Անվտանգ հայրենի՞ք, թե՞ ժողովրդի իշխանություն

Անվտանգ հայրենի՞ք, թե՞ ժողովրդի իշխանություն

Եվրոպական ժողովրդավարությունը կյանքի է կոչվել հարյուրամյակների ընթացքում․ մի երկրում՝ երկար, մյուսում՝ համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում: Եվ եթե վերացարկվենք անգլիական պառլամենտարիզմի առաջին փորձերից՝ ժողովրդավարության կայացման եւ ամրապնդման հիմքը եղել է օրինականությունը: Այսօրվա մեր իմացած օրենքին նախորդած իրավական ակտերով է ուշ միջնադարում սահմանվել որեւէ ընտրության մասնակցելու ցենզային իրավունքը: Նոր ժամանակներում այն վերացվել է արդեն օրենքով, որի արդյունքում հանրության բոլոր խավերը ստացել են ընտրելու, իսկ այնուհետեւ՝ նաեւ ընտրվելու իրավունք: Նույնը կարող ենք ասել ընտրելու եւ ընտրվելու կանանց իրավունքի մասին: Բայց նույն եվրոպական երկրներում մեկ-երկու հարյուրամյակ առաջ տեղի են ունեցել նաեւ հեղափոխություններ, որոնց դեպքում գործել է ոչ թե օրենքը, այլ ժողովրդական զանգվածների առաջնորդների կամքը: Այսինքն՝ օրինականությունը ստորադասվել է, այսպես կոչված, հեղափոխական իրավունքին: Ինչ-որ ժամանակ անց դա հաղթահարվել է, եւ օրինականությունը կրկին գրավել է իր տեղը՝ տվյալ երկիրն առաջնորդելով դեպի իրական ժողովրդավարություն: Այսպիսին է նոր ժամանակների պատմական օրինաչափությունը:

«Մերն ուրիշ է» բանաձեւով առաջնորդվող մեր երկրում 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո նիկոլական միանձնյա կառավարումը ներկայացվեց որպես ժողովրդի իշխանություն կամ ժողովրդավարության բաստիոն: 2018-ի դեկտեմբերին այն ամրագրվեց արտահերթ խորհրդարանական ընտրությամբ: Պատերազմում խայտառակ պարտությունից հետո իշխանության դիրքերը սասանվեցին, սակայն երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրության հաղթանակով իշխանությունն ամրապնդեց լեգիտիմությունը: Եվ քանի որ ընդդիմությունը բողոքարկեց ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, իշխանությունը փորձեց հենց այնտեղ հետընտրական լեգիտիմությունն ամրագրել իրավական տեսական դրույթներով:

Կարծում եմ, որ այդ գաղափարը Փաշինյանին ներկայացվեց նախկին ընդդիմադիր փաստաբան եւ, ըստ էության, Փաշինյանի կողմից ՍԴ դատավոր կարգված Վահե Գրիգորյանը: Վերջինս, ինչպես մամուլն էր հաղորդում, վերջերս անընդհատ հանդիպել է Փաշինյանի հետ, ենթադրաբար՝ մշակելով ՍԴ-ում իշխանամետ դատավորների վարքագծի, ինչպես նաեւ առաջ քաշված նպատակի իրականացման մարտավարությունը: 

Վ. Գրիգորյանի գաղափարի իրականացման համար ընտրվել էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի (առաջին հերթին) եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի հետ հարցուպատասխանի ձեւաչափը: Նույն վերնագրով նախորդ հոդվածում անդրադարձել եմ Վ. Գրիգորյանի առաջին երկու գաղափարներին: Առաջինն այն հարցն էր, թե սահմանադրական երեք սկզբունքներից՝ օրինականություն, մարդու իրավունքների պաշտպանություն եւ ժողովրդավարություն, որն է առաջնայինը:

