Աշխատանքից գոհն առաջին հերթին բնակիչը պետք է լինի, հետո՝ քաղաքապետը

Աշխատանքից գոհն առաջին հերթին բնակիչը պետք է լինի, հետո՝ քաղաքապետը

Երեւանի քաղաքապետարանից երեկ երկու պաշտոնական հաղորդագրություն տարածեցին․ մեկը՝ որ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության 20 տարվա պետը՝ Ռուզաննա Զաքարյանը։ Եվ երկրորդը՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը, ով հազիվ մեկուկես տարի է աշխատել։ Մենք զրուցեցինք նրա հետ՝ պարզելու, թե որն է եղել  հեռանալու պատճառը։ 

Գեւորգ Բաբայանը սիրով պատասխանեց մեր հարցերին, թեեւ խոսակցության սկզբում նշեց, որ օրերս «հավեսով հոդված» էինք գրել իր մասին։

- Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ։ Նաեւ գրել էիք, որ զբաղվելու եք ազգօգուտ աշխատանքով․ ինչո՞վ եք զբաղվելու։

- Անկեղծ ասած՝ 1 տարի 4 ամիս ժամանակահատվածում ոչ մի օր չեմ գտնվել արձակուրդում, անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին։ Ուստի պատրաստվում եմ մի քիչ հանգստանալ, նոր դրանից հետո մտածեմ, թե ինչ աշխատանքի անցնեմ։ Եվ, միանշանակ, կանցնեմ ազգօգուտ աշխատանքի։

- Դիմում գրելու պատճառը Ձեր չհանգստանա՞լն է։

- Չէ…

- Քաղաքապետի հետ կոնֆլի՞կտ կար։

- Քաղաքապետի հետ բացարձակ կոնֆլիկտ չկար, եւ ես կանգնած եմ թե՛ քաղաքապետի, թե՛ մեր վարչական շրջանի ապագա ղեկավարի ու թե՛ քաղաքային իշխանության կողքը։ Ավելացնեմ, որ քաղաքապետի հետ կոնֆլիկտ չի եղել, բայց․․․ քաղաքապետի հետ երկար խոսակցություն ենք ունեցել, խնդրում եմ՝ այդ խոսակցությունը չվերագրեք վիճաբանության։ Նստել ենք, քննարկել ենք եւ հանգել ենք էն տեսակետին, որ ավելի նպատակահարմար է, որ Թելմանը գա այստեղ։

- Այսինքն, ինչպես հասկացա՝ Ձեր աշխատանքից Մարությանը գոհ չի եղել։

- Չեմ կարող ասել։ Աշխատանքից գոհն առաջին հերթին բնակիչը պետք է լինի, հետո՝ քաղաքապետը։ Ես իմ աշխատանքից չեմ կարող ասել՝ գո՞հ են, թե՞ չէ։

- Բայց ծրագրերը քաղաքապետի հետ համատեղ էիք իրականացնում։

- Քաղաքապետի կողմից մեզ տրված լիազորությունների շրջանակում իրականացրել ենք, բայց, այո, վարչական շրջանի հիմնական աշխատանքները համակարգում էր Երեւանի քաղաքապետարանը։

- Իսկ Ձեր հետագա աշխատանքը կրկին նույն դաշտո՞ւմ եք պատկերացնում։ Ներեցեք, չգիտեմ, թե ինչ մասնագիտություն ունեք։

- Երկու մասնագիտություն ունեմ․ սովորել եմ Պոլիտեխնիկում՝ «Հրատարակչական գործ եւ պոլիգրաֆիա», երկրորդն էլ գրեթե նույն մասնագիտությունն է՝ «Խմբագրական գործ եւ դիզայն»։ Եթե անկեղծ՝ էս պահին չեմ կարող ասել՝ որտեղ, դեռ չեմ էլ մտածում աշխատանքի մասին։

- Ակնկալում եք, որ թիմից աշխատանքի առաջարկնե՞ր կլինեն։

- Որ ասեմ, որ թիմից ինչ-որ մեկի հետ նման հարցերով խոսել եմ, չէ։ Ակնկալիքներն այսպես են․ ես քաղաքական թիմի անդամ եմ, եթե քաղաքական թիմը գտնում է, որ ես էս պահին պետք եմ էսինչ պաշտոնում, ու ես էլ գտնում եմ, որ էդ տեղում կարող եմ ինչ-որ մի լավ բան անել, ապա ես գնում եմ այդ տեղը։ Եթե քաղաքական թիմը 1 օր, 1 տարի, 5 տարի հետո գտնում է, որ պետք է տեղափոխվեմ այնտեղ, ես գնում եմ այնտեղ։ Այսինքն՝ ես շատ ավելի մեծ կարեւորություն եմ տալիս քաղաքական թիմի որոշմանը։

- Ճի՞շտ է, որ Ձեր թաղում Ձեզ անվանում են Բալգարկա Գեւորգ։

- Եթե նկատի ունեք մի քանի ֆեյք քոչարյանական անձանց, ես նման բան լսել եմ մի 2-3  ֆեյսբուքյան հրապարակումներից՝ մի քանի ֆեյք էջերից։ Բայց երբեք նման բան չի եղել։ Որ ասեմ՝ այդ մասնագիտությամբ երբեւէ աշխատել եմ՝ չէ։

ՀԳ․ Կապվեցինք նաեւ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ եւ հարցրինք, թե որն է եղել Բաբայանի հեռացման պատճառը։ Կարապետյանն ասաց․ «Վարչական շրջանի ղեկավարը համայնքային ծառայող չէ, այլ  հայեցողական պաշտոն է, եւ քաղաքապետն ինքն է նշանակում ու ազատում։ Եվ տվյալ դեպքում ու ընդհանրապես, վարչական շրջանի ղեկավարների աշխատանքի արդյունավետության գնահատման արդյունքում մենք ունեցանք էս փոփոխությունը»։

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Գեւորգ Բաբայանը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար: