Գեղարվեստական տպագրությունը Հայաստանի համար կարող է դառնալ վարկանիշային

Գեղարվեստական տպագրությունը Հայաստանի համար կարող է դառնալ վարկանիշային

2020թ․ աշնանը «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը կազդարարի Գեղարվեստական տպագրության 3-րդ միջազգային բիենալեն, որի բուն մեկնարկը` բացման արարողությունը, տեղի կունենա 2021թ․ աշնանը: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանի դիտարկմամբ, թեպետ բիենալեն ենթադրում է 2 տարին մեկ հաճախականություն, բայց միայն բացման արարողությունն է 2 տարին մեկ լինում, ինքնին, բիենալեն անընդմեջ եւ ծավալուն գործընթաց է: 

- Հայաստանի Հանրապետությունում, ինչպես անկախությունից առաջ, այնպես էլ հետո, սա երեւանյան միակ բիենալն է: Հայաստանում առաջին անգամ բիենալե եղել է Գյումրում` 88-89թթ․, բայց դա եղել է ժամանակակից արվեստի բիենալե, եւ, ցավոք, ելնելով աշխատանքի ծավալից, Գյումրու բիենալեն այլեւս գոյություն չունի, որովհետեւ բիենալեն ենթադրում է ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետության մեծ աջակցություն: Մեր հասարակությունն ունի նաեւ կրթական խնդիր, որովհետեւ, երբ ասում ենք բիենալե, բոլորը պատկերացնում են Վենետիկը, ու որ միայն այնտեղ կարող է լինել բիենալե: Վենետիկի բիենալեի հաջողության գրավականը, որ մինչեւ այսօր գոյություն ունի, այն է, որ պետությունը եւ քաղաքն ապրում են այդ բիենալեով: Ավելին` մի տարի լինում է ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալե, հաջորդ տարի` ճարտարապետության բիենալե, որոնք տեւում են կես տարի: Այսինքն՝ քաղաքը հասկացել է․ որպեսզի ունենա զբոսաշրջիկների, արվեստագետների հոսք եւ դրանից տնտեսական շահույթ ստանա, ամեն տարի նախաձեռնել է բիենալե, որի շրջանակներում ապահովում է նաեւ մշակութային տուրիզմ: 

Երբ 2017թ․ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը կազմակերպեց առաջին երեւանյան բիենալեն, միայն աշխատանքային պրոցեսի ընթացքում հասկացանք, թե ինչ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա, չկար որեւէ մեկը, որին կարողանայինք դիմել ինչ-որ հարցով, բայց այսօր արդեն հպարտ ենք այդ քայլով, որովհետեւ երբ նախաձեռնեցինք 2-րդ բիենալեն, հասկացանք, որ այդ ամբողջ ուժը, եռանդը, որ ներդրել ենք, ստանում է իր հետադարձ ուժը, եւ եթե առաջին բիենալեին գրանցվել էր 995 արվեստագետ` 76 երկրից, ապա 2-րդ բիենալեին գրանցվել էր 1227 արվեստագետ` 78 երկրից: Մեզ համար առաջնային կարեւոր նպատակներից էր այն, որ ՀՀ-ն դառնա տարածաշրջանում ժամանակակից արվեստի կենտրոն: Եվ ուսումնասիրելով դաշտը՝ պարզեցինք, որ մեր հարեւան երկրներից ոչ մեկը չունի գեղարվեստական տպագրության բիենալե: Ժամանակին Թուրքիայում է եղել, բայց ոչ այսպիսի ծավալով: Ի ուրախություն մեզ եւ մեր երկրի, երեւանյան բիենալեին գրանցվեցին ինչպես թուրք, այնպես էլ ադրբեջանցի արվեստագետներ: 3 ադրբեջանցի արվեստագետները, որոնք ներկայացել էին հետաքրքիր աշխատանքներով, գուցե քաղաքական նկատառումներից ելնելով՝ չուղարկեցին իրենց աշխատանքները, բայց մենք ցուցադրեցինք 4 թուրք արվեստագետների գործեր եւ մեկ անգամ եւս համոզվեցինք, որ մշակույթն ու արվեստն այն լեզուն են, որոնց միջոցով կարող ենք մեր հարեւանների հետ սերտ կապեր հաստատել: 

- Երեւանյան բիենալեն, արձանագրելով նման արդյունքներ, որքանո՞վ է խթանել գեղարվեստական տպագրության հայկական դպրոցը:

- Դա մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որովհետեւ, եթե առաջին բիենալեի ընթացքում ունեինք 13 հայ արվեստագետ, ապա 2-րդի դեպքում Հայաստանը գրանցված արվեստագետների քանակով 3-րդ տեղում էր. ավելի քան 30 արվեստագետ էր գրանցվել, այդ թվում՝ սփյուռքից: Իսկ 2017-ից մինչ օրս, դրա մասին փաստում են նաեւ գեղարվեստի ակադեմիայի դասախոսները, ավելացել է նաեւ գեղարվեստական տպագրության ֆակուլտետ դիմող ուսանողների քանակը, նաեւ այն ուսանողների թիվը, որոնք դրսում հնարավորություններ են փնտրում՝ միջազգային վարպետների հետ աշխատելու: Դրա համար 2-րդ բիենալեի շրջանակներում որոշեցինք 2 վարպետության դասընթաց անցկացնել: 

- Իսկ մրցանակակիրների շարքում կա՞ն հայ արվեստագետներ:

- Առաջին բիենալեի ժամանակ Արման Վահանյանը ստացավ 3-րդ մրցանակը, այս տարի գլխավոր մրցանակակիրների մեջ հայ չունեինք, բայց Մերի Անդրեասյանը ստացավ պատվոգիր, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր հատուկ մրցանակը շնորհեց նորից Արման Վահանյանին` գեղարվեստական տպագրության բիենալեի կայացման գործում իր ավանդի համար: Ես ուզում եմ նշել նաեւ ժյուրիի կարծիքը, ում խոսքերով` այս տարի անհավանական է հայ արվեստագետների աճը եւ մասնագիտական հմտությունների որակական փոփոխությունը:

- Գեղարվեստական տպագրությունը՝ որպես արվեստի ճյուղ, որքանո՞վ է պահանջված եւ բացի հեղինակությունից ի՞նչ է տալիս պետությանը ու հենց իրենց` արվեստագետներին: 

- Գեղարվեստական տպագրությունն ինքնին այնպիսի ոլորտ է, որտեղ գեղանկարչական եւ գրաֆիկական ունակությունները համատեղվում են, եւ դրանից ստեղծվում է մի նոր արվեստի գործ: Գեղարվեստական տպագրությունը փոխում է արվեստագետի աշխարհընկալումն ու մտածելակերպը: Եթե գեղանկարչությունը ենթադրում է միայն վրձնի, յուղաներկի, գուաշի հնարավորություն, ապա գեղարվեստական տպագրության ոլորտում բազմաթիվ տեխնիկաներ կան, որի միջոցով մարդ կարող է ինքնադրսեւորվել, եւ այդ հաստոցները, որոնք անհրաժեշտ են այդպիսի գործեր ստեղծելու համար, նույնպես լրացուցիչ հնարավորություն են ընձեռում՝ քայլելու այսօրվա տեխնիկական եւ տնտեսական զարգացմանը համընթաց: Ինչ խոսք, գեղարվեստական տպագրության ոլորտը, ինչպես ցանկացած արվեստ, ունի իր նեղ հավաքորդների, արվեստագետների շրջանակը, բայց, հավատացեք, այսօր չկա որեւէ զարգացած երկիր, որը չունենա իր տպագրական բիենալեն, այսինքն, լինելով նեղ արվեստի ճյուղ, միաժամանակ այն պետության կողմից դիտարկվում է որպես անհրաժեշտություն, որպեսզի համախմբի տարբեր երկրների մարդկանց այդ բիենալեի շուրջ: Ու եթե գեղանկարչական գործերը ձեռք են բերում բարձր գներով, ապա գեղարվեստական տպագրության ոլորտը թույլ է տալիս շատ ավելի նվազ գումարով ձեռք բերել արվեստի գործ, որից ընդամենը մի քանի օրինակ է լինում, այսինքն՝ բնօրինակը մեկ հատ չէ, որովհետեւ տպագրական հնարավորությունն ընձեռում է մի քանի թերթ տպել, ըստ այդմ՝ առաջին եւ հինգերորդ թերթը որեւէ բանով չեն տարբերվում իրարից եւ հավասարապես դիտարկվում են որպես բնօրինակ: Օրինակ, կարելի է 150 եվրոյով ձեռք բերել տեխնիկապես եւ գաղափարապես հոյակապ արված արվեստի գործ: Սարյանը, Մինասը, Գառզուն, Ժանսեմը, Եղիշե Թադեւոսյանը, Էդգար Շահինը եւ էլի շատերն օգտագործել են այդ տեխնիկան, այլ բան է, որ սա պահանջում է ավելի շատ աշխատանք եւ համբերություն: Հետո՝ Խորհրդային Միության ժամանակ այդ ճյուղը շատ զարգացած էր Հայաստանում, որովհետեւ պետությունն արվեստագետների համար հոգում էր հաստոցների ձեռքբերումը, իսկ հիմա ոչ բոլորն ունեն հնարավորություն՝ այդ հաստոցներն ու նյութերը ձեռք բերելու: Այսօր Հայաստանում գոյություն ունի 2 այդպիսի արվեստանոց: Գեղարվեստական տպագրությունն այն ոլորտն է, որ կարող է դառնալ Հայաստանի համար վարկանիշային: Ինձ համար այսօր 3 երկիր կա, որոնք առաջատար են այս ոլորտում․ դա Չինաստանն է, Լեհաստանը եւ Իրանը, որոնք ունեն փայլուն վարպետներ, որ անհավանական բարձունքների են հասել, եւ մեզ համար ուրախալի է, որ այդ վարպետներից շատերն իրենց աշխատանքներն ուղարկել էին երեւանյան բիենալեին: 