Բնականաբար, Փաշինյանի աջակցի միտումը հստակ էր՝ առաջինը պետք է ստորադասվեր վերջին երկուսին, ինչը, իհարկե, հերքվեց հիմնավոր փաստարկներով: Երկրորդ հարցը վերաբերում էր այն հանգամանքին, թե ժողովրդի կողմից անմիջականորեն ընտրված վարչապետը հրաժարական ներկայացնելու դեպքում ինչու չպետք է շարունակեր պաշտոնավարել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: Դա եւս արժանացավ առաջինի ճակատագրին: 

Վ. Գրիգորյանի առաջ քաշած երրորդ գաղափարը երկրի ղեկավարի պաշտոնավարման անընդհատության խնդիրն էր, որը, նրա կարծիքով, կյանքի էր կոչվել նախկինների օրոք, եւ այն վկայում էր մեզանում քաղաքական առաջադիմական մշակույթի ձեւավորման մասին: Միաժամանակ պնդում արվեց, որ այդ հարցում միշտ եղել է իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնություն: Իհարկե, երրորդ գաղափարն էլ արժանացավ առաջին երկուսի ճակատագրին: Ինչ մնում է այդ հարցում իշխանության եւ ընդդիմության փոխհամաձայնությանը, ապա, որպես նախկինների նկատմամբ ընդդիմադիր, կարող եմ վկայել, որ նման փոխհամաձայնություն բացարձակ չի եղել:

Համենայնդեպս, ՀՀ նախագահի մի քանի ընտրությունների ընթացքում բազմաթիվ հրապարակային ելույթներում քննադատվել է այն հանգամանքը, թե ինչու պետք է գործող նախագահը մնա իր պաշտոնում՝ դրանով ի պաշտոնե առավելություն ստանալով ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ: Եվ, բնականաբար, օգտագործի պետության ողջ վարչական ռեսուրսը:

Ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի դեպքի, նախկինում օրենսդրորեն հստակ ամրագրված էր իր պաշտոնում մնալու՝ երկրի ղեկավարի իրավունքը: 

Ինչպես երեւում է, ընտրական ավանդույթը, որքան էլ նախկինում այն խաթարվեր ընտրակեղծարարությամբ, չէր պարունակում այն ասպեկտները, որ փորձում էր դրան վերագրել ընդդիմադիր նախկին փաստաբանը՝ փորձելով արդարացնել Փաշինյանի կողմից օրենսդրական դրույթների կամայական մեկնաբանությունները: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ որքան էլ միանձնյա իշխանություն ունեցող Փաշինյանը փորձի ժողովրդավարության պաշտպանության անվան ներքո օրինականությունը տեսականորեն ստորադասել ժողովրդավարությանը, դա բացարձակ հնարավոր չէ: Ճիշտ է, գործնականում ժամանակավորապես դա իրեն հաջողվում է, եւ այն քննադատության չի արժանանում միջազգային (արեւմտյան) հանրության կողմից: Սակայն վաղ թե ուշ Փաշինյանը կկորցնի նաեւ այդ լռելյայն աջակցությունը, եթե, իհարկե, նրան հաջողվի երկար ժամանակ մնալ իր պաշտոնին:

Եվ երրորդ՝ խայտառակ պարտությունից հետո երկրի ներսում ով չէր ալարում, խոսում էր Փաշինյանին հեռացնելու զուտ սահմանադրական եղանակի անհրաժեշտությունից, իսկ այսօր վերջինս Սահմանադրական դատարանի միջոցով փորձում է սահմանադրականորեն հիմնավորել անօրինականությունը: Եվ դա այն է, ինչ պետք է ընկալվի բոլոր նորմալ եւ գրագետ անձանց կողմից՝ ընդդիմությանը սահմանադրական ճանապարհով պարտություններ, իշխանությանը՝ սեփական երկրի նկատմամբ ապօրինի հաղթանակի սահմանադրական հիմնավորումներ: