Տերմինաբանական տարակարծությունը Մոսկվա-Թեհրան հարաբերություններում տհաճ դրվագի պատճառ է դարձել

Տերմինաբանական տարակարծությունը Մոսկվա-Թեհրան հարաբերություններում տհաճ դրվագի պատճառ է դարձել

Նախօրեին բավական հետաքրքիր եւ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Մոսկվա-Թեհրան հարաբերություններում։ Մասնավորապես պաշտոնական Թեհրանը ՌԴ ԱԳ նախարարություն էր ուղարկել բողոքի նոտա առ այն, որ ՌԴ ԱԳՆ արաբալեզու բլոգում հրապարակված հայտարարության մեջ տեղ էր գտել «Արաբական ծոց» արտահայտությունը, մինչդեռ ընդունված է ասել Պարսից ծոց։

IRNA-ն հաղորդում է, որ Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ դա առաջացրել է Թեհրանի դժգոհությունը։ Իսկ թվիթերյան գրառման մեջ մասնավորապես ասված է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հանդիպել է Իրաքի դեսպան Աբդերհամեն Հույսենիի հետ եւ կողմերը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը, Սիրիային եւ Արաբական ծոցի իրադրությանը։

Ի դեպ, տերմինաբանության մասով, պատմականորեն Իրանական բարձրավանդակն ու Արաբական թերակղզին իրարից բաժանող ակվատարածքը կոչվում է Պարսից ծոց, սակայն 1960-ական թթ, այն սկսել են անվանել նաեւ Արաբական ծոց, կամ պարզապես «Ծոց»։ Իրանը պնդում է, որ այն պետք է կոչվի «Պարսից ծոց»։