- Ընդհանրապես, պետությունն ինչպե՞ս կարող է ճիշտ կողմնորոշվել եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս կամ այն նախաձեռնությանը, լինի դա փերֆորմանս, փառատոն, թե բիենալե, որովհետեւ վերջին ամիսներին այս կամ այն նախաձեռնության հետ կապված՝ աղմուկներ շատ եղան: 

- Ելնելով այդ խնդրահարույց դեպքերից՝ նախարարությունը ճիշտ ձեւաչափ մշակեց. բացի նրանից, որ առաջին փուլում հանձնում ենք թղթային առաջարկը, հետո, երկրորդ փուլում հարցազրույց ենք անցնում` բանավոր պատմելով, ներկայացնելով նախագիծը, գովազդային փաթեթի առկայությամբ, որից հետո հարցեր են տրվում հանձնաժողովի կողմից: Այդ անմիջական շփումը շատ կարեւոր է, հատկապես որ հանձնախմբում մասնագետներ են նստած: Պետք է նաեւ նշեմ, որ ակտիվությունն էլ է մեծացել, որովհետեւ այսօր չունենք որեւէ այլ կառույց, որն աջակցի մշակույթին: Իմ ցանկությունն է, որ բացի այս դրամաշնորհային ծրագրերից, նույն նախարարությունը հետամուտ լիներ լայնածավալ եւ պետական մակարդակի կարեւոր նախագծերի նախաձեռնմանն ու իրականացմանը, այսինքն՝ դրամաշնորհային ծրագրերն էլի կարող են գործել, բայց նախարարությունը պետք է կարողանա ձեւավորել պետական մակարդակի իր նախագծերը: 

- Եվ այստեղ է նաեւ, որ երեւում են պետության մշակութային ուղենիշները, քաղաքականությունը:

- Անպայման, շատ կարեւոր է ձեւակերպել հստակ մշակութային քաղաքականություն, պետությունը պետք է ունենա իր առաջնայնությունները, որ պետության կողմից աջակցություն են ստանում այս-այս կարեւորության նախաձեռնությունները: Պետությունը պետք է այդ նշաձողն անպայման սահմանի, եւ հասարակությունն էլ պետք է իմանա, որ այս նախագիծը դեռ բավարար չէ, որ ստանա պետական աջակցություն: Միայն հստակեցման դեպքում կարող է արվեստի եւ մշակույթի ոլորտում առաջընթաց գրանցվել, կան նախաձեռնություններ, որոնք պետության դեմքը, վարկանիշը ձեւավորող նախագծեր են: Մենք պետք է կարողանանք համակարգված աշխատել, Գերմանիան ինչո՞ւ է հասել այդ մակարդակին, որովհետեւ, ելնելով գերմանական հստակ համակարգվածությունից, գիտեն՝ անցած տարի ինչ բացթողումներ են ունեցել, եւ հաջորդ տարվա պլանավորումը ելնում է անցյալ տարվա բացթողումներից: