Թուրքիայի ՊՆ ղեկավարը խորհու՞րդ է տալիս Երևանին, թե՞ սպառնում
«44-օրյա պատերազմում հաղթանակը պատմական հնարավորություն ստեղծեց Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։ Հուսով ենք, որ Երևանն իր քաղաքականությունը կկառուցի հիմնվելով այն բանի վրա, որ հարավկովկասյան տարածաշրջանը ոչ թե հակամարտությունների, այլ բարեկամության և համագործակցության կարիք ունի»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ թուրք նախարարի, պաշտոնական Անկարան ակնկալում է հարաբերությունների արագ կարգավորում Հարավային Կովկասում և հանդես է գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման օգտին, որը կնպաստի տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանի բոլոր պետությունների ու ժողովուրդների բարօրության աճին։
Յաշար Գյուլերը Թուրքիային և Ադրբեջանին անվանել է «եղբայրական պետություններ, որոնք կապված են բարեկամության և միասնության անխզելի կապերով».
«Մեր երկրները պատմության ընթացքում աջակցել են միմյանց՝ կիսելով ողբերգությունների դառնությունն ու հաղթանակների բերկրանքը։ Թուրքիան և Ադրբեջանը խորացնում են կապերը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինտեգրումը ուժեղ գործոն է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար։ Թուրքիայի ուժը Ադրբեջանի ուժն է: Մենք եղել ենք և կլինենք եղբայրական Ադրբեջանի հետ»,- վստահեցրել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։
Կարծիքներ