեմն դու խախտել ես բոլոր կարմիր գծերը: