Գազի սակագնի հայտի որոշ հիմնավորումներ համոզիչ չեն

Գազի սակագնի հայտի որոշ հիմնավորումներ համոզիչ չեն

Հունվարի 15-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։  «Գազպրոմ Արմենիան» մի քանի հիմնավորումներ էլ է ներկայացրել, որոնք ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է, ինչի համար հանձնաժողովն ունի 80-օրյա ժամկետ։ Գազի սակագնի բարձրացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կառավարության կնքած միջպետական համաձայնագրով՝ ապրիլի 1-ից պետք է Հայաստանին մատակարարվող գազի կալորիականության ճշգրտում տեղի ունենա, այսինքն՝ այժմ նույն գնով 7900 կիլոկալորիայի փոխարեն միջինը 8300 ԿԿ գազ է մատակարարվում մեզ, եւ դա պետք է համապատասխանեցվի իր գնին։

Սակայն, սահմանին գազի գինը չի փոխվում՝ փոխվելու է միայն հայ սպառողների համար, որովհետեւ «Գազպրոմ Արմենիան» կարծում է, որ բավարար շահույթ չի ստանում։ Ի դեպ, անցյալում ճիշտ հակառակն էր լինում՝ գազի գնման գինը բարձրանում էր, այսինքն՝ սահմանի վրա ավելի բարձր գին էր լինում, իսկ սպառողին ավելի ցածր գնով էին մատակարարում, որովհետեւ պետությունը սուբսիդավորում էր այդ տարբերությունը։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին երեկ հարցրինք՝ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հիմնավորումները որքանո՞վ են համոզիչ իրենց համար։

«Հիմա նայում ենք։ Ասենք՝ ո՞ր մասը։ Հիմնավորման մի մասը համոզիչ չէ, մի մասը համոզիչ է, մի մասը ուսումնասիրվում է։ Հայտն ուսումնասիրության փուլում է, հենց որ մենք մեր աշխատանքն ավարտենք, մեզ համար հիմնավորված մասը կհրապարակենք»,-ասաց պարոն Բաղրամյանը։

- Կարո՞ղ եք նախնական ասել՝ որ մասն է համոզիչ, որ մասը՝ ոչ համոզիչ։ Օրինակ՝ կալորիականության հետ կապված հիմնավորումներ են ներկայացրել։

- Կալորիականությունը հիմնավորման հետ կապ չունի, պայմանագիր կա, որտեղ գրված է, որ կալորիան էսքան է դառնալու ապրիլի 1-ից։ Այսինքն՝ էստեղ համոզվել-չհամոզվելու բան չկա։ Եթե չկա միջպետական համաձայնագիր, որն ունի օրենքի ուժ, ու որտեղ ասվի, որ կալորիայի վերահաշվարկ այս տարի կամ այսքան ժամանակահատվածում չի կիրառվում, ուրեմն կա բանաձեւ, կա համապատասխան պայմանագիր, էդտեղ հիմնավորել-չհիմնավորելու հարց չկա։ Դա նույնն է, որ ասենք՝ սահմանին 165 դոլարը հիմնավորվա՞ծ է, թե՞ չէ․ պայմանագրային գին է դա։

- Իսկ այդ կալորիականության ճշգրտումը չի՞ ազդի սպառողներին մատակարարվող գազի գնի վրա։

- Իր մասով միանշանակ կազդի, ո՞նց կարող է չազդել։

- Իսկ ո՞ր մասը համոզիչ չի թվում ձեզ։

- Ծախսերի մաս կա, որը նայում են մերոնք։ Շահագործման-պահպանման ծախսեր պիտի նայեն, 2021 թ․ իրականացված ներդրումները պետք է նայեն, թե ինչքանով են համապատասխանում նախօրոք համաձայնեցված ծրագրին, ինչքանով են փաստացի կատարված, հանձնվա՞ծ է շահագործման, թե՞ չէ․․․ էդպիսի հարցեր կան բազմաթիվ, որոնք նայում են։

- Դուք կարծում եք՝ «Գազպրոմ Արմենիան» իր վիճակը բարելավելու, որոշակի ֆինանսական հարցեր լուծելու համա՞ր է ուզում սակագինը բարձրացնել։

- «Գազպրոմ Արմենիայի» վիճակի բարելավումը իր շահագործման-պահպանման ծախսն ու շահույթ-մաշվածությունն է, էդ մասը ինքը ոնց ստանալու է, էնպես տալու է ռուսական «Գազպրոմին», եթե Դուք նկատի ունեք կալորիան կամ սահմանի գինը։ Դա որեւիցե ձեւ կոնկրետ մեր կամ «Գազպրոմ Արմենիայի» վիճակի հետ կապ չունի, որովհետեւ դա գազի ձեռքբերման պայմանագրի պայմաններն են, որոնք ինքը ոնց վերցնում է, էնպես տալիս է ռուսական «Գազպրոմին»։ Այսինքն՝ իր վիճակի բարելավումը կարող է լինել միայն իր շահագործման-պահպանման ծախսերի, իր շահույթի եւ մաշվածության, այսինքն՝ իր մարժայի փոփոխության արդյունքում։

- Հիմա սակագնի փոփոխության հայտի նպատակը ո՞րն է։

- Նպատակն այն է, որ եթե Դուք մի ապրանքն ավելի թանկ եք սկսում առնել կամ այլ պայմաններով, այդ պայմաններն էլ, բնականաբար, դնում եք իր ինքնարժեքի մեջ, չէ՞։ Հիմա ինքը շարունակում է առնել նույն այդ գազը 165 դոլարով ռուսական ընկերությունից, բայց նաեւ պետք է վճարի ճշգրտող գործակից իր գազի ջերմատվության, այսինքն՝ գազի որակի համար, որը մինչեւ էսօր չի եղել։ Այսինքն՝ կոնկրետ էդ գործոնը ոչ թե «Գազպրոմ Արմենիային» է կոնկրետ մնալու, այլ էդ ապրանքի գինն էդքանով թանկանում է, եթե ինքն ավելի որակյալ ապրանք է ստանալու։

- Այսինքն՝ ավելի թանկ գնով է ձեռք բերելու եւ ավելի որակյալ գազ է ստանալու։

- Եթե գինը նկատի ունեք, ապա գինը նույնն է։ Ինքն ուղղակի պետք է նաեւ ջերմատվության համար ճշգրտող գործակից վճարի։

- Ստացվում է, որ գինը բարձրանում է։

- Եթե գինը բարձրանալու չլիներ, հայտ չէր տա։ Հայտը հենց միտված է դրան, որ ասում է՝ ինձ անհրաժեշտ է գինը բարձրացնել՝ էս-էս հիմնավորումներով։ Հիմա կոնկրետ կալորիայի մասով արդեն խոսեցինք, որ ապրիլի 1-ից արդեն պայմանագրային իրողություն է դա։ Եթե այլ բան պայմանավորված չէ, որ կալորիան չի կիրառվում, դա դեռեւս 2013 թվականին բանաձեւն էդպես է տված։ Ուղղակի մինչեւ այսօր տարբեր համաձայնագրերով միշտ գրվել է՝ էսինչ ամսաթվից էսինչ ամսաթիվը կալորիայի հաշվարկի բանաձեւը չի կիրառվում։ Հիմա էդ ձեւակերպումը չկա, այսինքն՝ ապրիլի 1-ից կալորիայի հաշվարկի ճշգրտումը կիրառվելու է։ Դրա համար էլ հայտ է տրված։

- Եթե կալորիայի ճշգրտման խնդիրը չլիներ, «Գազպրոմ Արմենիան» նորից կարիք կունենա՞ր սակագնի բարձրացման՝ իր մյուս հիմնավորումներով, թե՞ այլեւս կարիք չէր լինի։

- Ենթադրում եմ՝ ոչ, որովհետեւ դրանք էնքան էական չէին։

- Այսինքն՝ այն մյուս հիմնավորումները, որ ասացիք՝ շահագործման-պահպանման ծախսեր, ներդրումներ եւ այլն, դրանք այդքան էլ էական եւ համոզիչ հիմնավորումներ չեն։

- Համոզիչը, տեսեք՝ ներդրումներ 2021 թվականին իրականացրել էինք, էսպես թե էնպես, կարող էր դիմել շահույթի մաշվածության բազան համապատասխան փոփոխության ենթարկելու համար։ Էստեղ ուղղակի ամբողջ հարցն այն է, թե վերջնական սպառողների վրա եթե դա էական ազդեցություն չի ունենում, ինքը կարող է չդիմել ու պահել մյուս տարի։ Այսինքն՝ համենայնդեպս հենց ապրիլի 1-ով հայտ ներկայացնելու խիստ անհրաժեշտություն չէր լինի։